Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

Այս շաբաթ  կայացած Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում պատգամավորները քննարկեցին nւ  առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեցին   «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նպատակ ունի ապահովել մանկահասակ երեխա ունեցող մայրերի համար հնարավորինս շուտ աշխատանքի վերադառնալու հնարավորությունը՝ օգնելով նրանց կազմակերպել երեխայի խնամքը դայակի միջոցով: Նախագծի ընդունմամբ մայրը  դառնում է  գործատու եւ ստանում պետությունից  իր կողմից դայակին  տրված գումարի 50 տոկոսի չափով փոխհատուցումը:

 

 

Օրինագծի ներկայացման ժամանակ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ ամբիոնից մեկ անգամ էլ պարզաբանեց , որ նախագծով առաջարկում են համապատասխան կարգ սահմանել, ըստ որի՝ մայրը, ով  գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի կազմակերպման համար, որպես գործատու, կարող է աշխատանքի վերցնել դայակի, ում աշխատավարձի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է) կփոխհատուցի պետությունը: Դա ենթադրում է, որ դայակի հետ անպայման պետք է պայմանագիր կնքվի:

 

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախարարին հարց ուղղելիս նախ ասաց, որ մշտական հանձնաժողովում հարցի քննարկումը բավականին ուրախ տրամադրությամբ ընթացավ, քանի որ մայրերին ինչ-որ օգնություն պետք է տրամադրվի: «Սակայն պարզվեց հարցը երկակի բնույթ ունի, քանի որ խնդիր է ծագում դայակներին հարկային դաշտ բերելու հետ կապված: Որպեսզի մայրը հիմնավորի, որ ինքը գումար է վճարում  դայակի ծառայության համար, այդ ծառայությունը պետք է համապատասխան ձևով ձևակերպված լինի, ինչը հասկանալի է: Ուզում եմ հասկանալ՝ մեր առաջնային մտահոգությունը ո՞րն է՝ դայակներին հարկե՞լը, թե մայրերին օգնելը: Ես կուզենայի այս հարցի՝ ոչ հաճելի երեսին անդրադառնալ, քանի որ հաճելի մասն արդեն պարզ և հանրահայտ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

Նախարարն ի պատասխան հավաստիացրեց, որ օրինագծի հետ կապված  ոչ հաճելի մաս չկա. «Մենք խնդիր չենք դրել հարկային դաշտ բերել դայակներին, քանի որ նախագիծը քաղաքացուն առաջարկում է կամավոր ընդգրկվել այս ծրագրում: Այսինքն՝ եթե քաղաքացին ցանկություն ունի աշխատանքի վերադառնալ և իր աշխատանքի վերադառնալուն  խոչընդոտում է երեխայի խնամքի  հետ կապված  խնդիրը, ապա պետությունը պատրաստ է  նրան ձեռք մեկնել: Ու եթե կինն  այս ծրագրով տեսնի  իր խնդրի լուծումը, ապա  նա կմասնակցի ծրագրին: Եթե չի տեսնի խնդրի լուծումը կամ պայմանները  չեն բավարարի, բնականաբար, չի մասնակցի»:

 

 

Հարակից զեկուցող, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ դայակի աշխատավարձը որոշողը պետությունը չէ. «Կառավարությունն ասում է՝ եթե դու դայակի հետ պայմանագիր ունես և նրան վճարում ես աշխատավարձ, ապա դրա կեսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձը, կարող եմ ֆինանսավորել»:

 

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Իսայանը  հետաքրքրվեց, թե ինչպես է  հարկվելու այդ գումարը՝  պետության տված 55 հազար դրամի՞ց, թե՞ նաև ծնողի տված գումարից:  Հակոբ Հակոբյաի պարզաբանմամբ,  նվազագույն աշխատավարձը հարկվում է, բայց հարկը վճարում է գործատուն (այս դեպքում մայրը): Նվազագույնից բարձր աշխատավարձի հարկման դեպքում կրկին վճարում է գործատուն կամ անձը: Հետևաբար, ցանկացած աշխատավարձ՝ նվազագույն և նվազագույնից բարձր հարկվում է : Օրինակ, եթե դայակը ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, ապա հարկը՝ 25 հազար դրամը, վճարելու է ինքը կամ գործատուն՝ մայրը, ով  25 հազարը վճարելուց հետո պետությունից կստանա 55 հազար դրամ փոխհատուցում»,-ասաց Հակոբ Հակոբյանը:

«Այդ դեպքում չկա՞ մտավախություն, որ թե դայակը, թե ծնողը չեն ցանկանա հարկային դաշտ մտնել»,- հարցրեց Շաքե Իսայանը:  Հակոբ Հակոբյանն էլ նկատեց. «Եթե ազնիվ լինենք, աշխարհի բոլոր գործատուները չեն ուզում հարկային դաշտ մտնել, ուրեմն պետք է  գտնել նրանց հարկային դաշտ բերելու ճանապարհը»:

 

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ  նախագիծը  կնպաստի նաև ժողովրդագրական հիմնախդիրների  լուծմանը, քանի որ աշխատանքը եւ ծնող լինելը համատեղելու հնարավորություն է ստեղծում մայրերի համար, իսկ դա ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Նրա խոսքով, զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ավելի բարձր է այն երկրներում,  որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է եւ որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչեւ երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում: Նախագիծը նաևւ կնպաստի  նախադպրոցական կրթության ցանցի հաստատությունների ավելացմանը, հավաստագրված դայակների ինստիտուտի կողմից երեխաների խնամքի կազմակերպմանը, տարեցների զբաղվածության խնդրի մեղմանը:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 212

Վերադառնալ վերև