Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նաիրա Բաբայան. « Ցավի տերն ավելի լավ գիտի վերքի տեղն ու դարմանը»

 Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանն իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Ավագանու անդամի 10 տեղի համար առաջադրվել է 14 թեկնածու: Նրանցից միայն մեկն է կին:

 

 

Բաբայան Նաիրան շեշտում է, որ սկզբնական շրջանում իր թեկնածությունն առաջադրել էր առավելապես դպրոցի եւ կրթական հարցեր բարձրացնելու եւ դրանց համար լուծման ուղիները գտնելու ու մշակելու:

 

 

«Սակայն ավելի ուշ հասկացա, որ իրավունք չունեմ միայն կրթական խնդիրների մասին բարձրաձայնել, որովհետեւ գյուղում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնք պետք է վերհանել, անընդհատ հիշեցնել, ստիպել, որպեսզի դրանք լուծվեն»,- ասում է նա` հավելելով, որ մարդկանց  հետ աշխատանքից չի վախենում:

 

 

«Անհնար է լինել դպրոցի տնօրեն ու չլինել ակտիվ, չշփվել մարդկանց հետ, չզրուցել: Այդ զրույցների ժամանակ բնականաբար շոշափվում են նաեւ սոցիալական խնդիրներ:  Մտածում եմ, որ ավագանու անդամ լինելն ուղղակի որոշակի հարցեր լուծելու հնարավորություն կտա ինձ, քանի որ համայնքի ներսում կուտակված խնդիրները ոչ ոք ինձանից ավելի լավ չգիտի եւ առավել հոգատարությամբ դրանք չի լուծի, որքան ես: Մի համարեք սա մեծամտություն, բայց ցավի տերն ավելի լավ գիտի վերքի տեղն ու դարմանը, քան կողքինը: Մեր գյուղում կենցաղային լուրջ խնդիրներ չկան, ջրի կամ գազի պրոբլեմ չունենք, միակ խնդիրը աշխատատեղերի պակասն է, որ մարդիկ աշխատանք չգտնելով գնում են գյուղից: Դա պետք է կարողանանք լուծել: Աղբահանության հարց կա, տանիքներն են կաթում: Գյուղապետն էլ մտահոգ մարդ է, սակայն նա մենակ չի կարող ոչինչ լուծել, նրան թիմ է անհրաժեշտ, լավ ու խելացի մարդկանցից բաղկացած, քանի որ միայնակ մարդը չի կարող որեւէ բան լուծել»:

 

 

Տիկին Բաբայանը պատմում է, որ ընտանիքում վաղուց սովորել են իր ակտիվությանը. ամուսինն ու երեք զավակներն էլ աջակցում են, խորհուրդ տալիս:

 

 

«Ինձ համար պատասխանատվություն կրելը դարձել է բնավորություն, ես մտածում եմ, որ առանց աշխատանք կատարելու, առանց հանրօգուտ գործունեության, չեմ կարող: Դա դարձել է կենսակերպ, բնավորության գիծ: Դա է պատճառը, որ երբ տանն ասացի, որ ցանկանում եմ առաջադրել թեկնածությունս ոչ միայն չզարմացան, այլեւ ասացին` կողքիդ կանգնած ենք»:

 

Ավագանու թեկնածուի գլխավոր մտահոգություններից մեկն էլ գյուղում մանկապարտեզի բացակայությունն  է: 4000 բնակիչ ունեցող գյուղը նախակրթարան չունի:

 

«Բնականաբար դա միայն ավագանին կամ գյուղախետը չի կարող լուծել, սակայն հարցի բարձրաձայնումից հետո պետք է ծրագիր մշակենք, դոնորներ հրավիրենք, որպեսզի կարողանանք այս հարցին լուծում գտնել»,  – ասում է նա:

 

Հասմիկ  Հարությունյան

Գեղաշեն-Երեւան

 

 

 

Դիտումների քանակը` 4675

Վերադառնալ վերև