Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նաիրա Միքայելյան: «Ուզում եմ  հավատալ, որ  իմ ոտնահարված աշխատանքային  իրավունքը կվերականգնվի»

Սյունիքի  մարզի  հեռավոր Բարձրավան  գյուղի  խնդիրներից ամենամտահոգիչը  դպրոցի  անմխիթար վիճակն ու նրանում տիրող անառողջ  մթնոլորտն է: Դպրոցում սովորում է  ընդամենը  հինգ աշակերտ՝ 2-րդ,  3-րդ, 4-րդ և 10-րդ  դասարաններում,  դասավանդում է թվով 15 ուսուցիչ: Հեռավոր  համայնքի դպրոցում աշխատանքային  իրավունքների անտեղյակությունն ու անձնական շահերով առաջնորդվելը հանգեցրել է անօրինության այդ ուսուցիչներից մեկի նկատմամբ: 

 

Դեռ երեք  տարի առաջ Բարձրավանի դպրոցի  տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը ժամանակավոր ուսուցչի  կարգավիճակով 9,25  դասաժամով Նաիրա Միքայելյանին ընդունում է աշխատանքի որպես  ռուսաց լեզու,  ֆրանսերեն և  քիմիա առարկաների ուսուցչուհի:

Այնուհետև 2016թ.  դպրոցում  ուսուցչի թափուր  տեղի  համար հայտարարված  մրցույթում Նաիրան  հաղթահարելով անցողիկ շեմը իրավունք է  ստանում  զբաղեցնելու ուսուցչի  օգնականի հաստիքն ու ռուսաց  լեզու և  ֆրանսերեն առարկաների  դասաժամերը՝ 13,25  ընդհանուր դասաժամով,  ինչը   համարվում է կես  դրույքային  միավոր: Նաիրան սոցիալական փաթեթի շրջանակներում իրեն հասանելիք հանգստից  օգտվելու  խնդրանքով  դիմում է տնօրենին, սակայն  վերջինս պատասխանում է, թե այն  ձեռք  բերելու համար  պետք է  նույն  ծանրաբեռնվածությամբ աշխատի  ևս  վեց ամիս: Նաիրա Միքայելյանը նման  պատասխան է  ստանում  նաև  Սյունիքի  մարզպետարանի կրթության  բաժնից, որտեղ  դիմել էր խնդիրը  պարզաբանելու  ակնկալիքով: Դպրոցի  տնօրենը գլխացավանքից ազատվելու  նպատակով Նաիրային ազատում է աշխատանքից ուսուցչի  օգնականի  հաստիքի  կրճատման և  բանավոր պայմանագրի ժամկետը լրանալու  պատճառաբանությամբ: Նաիրայի  հետևողական պայքարի  արդյունքում  պարզվում է, որ  նա համարվում է աշխատանքի  մեջ, թեև  նրա փոխարեն  տնօրենն աշխատաքնի  էր  ընդունել  մեկ ուրիշի:

 

-Տնօրենն ինձ ազատել է աշխատանքից, առանց  իմ  դիմումի, ես դիմում չեմ գրել, ծանուցագրում  նշվել է, որ իբրև  լուծվել է  բանավոր աշխատանքային  պայմանագիրը, ինչն անօրինական է, քանի որ  նման  պայմանագիր  գոյություն  չունի: Ու՞մ  հայտնի  չէ, որ  պայմանագիրը  լինում է  գրավոր: Ես դիմել եմ մարզպետարան, որտեղից  ինձ  պատասխանել են, որ  ես  հիմա էլ համարվում եմ աշխատանքի  մեջ,-  ասում է Նաիրան:

 

Էդիկ Հովհաննիսյանը    մեզ  հետ  հեռախոսազրույցում  խոստովանեց, որ ուսուցչին աշխատանքից ազատել է բանավոր պայմանագրի  լուծման  պատճառաբանությամբ,  ինչն իր  կողմից եղել է սխալ  և որի  համար մարզպետարանի  համապատասխան  բաժնից  ստացել է  նկատողություն: 

 

Նաիրան աշխատանքի  վերականգնման  հեռանկարով դիմել է Հայաստանի  կրթության  և  գիտության  նախարարություն, որտեղից  պատասխանել են, որ Սյունիքի  մարզպետարանի  կրթության,  մշակույթի  և սպորտի վարչությունում  իրականացված  ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նաիրան չունի  մասնագիտական  որակավորում: -Ես ավարտել եմ Գորիսի  պետական   համալսարանի տարրական  կրթություն ,  մանկավարժություն  և մեթոդիկա  ֆակուլտետը  և նույն  բաժնի  մագիստրատուրան, ունեմ  երկու  դիպլոմ  մանկավարժի  որակավորմամբ: Այս քաշքշուկից եկել եմ այն  եզարհանգման, որ իմ դիպլոմների տվյալները  մարզպետարանի  կրթության  բաժնի  տվյալների  բազայում գրանցված է ոչ  թե  իմ, այլ  մեկ ուրիշի անունով: Դարձյալ դիմել եմ ԿԳ  նախարարությանը, պատասխանում  նշված էր, քանի որ խնդիրը դուրս է նախարարության  լիազորությունների շրջանակից, ուստի այն  հասցեագրվում է ՀՀ ոստիկանությանը, որն էլ  իր հերթին գործը  հանձնարարում է Գորիսի  ոստիկանական  բաժնին: Այստեղից  ինձ պատասխանում են, թե  իրենց  հավաքած  փաստարկներում  հանցագործության  տարր չկա: Բայց  մի՞թե աշխատանքից անօրինական ազատումը  կամ թե սոցիալական  փաթեթի  յուրացումն անօրինականություն  չէ: Բազմիցս  մարզպետարանում  հայտարարել եմ, որ  իմ  դիպլոմների  տվյալները  գրանցել են  այլ անձանց  անունով,  եթե ես  զրպարտում եմ,  ինչո՞ւ  ինձ  պատասխանատվության  չեն  ենթարկում օրենքի սահմաններում:

 

Երկու տարի ձգձգվող այս  խնդրին  տեղյակ է եղել  նաև  նախկին  մարզպետ Վահե Հակոբյանը,  սակայն առ այսօր 29-ամյա Նարինե Միքայելյանի  գործի  հանգուցալուծումը տեսանելի չէ: Սակայն  նա  ուզում է  հավատալ, որ  իր ոտնահարված աշխատանքային  իրավունքը կվերականգնվի, քանի որ դիմել է ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, մեծ  հույսեր է  կապում  նաև Սյունիքի  նորանշանակ  մարզպետ Հունան Պողոսյանի հետ:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 352

Վերադառնալ վերև