Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԻՊ. սոցիալական մեդիայում վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության աճ է արձանագրվել

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկումը վկայում է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի, անհանդուրժողականության աճի մասին:

 

Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունն արժանանում է անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ մեկնաբանությունն արվում է՝ միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով:

 

Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը, քանի որ սոցիալական ցանցերի օգտատերերի ու հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի գրառումներում առկա են արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ ու գրառումներ՝ ուղղված լրագրողներին: Դիտարկումն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերի օգտատերերն իրեն գրառումներում թիրախավորում են հարցազրույց կամ այլ նյութ հրապարակած լրագրողին՝ նույնացնելով նրան հարցազրույց տվողի կամ այլ նյութի հեղինակի հետ:

 

Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդու արժանապատվության լիարժեք պաշտպանությունը: Արժանապատվությունը մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, անօտարելի է մարդուց:

 

Նկարագրված իրավիճակում կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը:

 

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է  հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող ցանկացած մեկնաբանություն՝անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:

 

Աղբյուրը՝ ՄԻՊ գրասենյակ

 

Դիտումների քանակը` 76

Վերադառնալ վերև