Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ. Ինչպես օգտագործել սփյուռքի և միգրանտների ներուժը առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու համար

Այս հարցն էր քննարկվում փետրվարի 3-ին  Երևանում տեղի ունեցած  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ սփյուռքի նախարարության և «Առաքելություն Արևելք» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովում: Ներկայացվեցին   սփյուռքի ներգրավման նորարարական մոտեցումները, ինչպես նաև դրամական փոխանցումների հնարավոր օգտագործումն երեխաներին առնչվող ոլորտներում: Համաժողովին ներկա էին կառավարական և սփյուռքի հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» ծրագրի շրջանակներում:

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նա կարևորեց նման ձևաչափի համաժողովի կազմակերպումը և նշեց, որ այն տարբեր երկրների փորձը յուրացնելու և Հայաստան-Սփյուռք գործակցությունը կատարելագործելու, սփյուռքի ներուժը ի շահ հայրենիքի զարգացման առավել արդյունավետ կերպով կիրառելու հնարավորություն է ընձեռում:

 

Սփյուռքի նախարարը մասնավորապես ասաց,- «Ուզում եմ այս հրաշալի նախաձեռնության համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, Եվրոպական միության պատվիրակությանը, «Առաքելություն-Արևելք» կազմակերպությանը, որոնց ջանքերի շնորհիվ սփյուռք ունեցող երկրների միջև կայանում է միջմշակութային երկխոսություն, ստեղծվում է փոխճանաչողության, գիտելիքների ու հմտությունների, փորձի փոխանակման բացառիկ հարթակ, փոխառնչությունների ուրույն միջավայր: Վստահ եմ, որ համաժողովը կընթանա ակտիվ, կառուցողական քննարկումների և փորձի խելամիտ, ստեղծագործական յուրացման, նորարարական մոտեցումների դրսևորման մթնոլորտում»:

 

Մասնակիցները քննարկեցին սփյուռքի և միգրանտների՝ Հայաստանում սոցիալական ոլորտի զարգացմանը և առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու ներուժը՝ երեխաներին առնչվող բարեփոխումների ոլորտում: «Սփյուռքահայերը և սփյուռքի կազմակերպությունները կարող են նշանակալի դեր ունենալ դարպասապահ մեխանիզմների հզորացման գործում, ինչպիսիք են ցերեկային խնամքի կենտրոնները, ինչպես նաև խոցելի ընտանիքների համար նոր սոցիալական ծառայություների տրամադրման, երեխաների այլընտրանքային ընտանեկան խնամքի ծառայությունների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հետագա զարգացման գործում; նպաստել կրթության և առողջապահության ոլորտներում գերազանցության ծրագրերին: Այս բոլոր ոլորտներում օժանդակությունը ոչ միայն կարևոր է, այլ առավել արդյունավետ է աղքատության նվազեցման և հատկապես մանկական աղքատության տեսանկյունից»,-ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

 

Համաժողովին զեկույցով հանդես եկան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից հրավիրված երկու միջազգային առաջատար փորձագետներ: Պրն. Քինգսլի Այքինսը, ով գլխավորում է իռլանդական Diaspora Matters ընկերությունը, ներկայացրեց սփյուռքի ներգրավվածության Իռլանդիայի բացառիկ հիբրիդային հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափը, որը թույլ է տալիս օգտագործել Սփյուռքի ներուժը բիզնեսի զարգացման, աշխատատեղերի ստեղծման, տեղական զարգացման և այլ ոլորտներում, որոնք ազդեցություն ունեն երեխաներին առնչվող սոցիալական ոլորտների վրա: Հայաստանյան համատեքստում, սփյուռքի ներգրավման այս երկկողմանի մոտեցումը պահանջում է սփյուռքի հասկացության վերանայում, մասնավորապես դրա նշանակության և ներգրավման ձևաչափերի:

 

Տկն. Քեթլին Նյուլեդը, ով վաշինգտոնյան Migration Policy Institute–ի համահիմնադիրն է, ներկայացրեց դրամական փոխանցումների հնարավոր օգտագործման տարբեր եղանակները՝ ուղղված երեխաների բարեկեցությանը, այդ թվում՝ ուղղակի ֆինանսավորումը, ֆինանսական գործիքների և ծառայությունների կիրառումը և սոցիալական ցանցերի օգտագործումը՝ խթանելու ներդրումները երեխաների համար: Տկն. Նյուլենդը նաև խոսեց Հայաստանում նախածննդյան խնամքի, վաղ մանկական կրթության և առողջապահության ոլորտներում դրամական միջոցների օգտագործման հնարավոր փոխակերպման վերաբերյալ:

 

«Մինչդեռ սփյուռքի և միգրանտների դրամական փոխանցումները կարևոր գործոն են ապահովելու առավել խոցելի ընտանիքներին, դրանք հաճախ օգտագործվում են սպառման մեջ և նյութական ներդրում տեղի չի ունենում: Նշանակալի է, որ այս ներդրումները, որոնք կազմում են Հայաստատի ՀՆԱ-ի 20%-ը օգտագործվում են առավել արդյունավետ՝ նպաստելով աճին, սոցիալ-տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և ներազդում են առավել խոցելի երեխաների և ընտանիքների կեցությանը»,- ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. պրն. Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

 

Այցի շրջանակներում երկու բանախոսները անց են կացրել սփյուռքի ներգրավման ռազմավարությունների վերաբերյալ դասընթաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար, որտեղ քննարկվել են պրակտիկ կիրառման խնդիրները: Թեմատիկ քննարկումներ են անցկացվել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի Ուսուցման և հետազոտական կենտրոնի անդամների և երկրում գործող մի շարք այլ շահագրգիռ կողմերի համար:
Բանախոսների այցը կազմակերպված էր ի շարունակություն ավելի վաղ հայաստանյան պատվիրակության այցի Իռլանդիա, 2015 թ. հոկտեմբերին, ուսումնասիրելու սփյուռքի ներգրավման իռլանդական փորձը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել միգրանտների և սփյուռքի ֆինանսական և մտավոր ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն ի շահ իրենց համայնքների և երեխաների:

 

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ Հայաստանում

 

Դիտումների քանակը` 2134

Վերադառնալ վերև