Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նաիրա Նահապետյան. «Կարծում եմ, Երևանը շատ հարմարավետ քաղաք է դառնում»

 

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցում է 195 անձից կազմված ցուցակով։ Ընտրական ցուցակի 12-րդ հորիզոնականում է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, որի հետ WomenNet.am-ը զրուցել է  ավագանու  արածի ու չարածի, ինչպես նաև անելիքների մասին։

 

Ի՞նչ տրամադրվածությամբ եք մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։

-Շատ հաղթական տրամադրվածություն ունենք, որովհետև շատ կատարած աշխատանք ունենք։ 2013-17 թ.թ.  այն ծրագրերը, որոնք նախատեսված են եղել մեր քաղաքապետի ու մեր կուսակցության կողմից իրականացվել են ամբողջովին։ Ունենք բավականին բարդ, մեծ ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել 2017-22 թվականներին, ու պետք է իրականացնենք այդ ծրագրերը՝  պարզերես մնալով երևանցիների առաջ ։ Ամենաբարդ հարցը, որը ծառացած է մեր առջև, տրանսպորտի խնդիրն է։ Վերջին երկու տարիներին մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել միջազգային խորհրդատուների հետ, որոնք հունիսին կներկայացնեն Երևանի տրանսպորտի զարգացման տեսլականը։ Այնուհետև կհայտարարվի մրցույթ ու մրցույթում հաղթած օպերատորը կսկսի ոլորտի բարեփոխումը։

 

Երևանի տրանսպորտի հարցը մշտապես չլուծվող հարցերից է, և երևանցին արդեն հույս էլ չունի, որ ոլորտը կկարգավորվի։

 

-Արդեն լուծվող է հարց է։ Տարբեր եվրոպական մայրաքաղաքների փորձը ցույց տվեց, որ տրանսպորտային ոլորտը պետք է համակարգված լինի։ Պետք է փոխվի ուղևորահոսքը, շարժակազմը, ուղևորատոմսերի համակարգ, պետք է հաշվարկել՝ որտեղ են լինելու կանգառները, ինչ հեռավորության վրա։ Այսինքն՝ պետք է համակարգային ծրագիր, որի վրա բրիտանացի խորհրդատուներն աշխատում են ու շուտով կներկայացնեն ծրագրային փաթեթը։ 

 

Արդյոք կատարվելիք փոփոխությունները ենթադրո՞ւմ են ուղեվարձի թանկացում։

 

-Ոչ։ Միանշանակ ոչ։ Կլինի միասնական քարտային համակարգ, որը հարմար կլինի բոլորի ու մատչելի կլինի և սոցիալապես անապահովների, և թոշակառուների, և ուսանողների համար։

 

Ձեր թիմը նախորդ ընտրություններում խոստանում էր ավելի բարեկարգ, հարմար Երևան։ Ի՞նչ եք կարծում, ստացվե՞ց կատարել երևանցիներին տված ձեր խոստումը։

 

-Ես կարծում եմ, որ երևանցիները տեսնում են ամեն ինչ։ Մենք նախորդ տարիների ընթացքում միայն 1600 բակային տարածք ենք վերանորոգել, երեխաների համար խաղահրապարակներ և մոտ 30 մինի ֆուտբոլային դաշտեր են ստեղծվել։ Դուք տեսնում եք, որ Երևանը զարգանում է, բացվեցին նոր ճանապարհներ, բեռնաթափվեց կենտրոնը։ Ունենք բեռնաթափման հետ կապված ծրագրեր, նոր ճանապարհների ստեղծում, վերգետնյա անցումներ են լինելու։ Նոր թեքահարթակներ են լինելու։ Կարծում եմ, Երևանը շատ հարմարավետ քաղաք է դառնում և երևանցիների, և զբոսաշրջիկների համար։ Մենք հեղափոխական փոփոխություններ ենք առաջարկում տրանսպորտի ոլորտում, վերելակային տնտեսության, բնակֆոնդի բարեկարգման մեջ և իհարկե, մեր նպատակն է Երևանը դարձնել գրավիչ քաղաք զբոսաշրջիկների համար։

 

սում եք ամեն ինչ լավ է, բայց մարդիկ ունեն դժգոհություններ …

 

-Ես չեմ ասում ամեն ինչ լավ է, իհարկե, կան խնդիրներ։ Օրինակ, վերելակային տնտեսությունը, տրանսպորտային ոլորտը և այլն։ Ամենակարևորը՝ Երևան քաղաքը շնչող օրգանիզմ է, այսինքն՝ եթե դուք այսօր վերանորոգում եք տանիք, չի նշանակում, որ երկու տարի հետո չպետք է վերանորոգեք, կրկին պետք է վերանորոգվի։ Մեր հպարտությունը, իհարկե, մանկապարտեզներն են, որ ամբողջովին անվճար են, վերանորոգված են, ամբողջովին ջեռուցված են։ Անցյալ տարվա վերջում բոլոր մանկապարտեզները երեսուն հազար երեխայի համար ձեռք բերեցին գույք։

 

Բայց, միևնույնն է, կան խնդիրներ, օրինակ՝ շատ ծնողներ հերթագրում են ու կարող է տարիներով իրենց հերթը չհասնի։

 

-Հերթագրում են, որովհետև եթե առաջներում մի ընտանիքից ֆինանսական խնդիրների պատճառով մեկ երեխա էին բերում մանկապարտեզ, ապա անվճար դառնալուց հետո մի ընտանիքից միանգամից երեք երեխա են  բերում։ Ունենք շենքային խնդիրներ, այսինքն՝ պետք է կառուցվեն մանկապարտեզների նոր շենքեր։ Ես չեմ կարող ասել, որ բոլոր վարչական տարածքներում են հերթեր գոյացել։ Հերթեր են Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում, որտեղ մարդիկ աշխատում են ու երեխային տանում են մոտակա մանկապարտեզ։ Դրա հետ կապված ունենք ծրագիր կառուցել նոր մանկապարտեզներ, որ կարողանանք բեռնաթափել։ Մենք բարեկիրթ դարձանք՝ հերթագրվում ենք։ Այն ժամանակ ով ծանոթ ուներ, կարողանում էր շուտ տանել երեխային։ Ես գիտեմ դեպքեր, երբ ամուսնանում են, հղիանում են ու գնում են հերթագրվում են մանկապարտեզում։ Պրոբլեմները շատ-շատ են, ոչ ոք չի ասում, թե դրանք չկան։
Շատ են դժգոհությունները նաև Երևանի արտաքին տեսքի հետ կապված. ընդդիմախոսները պնդում են, թե քաղաքում զարդարանքն անճաշակ է

 

-Ամեն մեկն ունի իր ճաշակը։ Մենք սահմանափակվում ենք մրցույթում ընտրված միջազգային կազմակերպությունների արած առաջարկներով։ Երևանը ձևավորվում է բավականին գեղեցիկ, այսինքն՝ չեմ կարող ասել՝ ինչ-որ անհատի ճաշակ է։ Այդ ամենն անում է միջազգային կազմակերպություն։ Չեմ կարծում եմ, որ նրանց ճաշակը վատն է։

 

մեռային ամիսներին քաղաքային իշխանությունը փորձություններին չի դիմանում ու անընդհատ քննադատությունների թիրախում է։ Այս տարի դարձյալ նույնն էր՝ սառցակալած մայթեր, կոտրվածք ստացած քաղաքացիներ։ Ինչո՞ւ է այդպես լինում։

 

-Այս տարի, իսկապես, սաստիկ ձմեռ էր։ Բայց չի կարելի համեմատել այս տարվա ձմեռը նախորդ տարվա ձմռան հետ, որովհետև նախորդ տարի ավելի վատ էին ձնամաքրման աշխատանքները։ «Սանիտեք» կազմակերպությունը, որը միջազգային կազմակերպություն է, այս տարի ավելի պրոֆեսիոնալ էր անում իր գործը։ Այսօր այդ կազմակերպությունը փակում է ամբողջ Երևան քաղաքը, և ես կարող եմ փաստել, որ սանմաքրման աշխատանքները բավականին հաջող են ընթանում։ Այս տարի բավականին ծանր ձմեռային ամիսներին «Սանիտեք»-ը կարողացավ ինչ-որ կերպ լուծել խնդիրը։ Ես կարծում եմ, որ մյուս տարի իրենք ավելի պատրաստված կլինեն տեխնիկայով։

 

Ձեր  համամասնական  ցուցակը, կարծես թե էական փոփոխություն չի կրել նախորդ ընտրություններում ներկայացված ցուցակի համեմատ։

 

-Մեր 195 հոգանոց ցուցակում 43 տոկոսը երիտասարդներ են, բայց սկզբնական կորիզը, իհարկե, մնացել է, որովհետև նրանք մեր մշակութային ոլորտի ներկայացուցիչներն են, Երևանի պատվավոր քաղաքացիները, որոնք բավականին մեծ լումա ունեն Երևանի զարգացման մեջ ու լավ գիտեն քաղաքը։

 

Ի տարբերություն Ձեր մրցակից քաղաքական ուժերի, կանանց ներկայացվածությունը  ցուցակում  օրենքով ամրագրված մինիմալ շեմի  սահմաններում  է:  Ի՞նչ կասեք այդ մասին։

-Մենք օրենքի պահանջը  պահել ենք, այսինքն՝ ամեն չորրորդը մեզ մոտ կին է, երիտասարդ  աղջիկներ կան  ներգրավված։ Մեր կին թեկնածուները  երիտասարդ պրոֆեսիոնալներ են։ Ողջունելի է, թող գան, կարծում եմ՝ հետաքրքիր մրցակցություն կլինի։ Շատ ուրախ կլինենք իրենց տեսնել քաղաքապետարանում։

 

Առաջին անգամ կին է հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին։

-Զարուհի Փոստանջյա՞նը։ Շատ ողջունելի է։

 

Չունե՞ք մտավախություններ, որ կին թեկնածուն կհաջողի։

-Չեմ կարող ասել, որովհետև կարծում եմ, որ իրենք բավականին շատ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են և չեմ պատկերացնում իրենց ներկայությունը քաղաքային տնտեսության մեջ, որովհետև քաղաքն, առաջին հերթին,  տնտեսություն է ։ Քաղաքականությունը լրիվ այլ ոլորտ է։ Իրենք շատ լավ նայվում են քաղաքականության մեջ, Ազգային ժողովում։ Բայց երևի թե կընտելանան ու մեզ հետ միասին կամաց-կամաց կսկսեն աշխատել։

 

Այսինքն՝ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չե՞ն։

-Միանշանակ ուզում եմ ասել, որ սա քաղաքային ընտրություններ են։ Պետք է մարդ, մենեջեր, որը կզարգացնի քաղաքը։ Սրանք քաղաքական ընտրություններ չեն։

 

Հասմիկ Հայրապետյան

Դիտումների քանակը` 881

Վերադառնալ վերև