Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նարինե Մկրտչյանի ժամկետը լրացավ. նա այդպես էլ գումար չգտավ

Այսօր` հունվարի 10-ին ժամը 14:00-ին լրացավ այն ժամկետը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել էր առաջադրված մի քանի թեկնածուներին ընտրագրավը վճարելու մասին վկայող անդորրագրերը հանձնաժողով ներկայացնելու համար: Սահմանված ժամկետում միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարողացավ վճարել ԸՕով պահանջվող 8 մլն դրամը:

 

Մյուս  յոթ  նախագահի պաշտոնին առաջադրված քաղաքացիները` Մհեր Հայրապետյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը,  Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը և Տարոն Աբրահամյանը ,   այդպես էլ չվճարեցին նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով գրավը:

 

Նրանցից երեքը` Ռոբերտ Ահարանոյանը, Տարոն Աբրահամյանն ու Ռուբեն Այվազյանն մինչ ժամկետը լրանալը հայտարարեցին, որ դուրս են գալիս ընտրական հետագա պայքարից: Թե առաջադրված 15 թեկնածուներից ում որպես նախագահի թեկնածու կգրանցի ԿԸՀ-ն պարզ կլինի հունվարի 14-ին: Հենց այս օրն է ավարտվում թեկնածուների գրանցումը: Այս պահին կարելի է ենթադրել, որ առաջադրվածներից առնվազն յոթը դուրս են  մնում   ընտրագրավի պատճառով:

 

Նշենք, որ հունվարի 8-ին «Ա1+»-ին տված հարցազրույցում ՄԱԱ նախագահ, դասախոս  Նարինե Մկրտչյանը  ասել էր, որ փորձելու է գտնել գումարը: Նրա համոզմամբ, օրենքը, ըստ էության, ունեցվածքային ցենզ է սահմանել, մինչդեռ շատ երկրներում ընտրագրավի մասին վաղուց խոսք չկա:

 

«Ստացվում է այնպես, որ Հայաստանի պես աղքատ երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 32 հազար դրամ է, կարելի է սահմանել 8 մլն դրամ ընտրագրավ: Գտնում եմ, որ դա արված է քաղաքական շարժառիթներով,  որպեսզի քաղաքական գործունեությունը սահմանփակվի, ինչու չէ նաև սեփականաշնորհվի»,-  ասաց Ն. Մկրտչյանը:

 

Ընտրապայքարից հրաժարված «Ժամանակի էություն սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի կարծիքով` ընտրություններ կարելի է չանցկացնել, այլ «միայն նախապես ստուգել, թե որ թեկնածուն ինչքան գումար ունի»: «Ընտրությունները «կաշիլյոկով» անենք ու որոշենք, թե ով հաղթեց»,- ասաց նա, հայտնելով լրագրողներին , որ թեպետ հավաքել էր անհրաժեշտ գումարը , բայց  նպատակահարմար է համարում այն ծախսել  իր իսկ ղեկավարած կազմակերպության կարիքների համար:

 

Նույն դիրքորոշումը ցուցաբերեց նաեւ արևելյան մարտարվեստների վարպետ  Տարոն Աբրահամյանը, ով  նշեց, որ մտադիր է ծախսել ընտրագրավի համար նախատեսված  գումարը արևելյան սպորտաձևերի զարգացման համար:

 

ՀՀ արդարադատության նախարար  Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ՝  աշխարհում կան տարբեր մոդելներ, որոնք զերծ են պահում արհեստական թեկնածուներին ընտրապայքարից եւ դրանից մեկը ընտրագրավն է:  Նրա խոսքով, օրինակ՝ Ֆրանսիայում թեկնածուն պարտավոր է հավաքել 500 ընտրովի պաշտոն զբաղեցնող անձանց ստորագրություն, որպեսզի կարողանա առաջադրվել: Որոշ երկրներում էլ, դա ընտրողների ստորագրությունների հավաքագրումն է:

 

 

Ըստ Հ. Թովմասյանի՝ աստիճանաբար շատ երկրներ հրաժարվում են այս մեխանիզմներից` ներմուծելով ընտրագրավը:  «Ընտրագրավը հետ է վերադարձվելու, եթե դու 5 տոկոսը հավաքում ես, այսինքն, եթե դու իրական թեկնածու ես և ընտրապայքարում իրական շանսեր ունես, ապա հետ կստանաս»,- ասաց նախարարը:

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 2779

Վերադառնալ վերև