Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նաիրա Զոհրաբյան. «Միանշանակ պաշտպանելու ենք, որ 30/70 համամասնությունը ամրագրող դրույթը 2017-ից ուժի մեջ մտնի»

Ազգային ժողովի  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ ստացել եւ միանշանակ պաշտպանելու է  Գենդերային  թեմատիկ խմբի առաջարկը՝  Ընտրական օրենսգրքում  ամրագրված 30-անոց քվոտան 2017-ից ուժի մեջ մտնի:  Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն սատարելու  է  այդ առաջարկին.

 

«Հայտնի է, որ քննարկումներն Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների հետ  դեռ շարունակվում են, չնայած օրենսգիրքն արդեն  ընդունվել է, բայց մենք շարունակում ենք դրանք, որպեսզի հանգենք ընդհանուր կոնսենսուսի մի քանի հարցերի շուրջ: Եվ ես ոչ միայն չեմ բացառում, այլև վստահ եմ, որ սեպտեմբերին որոշակի լրացումներ եւ փոփոխություններ  կլինեն օրենսգրքում, որովհետև կարծես թե նշմարվում է ընդդիմության և իշխանության միջև կոնսենսուսը», – ասաց  պատգամավորը, նշելով, որ, ի թիվս այլ հարցերի, որոնք կբարձրաձայնվեն այդ գործընթացի շրջանակում, ԲՀԿ-ն կպնդի, որպեսզի կուսակցությունների ցուցակներում սեռերի հարաբերակցությունը 30/70 ամրագրող դրույթը ուժի մեջ մտնի  ոչ թե 2022 թվականից, ինչպես ներկայումս է ընդունվել, այլ հենց  2017 թվականից:

 

Միևնույն ժամանակ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ  պաշտպանելով այդ առաջարկը, նա մնում է իր մինչ այդ հնչեցված կարծիքին.

 

«Ես մնում եմ այն սկզբունքի կողմնակիցը, որ մեզ համար կարևորը պրոֆեսիոնալիզմն է: Ես չեմ ցանկանում բացարձակապես վիրավորել այսօր խորհրդարանում աշխատող որևէ կնոջ, առավել ևս, որ նրանք բոլորը, վստահաբարա կարող եմ ասել, շատ ավելի պատրաստված են, քան ԱԺ-ում աշխատող բազմաթիվ տղամարդիկ: Բայց լինենք անկեղծ՝ բոլորի դեպքում չէ, որ մենք կարող ենք ասել՝ այս կինը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, խորհրդարանական է: Ինձ համար առաջին տեղում պրոֆեսիոնալիզմն է, հետո նոր՝ գենդերային բալանսը»,- հավելեց ԲՀԿ ղեկավարը:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 1384

Վերադառնալ վերև