Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մեկնարկեց «Կարող ենք միասին» քարոզարշավը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ հուլիսի 18-ին Պողոսյան պարտեզներում մեկնարկեց hաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը: «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավի նպատակն է խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը Հայաստանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի զարգացման գործում:

 

 

Միջոցառումը, որին մասնակցում էին ավելի քան 300 հոգի, այդ թվում` ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, երեխաների իրավունքների պաշտպանության և կրթության ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունից, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ ու նրանց ծնողները, բաց էր բոլոր ցանկացողների համար: Էքսպո տարածքում մասնակիցները ծանոթացան արշավի գործընկեր մի շարք հասարակական կազմակերպությունների (Հույսի Կամուրջ,  Ունիսոն, Փյունիկ, Հայկական Կարիտաս,  Երեխայի զարգացման  միջազգային կենտրոն, Հայմայրեր,  Վորլդ Վիժն,  Հայաստանի մանուկներ  հիմնադրամ,  Սեյվ դը չիլդրեն,Փրկություն, Երևանի կենդանաբանական այգի) գործունեությանն ու ծառայություններին, որոնք տրամադրում են հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին:

 

Բացելով միջոցառումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը կարևորեց համայնքային առօրյա կյանքում հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը, ինչպես նաև համախմբված աջակցության տրամադրման դերը երեխաների կողմից հնարավորությունների իրացման գործոմ:

 

«Հայաստանը ձեռնամուխ է եղել երեխաների սոցիալական պաշտպանության համակարգի վերակազմավորման գործընթացին: Այս համատեքստում հատկապես կարևոր է դարձել երաշխավորել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները ճանաչված և պաշտպանված լինեն: Մենք մեկնարկել ենք «Կարող ենք միասին» արշավը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և ոլորտի այլ գործընկերներին՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթություն ստանալու և համայնքներում ներառվելու հավասար հնարավորություններ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

 

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանըներկայացրեց կրթության ոլորտի բարեփոխումները և մշակված քաղաքականությունը, ինչպես նաև ներառական կրթության ոլորտում առաջիկայում ակնկալվող փոփոխությունները: «Առանձնահատուկ կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպումը պետության ուշադրության կենտրոնում է: Այսօր 139 ներառական դպրոցներում կրթությունն են ստանում շուրջ 2700 երեխա և այդ թիվը գնալով աճում է»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:

 

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանըանդրադարձավ Հայաստանի կրթական քաղաքականության մեջ ներառական կրթության զարգացման ընթացքին և կիսվեց իր փորձով` որպես Հայաստանի առաջին ներառական դպրոցի տնօրեն:

 

Խոսնակներից յուրաքանչյուրը բեմ բարձրացավ հաշմանդամություն ունեցող երեխայի ուղեկցությամբ, ովքեր խոսեցին իրենց երազանքների մասին: Գյումրիից տասնամյա Արտյոմ Հովհաննիսյանը, ով ունի մանկական ուղեղային կաթված, ասաց, որ երազում է ունենալ իր սեփական համակարգիչը և դառնալ ծրագրավորող:

 

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեցին երեխաների համար կազմակերպված տարբեր խաղեր և տիկնիկային ներկայացումներ՝ ծաղրածուների, ձեռնածուների ու հեքիաթների հերոսների մասնակցությամբ, որի ավարտին մասնակիցները երկինք բաց թողեցին երեխաների գրած երազանքներով լի փուչիկները:

 

Հաջորդ ութ ամիսների ընթացքում «Կարող ենք միասին» արշավի շրջանակներում կիրականացվեն տարաբնույթ հանրային միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ ուշադրության մեծացմանը և հասակակիցների հետ նրանց շփման խթանմանը, լուսաբանումներ` ուղղված դպրոցում և այլ ոլորտներում հաշմանդամություն ունեցող երեխաների հաջողությունների վերհանմանը, ինչպես նաև հանդիպումներ թիրախային խմբերի հետ` խթանելու ներառման արժեքների ընդունումը կյանքի տարբեր բնագավառներում` ընտանիքից մինչև համայնքային կյանք և աշխատավայր: Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է նպաստել հանրակրթական դպրոց հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչպես նաև Հայաստանում ներառական դպրոցների թվերի աճին:

 

Ըստ ՄԱԿի մանկական հիմնադրամի հաղորդագրության 

 

Դիտումների քանակը` 2357

Վերադառնալ վերև