Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նանսենյան անձնագրով փրկված ընտանիքը

Նազար  և Աննա Ջանիկյանների համար Նանսենյան  անձնագիրը մի  լուսատու լապտեր էր,  որով հարյուր հազարավորների թվում փրկվեց նաեւ նրանց  ընտանիքը…

 

WomenNet-ի  հետ զրույցում Նազար և Աննա  Ջանիկյանների կրտսեր որդին`արձակագիր, հրապարակախոս  և թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը պատմեց մորական  պապի` Գրիգոր Միսակյանի մեծ գերդաստանի պատմությունը: Գրիգոր աղան գեղեցկուհի կնոջ և երեք դստրերի հետ Ռոդոսթոյից  աքսորվում է Ռագա /Դեյր Զոր/, սակայն որոշ ժամանակ անց դարձյալ վերադառնում է Ռոդոսթո: Գրիգորի մորը` Աննային, որն այդ  ժամանակ  5 տարեկան աղջնակ էր, մի արաբ  ցանկանում է  որդեգրել, հույսով, որ աղջիկը  տարիների ընթացքում  կմոռանա ազգությունն ու հավատը, սակայն Գրիգոր աղան ոսկով փրկագնում է դստերը: Վերականգնելով ավերված տունը, Գրիգոր աղան ընտանիքի հետ ապրում է Ռոդոսթոյում մինչև չարաբաստիկ 1922 թվականը, երբ Թուրքական  Հանրապետության  հիմնադիր և առաջին  նախագահ Քեմալ Աթաթուրքը  պարտադրում է Հայոց Ցեղասպանությունից  փրկված և  թուրքահպատակ տարածքներում ապրող  հայերին փոխել ազգությունը կամ  հեռանալ երկրից: Հայերն  ընտրում են երկրորդը:

 

-Այս պատմությունն  իր գրքում ներկայացրել է  նաև Շառլ Ազնավուրի քույրը` Աիդան, թե իրենց  ընտանիքն ինչպես հեռացավ Ստամբուլից և Նանսենյան  անձնագրի  շնորհիվ հաստատվեց  Ֆրանսիայում :  <Եթե  Նանսենյան անձնագիրը  չլիներ, ապա Շառլը  Շառլ չէր լինի, – գրել է Աիդան: Եվ այսպես, այլևս ինքնության  վկայական  չունեցող հայերը դարձան  տարագիր, սփռվեցին աշխարհով  մեկ` Հունաստան, Բուլղարիա, Ֆրանսիա  և այլուր: Հենց այդ  ժամանակ էր, որ Նանսենը իրականացրեց երբևէ  չլսված  մարդասիրական  քայլ, ստեղծելով հարյուր հազարավոր  տարագիր հայերի փրկության  հնարավորություն` Նասենյան անձնագրերը: Դրանով  նա պատասխանատվություն ստանձնեց   մի ողջ ժողովրդի  հսկայական  զանգվածի համար  քանի որ, եթե որևէ  երկրում  հայը հանցանք կատարեր կամ թե ունենար հսկայական  պարտք,  պատասպանատուն  համարվելու էր Նանսենը, – պատմում է Գրիգոր Ջանիկյանը:

 

Ջանիկյանների ընտանիքը 1923-1924 թվականներին տասնյակ հայ  ընտանիքների հետ  հաստատվեց  Բուլղարիայի Խասկովո  քաղաքում, որտեղ էլ  ստացավ Նանսենյան անձնագրեր: Տարագիր հայերը  Թուրքիայից  տարհանվում էին, նավերով տեղափոխվում  տարբեր ուղղություններով: Բայց ամենացավալին ու ողբերգականը այն էր, որ Թուրքիայի կողմից իրենց  տրված  ինչ-որ փաստաթղթում  նշված էր` առանց  հետդարձի  իրավունքի:  Փաստորեն,  նրանք ընդմիշտ  վտարված էին  իրենց  բնօրրանից:

 

–         Հայրս ու  մայրս  պատմում էին, որ Նանսենյան  անձնագիր չունեցողը  մարդ  չէր  համարվում, քանի որ  հաշվառված չէր,  անգամ  եթե  փողոցում  կողոպտեին  կամ  սպանեին,  ապա նրա անձը հաստատող որևէ  փաստաթուղթ չկար,- պատմում է Գրիգոր Ջանիկյանը, -1946 թվականին մեր ընտանիքը հազարավոր  հայ ընտանիքների հետ ներգաղթեց Խորհրդային Հայաստան: Մայրս  պատմում էր, որ «Ռոսիա»  նավի վրա  ներգաղթյալ  հայերից  վերցրին Նանսենյան անձնագրերը, իսկ  փոխարենը  ստացան  Խորհրդային Հայաստանի անձնագրեր:

 

Գրիգոր Ջանիկյանի խոսքով  այսօր Նանսենյան անձնագրով  հայեր աշխարհում  չկան, քանի որ  նրանք  ստացել են  տվյալ  երկրի  քաղաքացիություն  և  անձնագիր: Արձակագիրը սա համարում է  ազգային  ճակատագրական  սխալ, քանզի, երբ սփյուռքահայերը ստացան Նանսենյան  անձնագրեր,  նրանք  համարվում էին հայրենազուրկ,  պահանջատեր էին, իսկ երբ ընդունեցին այս  կամ այն  երկրի  քաղաքացիություն,  թուրքերը հայտարարեցին թե`էլ ինչու՞ են անհայրենիք,  նրանք  բոլոր են այս  կամ այն  երկրի  քաղաքացիներ են: Ինչևէ,  Նանսենյան անձնագիրը  օգնեց  հայերին  ինքնահաստատվել, պահպանել իր գոյությունը աշխարհի բոլոր  ծայրերում: Սրանում է Նանսենի վիթխարի դերն ու նշանակությունը, որը հավերժ մնաց մարդկության  և հայ ժողովրդի պատմության  մեջ:

 

Ով անցյալ ունի,  չի կարող  հիշողություն չունենալ: Այդ  հիշողությունը Գրիգոր Ջանիկյանին օրեր առաջ տարավ պապերի  բնօրրան` Ռոդոսթո / ներկայիս  Թեքիրդաղ/ քաղաքի Սբ Թագավոր թաղում  պահպանված Գրիգոր աղայի կիսավեր մենատունը: «Այն,  ինչ ապրեցի սեպտեմբերյան այս  մեկ  շաբաթվա  ընթացքում, թշնամիս թող  չապրի, ոչ էլ  նույնիսկ թուրքը»,-իր պատմությունն այսպես ավարտեց  Գրիգոր Ջանիկյանը:

Անուշ Ներսիսյան

 

Լուսանակրում՝

Գրիգոր Ջանիկյանը Ռոդոսթո / ներկայիս  Թեքիրդաղ/ քաղաքի Սբ Թագավոր թաղում  պահպանված Գրիգոր աղայի կիսավեր մենատան  մոտ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը/ ֆիլմ

Հայոց Ցեղասպանության թանգարանում Նանսենյան անձնագրի բնօրինակ չկա

Փախստական ուսուցչուհին՝ Նանսենի մրցանակակիր – հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն

Սիրիահայ փախստականները Նանսենի թանգարանում

 

 

Դիտումների քանակը` 2507

Վերադառնալ վերև