Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մեկնարկել է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ: Մինչև 2025 թվականը յուրաքանչյուր նորածնի օգտին 4.70 ԱՄՆ դոլար ներդրման արդյունքում կարող է գրանցվել 300 բիլիոն ԱՄՆ դոլար տնտեսական շահ, փաստում է ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի նոր ուսումնասիրությունը: 

 

 

Ըստ «Կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը» զեկույցի, որտեղ ընդգրկված են 194 երկրներ, վեց ամսականից ցածր երեխաների միայն 40 տոկոսն է կերակրվում բացառապես կրծքով (այսինքն՝ սնվում միմյայն կրծքի կաթով), մինչդեռ միայն 23 երկրում է կրծքով կերակրման ցուցանիշը 60 տոկոսից բարձր:

 

Փաստերը ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը թե՛ նորածնի և թե՛ մոր առողջության և իմացական զարգացման համար օգուտներ ունի: Այն հատկապես կարևոր է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, քանի որ օգնում է կանխել լուծն ու թոքաբորբը՝ մանկական մահացության երկու հիմնական պատճառները: Կրծքով կերակրող մայրերի մոտ ձվարանների և կրծքի քաղցկեղի՝ կանանց մահացության երկու առաջատար պատճառների ռիսկը նվազում է:

 

«Կրծքով կերակրման շնորհիվ երեխաներն ունենում են կյանքի հնարավորինս լավ սկիզբ», – ասում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն բժ. Տեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը: «Կրծքի կաթը կարծես թե երեխայի առաջին պատվաստումը լինի, քանի որ այն պաշտպանում է մանուկներին մահացու վարակներից և նրանց տրամադրում սնուցում, որն անհրաժեշտ է գոյատևելու և զարգացման համար»:

 

 

Ըստ «Կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը» զեկույցի՝

 

  • Աշխարհի միայն 23 երկրներում են բացառապես կրծքով կերակրման մակարդակները գերազանցում 60 տոկոսը։
  • Երկրների ընդամենը մոտ 10 տոկոսն է տրամադրում հղիության ու ծննդաբերության վճարովի արձակուրդ առնվազն 18 շաբաթ տևողությամբ՝ երաշխավորելով վճարում այն ժամանակ, երբ կինը կվերադառնա աշխատանքի։
  • Աշխարհի 81 երկիր չի տրամադրում հղիության ու ծննդաբերության՝ նույնիսկ 14 շաբաթ տևողությամբ արձակուրդ։
  • Երեխաների մեծամասնությունը չի ծնվում այնպիսի հաստատություններում, որոնք համապատասխանում են կրծքով կերակրմանն աջակցության՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտներին։
  • Կրծքով կերակրումը նպաստում է կանանց մոտ կրծքի և ձվարանների քաղցկեղի ռիսկերի նվազեցմանը. կրծքով կերակրման օպտիմալ պրակտիկան ամեն տարի կարող է հանգեցնել կրծքի քաղցկեղի հետևանքով կանանց մահացության դեպքերի կրճատում 20,000-ով։

 

Կրծքով կերակրումը յուրաքանչյուր երեխայի համար կյանքի ամենաառողջ մեկնարկի ապահովման՝ կենսական կարևորություն ունեցող բաղադրիչներից է։ Այն նորածնի առաջին պատվաստումն է և սնուցման լավագույն աղբյուրը։ Այն կարող է խթանել ուղեղի զարգացումը և առաջիկա 10 տարվա ընթացքում փրկել 520,000 երեխայի կյանք։

 

 

Սակայն կրծքով կերակրումը պարզապես մեկ կնոջ անելիք չէ։ Այն պահանջում է խրախուսում և աջակցություն բանիմաց խորհրդատուների, ընտանիքի անդամների, առողջապահական ծառայություններ մատուցողների, գործատուների, քաղաքականություն մշակողների և այլոց կողմից։

 

 

Երեխաների և պետությունների համար կրծքով կերակրման օգուտներն առավելագույնս քաղելու համար կառավարությունները և դոնոր կազմակերպությունները պիտի գործեն միասնաբար։ Առաջիկա 10 տարիների ընթացքում տարեկան 570 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելով՝ կառավարությունները, դոնոր կազմակերպությունները և գործընկերները կարող են օգնել, որպեսզի բացառապես կրծքով կերակրման մակարդակը հասցվի առնվազն 50 տոկոսի։

 

Կփրկվի հինգ տարեկանից ցածր 520,000 երեխայի կյանք

 

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա (օգոստոսի 1-7-ը) սկզբին ցուցանիշի հետ մեկտեղ հրապարակվել է նոր ուսումնասիրություն (Nurturing the Health and Wealth of Nations: The Investment Case for Breastfeeding) , ըստ որի՝ յուրաքանչյուր նորածնի օգտին տարեկան անհրաժեշտ է ընդամենը 4.70 ԱՄՆ դոլարի ներդում, որպեսզի մինչև 2025 թվականը վեց ամսականից ցածր երեխաների շրջանում բացառապես կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը հասնի 50 տոկոսի:

 

«Սնուցելով ազգերի առողջությունն ու բարեկեցությունը. կրծքով կերակրման օգտին ներդրման փաստարկը» ուսումնասիրությունն առաջարկում է, որ այս թիրախին հասնելու շնորհիվ կփրկվի հինգ տարեկանից ցածր 520,000 երեխայի կյանք և 10 տարվա ընթացքում կստեղծի 300 բիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական շահ, քանի որ կկրճատվի հիվանդությունների թիվը, պահանջվող առողջապահական ծախսերը և կբարձրանա արդյունավետությունը:

 

«Կրծքով կերակումն ամենաարդյունավետ, այդ թվում նաև ծախսաարդյունավետ, ներդրումներից մեկն է, որը յուրաքանչյուր երկիր կարող է կատարել իր ամենափոքրիկ անդամների և տնտեսության ու հասարակության ապագա առողջության օգտին», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը: «Կրծքով կերակրման օգտին ներդրում չկատարելով մենք վնասում ենք մայրերին ու նրանց մանուկներին, այդպիսով վճարելով կրկնակի գին՝ ի դեմս կորած կյանքերի և բաց թողնված հնարավորությունների»:

 

Համաշխարհային առումով կրծքով կերակրման օգտին ներդրումը չափազանց ցածր է: Ամեն տարի ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրների կառավարությունները կրծքով կերակրման ծրագրերի վրա ծախսում են մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ դոնոր կազմակերպությունները տրամադրում են լրացուցիչ 85 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ է անում երկրներին.

 

  • Ավելացնել ֆինանսավորումը հօգուտ ծննդից մինչև երկու տարեկանը կրծքով կերակրման ցուցանիշների աճի:
  • Լիովին իրականացնել «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի» և Առողջապահության համաշխարհային ասամբլեայի համապատասխան որոշումները՝ իրավական խիստ գործիքների միջոցով, որոնք հարկադիր կկատարվեն: Այդ թվում անկախ կազմակերպությունների կողմից կիրականացվի մշտադիտարկում։
  • Մշակել վճարովի ընտանեկան արձակուրդի և աշխատավայրում կրծքով կերակրման քաղաքականություն, հիմնված Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ մայրության պաշտպանության ուղեցույցի վրա, որը նաև ընդգրկում է զբաղվածության ոչ ֆորմալ հատվածը։
  • Ծննդատներում իրականացնել «Կրծքով հաջող կերակրման 10 քայլերը» ծրագիրը, ներառյալ կրծքի կաթի տրամադրումը հիվանդ և խոցելի նորածիններին։
  • Բարելավել կրծքով կերակրման մասնագիտական խորհրդատվության հասանելիությունը առողջապահական հաստատություններում։
  • Ամրացնել առողջապահական հաստատություն – համայնք կապը և խրախուսել համայնքում առկա ցանցերը, որոնք պաշտպանում, խթանում և աջակցում են կրծքով կերակրմանը։
  • Ամրապնդել մշտադիտարկման համակարգերը, որոնք արձանագրում են կրծքով կերակրման ազգային և գլոբալ թիրախներին ուղղված առաջընթացը։

 

Կրծքով կերակրումը կարևոր է Կայուն զարգացման տարբեր նպատակների իրականացման գործում: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ2), կանխում մանկական մահացությունն ու նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ3) և նպաստում է իմացական զարգացմանն ու կրթությանը (ԿԶՆ4): Կրծքով կերակրումը նաև կարող է նպաստել աղքատության վերացմանը՝ խթանելով տնտեսական աճն ու կրճատելով անհավասարությունները:

 

 

Իրավիճակը Հայաստանում՝

 

Ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-2016թ.) արդյունքների Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45 տոկոսը, որը բարձր է նախորդ՝ 2010թ. հետազոտության արդյունքից (34.6 տոկոս): Չնայած վերջին տասնամյակում գրանցվել է դրական միտում (2000թ.-ին՝ 30 տոկոս, 2005թ.-ին՝ 32.5 տոկոս, 2010թ.-ին՝ 34.6 տոկոս), հայաստանյան ցուցանիշը դեռ չի հատել միջազգայնորեն ընդունված 60 տոկոսի շեմը:

 

2000թ. ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում են մի շարք ծրագրեր՝ ուղղված կրծքով կերակրման խթանմանը: Այս տարի Երևանում բացվել է ծննդատան տարածքում գործող կրծքով կերակրման առաջին խորհրդատվական սենյակը

 

Նախորդ տարիներին իրականացվել են մի շարք վերապատրաստումներ և տեղեկատվական միջոցառումներ ինչպես բուժ աշխատողների, այնպես էլ հղի կանանց և մայրիկների համար: Մայրիկները հաճախ բարձրաձայնում են հայերեն լեզվով վստահելի տեղեկատվության պակասը, որպես կրծքով կերակրմանը խոչընդոտող հանգամանք: Այդ իսկ պատճառում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է մի շարք տեղեկատվական նյութեր, որոնք հասանելի են առցանց՝ http://1000.nutrition.am/  կայքում:

 

Այս տարի նաև թողարկվել է հատուկ DVD սկավառակ՝ նվիրված ԿԿ խնդիրների հաղթահարմանը: Սկավառակում տեղ են գտել թվով ութը տեսանյութեր, որոնք անդրադառնում են մի շարք խնդիրների պարզաբանմանը՝ դիրքերին, կթելու կանոններին, կաթի կանգ, մաստիտ, ճաքեր և այլն: Տեսանյութերը նույնպես հասանելի են այստեղ:

 

 

Ամռան ամիսներին DVD սկավառակները տրամադրվել են հղի կանանց և մայրիկներին Երևանի, Կապանի, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Գավառի, Սևանի, Ալավերդիի և այլ քաղաքների ԲԿ-ներում ու մանկական պոլիկլինիկաներում:

 

 

Ս.թ. օգոստոսի 4-ին սկավառակները կտրամադրվեն Դալմա Գարդեն մոլի այցելու մայրիկներին, իսկ օգոստոսի 5-ին՝ Երևան մոլի այցելուներին: Երկու մոլում էլ գործում են հատուկ տարածքներ, որտեղ մայրիկները կարող են հանգիստ միջավայրում կերակրել իրենց փոքրիկներին:

 

Ըստ Յունիսեֆ-ի հայաստանյան գրասենյակի   հաղորդագրության

 

 

Ծանոթացեք  կրծքով կերակրման  մասին  ՄԱԿ-ի նյութերի հետ. 

 

Всемирная неделя грудного вскармливания

 

До рождения вашего ребенка

После рождения вашего ребенка

Перед возвращением домой

Что могут сделать матери

Что могут сделать отцы

Что могут сделать члены семьи и друзья

Что можно сделать на рабочем месте

 

 

Դիտումների քանակը` 451

Վերադառնալ վերև