Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ներկայացվեց այլընտրանքային զեկույցը՝ Հայաստանում CEDAW Կոնվենցիայի կատարման վերաբերյալ

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտե է ուղարկել իր կողմից պատրաստված այլընտրանքային զեկույցը: Այն  Հայաստանում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CEDAW) կատարման վերաբերյալ 2014-ին իրականացված մշտադիտարկման արդյունքն է:   Թեպետ զեկույցն, ըստ կոմիտեի ժամանակացույցի, պետք է  ընդգրկեր է 2009-2012 թթ., սակայն այն համալրվել է նաեւ ավելի թարմ տվյալներով մինչ 2014 թվականը:  Նշենք, որ այդ նույն՝  2009-2012 թթ ժամանակահատվածի վերաբերյալ ՀՀ կառավարությունը  Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտե է ներկայացրել  հերթական` հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը:

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի այլընտրանաքային զեկույցը  ներկայացվեց հանրությանը վերջերս տեղի ունեցած  «Կանանց նկատմամբ խտրականության հաղթահարումը և քաղաքական մասնակցության ընդլայնումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ» ֆորումի Ժամանակ: Ընդ որում ներկայացվեց ոչ միայն  զեկույցի դրույթների, կոնվենցիայի պարտավորությունների, խոչընդոտների մասին փորձագիտական կարծիքը, այլ նաև առաջարկություններ՝ ուղղված խնդիրների հաղթահարմանը: ֆորումը հատկանշական էր  նաեւ նրանով, որ դրա արդյունքում ընդունվեց  ուղերձ ՝ ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանն ուղղված ՀՀ Ընտրական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Ասոցիաիցիայի նախագահ տիկին Ջեմմա Հասրաթյանը WomenNet.am-ի հետ զրույցում   նշեց, որ զեկույցը արդեն իսկ ուղարկվել է Ժնև և որ այն՞ ըստ Կոմիտեի ժամանակացույցի,  կքննարկվի 2016 թ-ին:

 

–         CEDAW  կոմիտեն, իրոք ակտիվ լսում է մեր առաջարկությունները: Նախորդ  այլընտրանքային զեկույցում, որն  ընդգրկում էր  2002-2007 թթ. ժամանահատվածը,  արված մեր բոլոր առաջարկությունները, ըստ էության, ներառնվեցին Կոմիտեի վերջնական հանձնարարականների մեջ, – նշեց  տիկին Հասրաթյանը՝ նկատելով, որ դրանց արդյունքում Կառավարությունը ընդունեց գենդերային քաղաքականության հայեցակարգը, այնուհետեւ ընդունվեց Կանանց իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին օրենքը, բարձրացվեցին գենդերային քվոտաները ՀՀ ընտրական օրենսգրքում: Այնպես որ Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտե ներկայացվող զեկույցները  CEDAW Կոնվենցիայի կատարողականի վերաբերյալ  շատ կարևոր գործիք են  մեր խնդիրները լսելի դարձնելու համար, հարթակ է, որը պետք է բոլորս օգտագործենք:

 

Այլընտրանքային զեկույցի փորձագետներից մեկը՝  Թամարա Հովնաթանյանը (ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ նախագահ) խոսելով Կոնվենցիայի  կատարողականի մասին նշեց, որ դրա կարեւորագույն դրույթներից են խտրականության գիտակցման խնդիրն է, ինչպես նաեւ հասրակության եւ պետական պաշտոնյաների իրազեկվածության խնդիրն է  Կոնվենցիայի մասին:

 

–         Հետազոտությունները  ցույց են տալիս, որ  Հայաստանում բնակչության 46.6%-ը   չի ընդունում այն փաստը, որ մեզանում առկա է խտրականություն կանանց նկատմամբ:  Այսինքն խրականության ընկալման խնդիր կա: Իսկ այն մարդիկ, ովքեր ընդունում են, որ այդ խտրականությունը կա, մատնանշում են հետևյալ ոլորտները՝ քաղաքական ընտրությունների համակարգը, պետական կառավարման, աշխատանքային հարաբերությունների ոլորտները, – ասում է նա:

 

Զեկույցում հատուկ տեղ է զբաղեցնում նաև քաղաքական համակարգում քվոտայի մեխանիզմի կիրառման խնդիրը: Թամարա Հովնաթանյանը նշում է, որ քվոտավորման այն մեխանիզմը, որն այսօր կիրառվում է ընտրական համակարգում, արդյունավետ չէ, չնայած այն հանգամանքի, որ քվոտայի  շնորհիվ խորհրդարանում կանանց ներկայացվածության որոշակի աճ կա: Խնդիրն է այն է, որ ամրագրելով  20%-անոց քվոտան, խորհրադարնում ունենք դե—ֆակտո կիսով չաջ ավելի քիչ կանայք – 10,7%: Պատճառներից մեկը՝ օրենքում ամրագրված խտրական ձեւկերպումն է, ինչպես նաեւ ինքնաբացարկների մեխանիզմը, որն գործի է դրվում ընտրություններից հետո:

 

–         Օրենքում նշվում է, որ ընտրական ցուցակի երկրորդ համարից սկսած ցանկացած հնգյակներում ՝ 2-ից 6, 7-ից 12 և այդպես շարունակ, մինչև ցուցակի ավարատը յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների քանակը չպետք է գերազանցի 80%-ը: Նախ դրական կողմը այն է, որ գենդերային զգայուն մոտեցում է տրվել ձևակերպմանը և չի մատնանշվել թե այդ 80% կին թե տղամարդ ներկայացուցիչ պետք է լինի, սակայն խտրական մոտեցումն այն է, որ հաշվարկը սկսվել է ոչ թե առաջինից հինգ, այլ երկրորդից սկսած, և արդյունքն այն  է եղել, որ 9 քաղաքական ուժերից ոչ մեկը առաջին տեղով կին չի ներկայացրել: Այսինքն հնգյակներում ընդամենը 4 կին ենք ունեցել,-նշում է տիկին Հովնաթանյանը՝ հավելելով, որ մեծամասամբ հենց անցողիկ տեղը առաջին հնգյակն է լինում,-  այսինքն ունեցանք ավելի բարձր քվոտա, բայց ավելի ցածր ներկայացվածություն:

 

Թամարա Հովնաթանյանը, խոսելով նաև ինքնաբացարկների մասին նշեց, որ մեխանիզմի փոփոխման առաջարկ են ներկայացրել.

 

-Մենք նշել ենք, որ ինքնաբացարկ հայտարարած թեկնածուին փոխարինի նույն սեռի՝ հաջորդը ցուցակով եկող ներկայացուցիչը, ինչը կարող է նաև բերել նրան, որ կանանց ինքնաբացարկների գործընթացը կկանգնի:

 

Փորձագետ Լիլիթ Զաքարանն էլ հավելեց, որ կանանց ինքնաբացարկները ընդհանուր ինքնաբացարկների  թվի 25% են կազմում:

 

-Այո, գուցե մեծ չէ, երբ ընդհանուր ենք դիտարկում՝ մեկ քարորդը, մինչդեռ երբ արդյունքներին ենք նայում, ապա զգալի անդրադարձ է ունենում՝ քվոտայի պահպանման տեսանկյունից:

 

Փորձագետները նշում էին, որ չնայած այս տարիների աշխատանքներին, միևնույնն է գենդերային կարծրատիպերի հաղթահարումը շարունակում է առաջնային խնդիրներից մնալ:

 

«Տղամարդկանց և կանանց վարքագծի սոցիալական և մշակութային մոդելների փոփոխում»-ը, որը կոնվենցիայի առանձին հոդվածներից մեկն է, Թամարա Հովնաթանյանի կարծիքով ամենադժվարն է հաղթահարվում:

 

-Որոշակի քայլեր արվում են, ԶԼՄ-ների հետ աշխատանքում ևս: Գենդերային լավագույն լուսաբանման համար բազմաթիվ մրցույթներ էին կազմակերպվում, սակայն 2013 թ.-ին այդ հակագենդերային շարժումից հետո մրցույթները հանվեցին: Այսօր ունենք միայն «Լավագույն կին գործարար» մրցույթը,- նշում է տիկին Հովնաթանյանը, խոսելով նաև կանանց ցածր ներկայացվածության մասին նաև լրատվական հոսքում,- հետազոտությունները ցույց են տալիս, որ լրատվական ամբողջ հոսքի միայն 10%-ն են կանանց մասին, փորձագիտական կարծիքը նույնպես 8/1-ի հարաբերակցության է, մինչդեռ հրապարակումների հեղինակների 67%-ը կանայք են:

 

Կանանց ներկայացվածությունը՝ նախարարների կազմում 11%, փոխնախարարների կազմում ՝ 9%,  չունենք կին մարզպետներ, փոխմարզպետների թիվը 9% է, ԱԺ՝11% կանանց ներկայացվածություն: 566 գյուղական համայնքներից միայն 17-ն է կանանց կողմից կառավարվում:

 

Զեկույցի փորձագետ Լիլիթ Զաքարյանը նշեց, որ այս թվերը խոսում են այն մասին, որ անելիքներ դեռ շատ կան.

 

-Այսօր գենդերային հավասարության ապահովման ազգային մեխանիզմի բացակայությունը, ծրագրերի իմիտացիոն բնույթը բերում է գենդերային կարծրատիպերի վերարտադրության, չկան նաև կանանց առաջմղման մեխանիզմներ:

 

Լիլիթ Զաքարյանը փորձագիտական վերլուծության էր ենթարկել նաև կրթական ոլորտը: Խոսելով սոցիալական ծանր իրավիճակի, աղքատության խնդրի մասին, տիկին Զաքարյանը առանձնացրեց 12 ամյա կրթության հարցը.

 

-Երբ հարցումներ էինք անում մարզերում, պարզվեց, որ ավագ դպրոցներից ավելի շատ մաղվում էին տղա երեխաները քան աղջիկները: Վերջերս, իհարկե, որոշում կայացվեց, որ պարտադիր պետք է դարձնել այդ կրթությունը, բայց կա մտավախություն, որ ձևական բնույթ կարող է կրել, կգրանցվեն երեխաները, սակայն չեն հաճախի:

 

Աղքատության մակարդակի բարձր լինելը ըստ փորձագետի հնարավորոթյուն չի տալիս երեխաներին ստանալ՝ իրենց  հասանելիք կրթությունը:

 

Եթե նայում ենք թվերին, կարծես թե նորմալ է, գենդերային հավասարության ցուցանիշը ավագ դպրոցում կազմում է՝ 1.21, ԲՈՒՀ-երում՝ 1.7: Աղջիկների թիվը ավելի բարձր է, սակայն այն համապատասխանում է բնակչության թվաքանակին: Սակայն շատ գյուղական համայնքներում չունենք հիմնական դպրոցներ, ավագ դպրոցներ: Մինչդեռ հաշվի առնելով այն, որ երբեմն գյուղից գյուղ տրանսպորտը բացակայում է, սոցիալական ծանր վիճակը, ապա մաղման իրական թվերը ավելի բարձր են,- նշում է Լիլիթ Զաքարյանը:

 

Փորձագետը մատնանշում է, որ այսօր էլ շարունակվում են մասնագիտությունները ընտրվել ըստ ոլորտի պատկանելիության՝ «կնոջ մասնագիտություն», «տղամարդու մասնագիտություն».

 

-Աշխատանք է տարվում աղջիկներին ուղղորդել այն մասնագիտություններր, որոնք ավանդաբար համարվում են տղամարդկային, ոլորտներ, որտեղ եկամուտներն ավելի բարձր են լինելու: Ասպիրանտուրայում կանայք կազմում են 38%, 29%՝ ավարտածների թվում, թեկնածուկան թեզը պաշտպանածների 49%, 23%՝ դոկտորականի դեպքում :

 

Որոշումների կայացման մակարդակում՝ ռեկտորի պաշտոնում պետական բուհերում կանայք կազմում են ընդամենը 12%, մինչդեռ որ պետական բուհերում այդ թիվը մի փոքր ավելի բարձր է.

 

-Դա բացատրվում է նաև նրանով, որ երկրորդի դեպքում աշխատավարձները շատ ավել ցածր են:

 

Ասոցիացիայի անդամ Գայանե Մերոյանն էլ նշեց, որ անգամ այն ոլորտները որոնք ավանդաբար համարվում են <<կանացի>> միևնույնն է ղեկավար պաշտոններում տղամարդիկ գերակշռում են .

 

– Բժիշկների մեջ կանանց թիվը կազմում է 66.5% , բայց հանրապետությունում գործող 97 հիվանդանոցային հաստատությունների տնօրեններից միայն 14-ն են կանայք ղեկավարում, իսկ ահա մասնավոր 15 հիվանդանոցներից միայն մեկն է, որ կին է գլխավորում:

 

Փորձագետները նշում են , որ Կոնվենցիան հատուկ ուշադրություն է դարձնում գյուղաբնակ կանանց նկատմամբ խտրականության վերացմանը:

 

-Կանայք գյուղատնտեսության աշխատողների 56% են կազմում, ընդհանուր՝ հանրապետությունում աշխատող կանանց՝ 46%-ը: Գյուղատնտեսական վարկ ստացողների մեջ կանայք կազմում են 15%: Գյուղական բնակավայրերում կանայք գլխավորում են տնային տնտեսությունների 26%-ը,- նշում է Լիլիթ Զաքարյանը՝ հավելելով, որ եկամուտների առումով նույնպես զգալի տարբերություն կա՝ գյուղաբնակ կանանց և տղամարդկանց միջև.

 

– Այն դեպքում երբ կինն է ղեկավարում տնտեսությունը, ապա մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 20 հազար դրամ, իսկ ահա տղամարդ ղեկավար ունեցողի դեպքում՝ 33 հազար դրամ է կազմում եկամուտը: Տարբերությունը մեծ է:

 

Խոսելով գյուղաբնակ կանանց խնդիրների մասին, տիկին Զաքարյանը առանձնացրեց նաև արտահանման, տեխնիկայի խնդիրը.

 

-Բարձ արտագնա աշխատանքի պատճառով,  հիմնական հոգսը մնում է կանանց վրա: Շուկայի խնդիր կա, տեղափոխման, սառնարանային տնտեսությունների պակաս կա, փոքր մեխանիզացիայի պակաս, որը բերում է նրան, որ հիմնական աշխատանքը կատարվում է ձեռքով, իսկ դա անդառնալի վնաս է հասցնում կանանց առողջությանը:

 

Համաժողովին  ներկա էր ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եվ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ով խոսելով Կոնվենցիայի մասին նշեց, որ Կոնվենցիան իրոք պարտավորություններ է դրել մեր երկրի առաջ տարբեր ոլորտներում՝ տնտեսական, կրթական, մշակութային, քաղաքական:

 

Տիկին Մուրադյանը շեշտադրեց նաև այն հանգամանքը, որ կանայք ինքներն էլ հաճախ չեն գիտակցում այդ խտրական մոտեցումը.

 

-Կանանց նկատմամբ խտրականության առկայությունը  մեզանում հաճախ չի ընդունվում ոչ միայն տղամարդկանց, այլ  կանանց կողմից, և նման մոտեցումը հաղթահարելը բավականին բարդանում է: Նույն ԱԺ ամբիոնից մենք ելույթներ ենք ունենում, հարցեր ենք բարձրաձայնում, մեր թույլ տված մեկ սխալը, մեծ արձագանք է ստանում, մինչդեռ վերաբերմունքը այլ է տղամարդ կոլեգաների նկատմամբ, կարծես թե, ընդունվում է, որ հենց այդպես էլ պետք է լինի»,- նշում է տիկին Մուրադյանը՝ հավելելով, որ գենդերային կարծրատիպերը հաղթահարելու համար դեռ երկար ճանապարհ կա.

 

-Պետք է ամեն ինչ սկսել դեռ նախադպրոցական տարիքից, դպրոցից: Տարիներ առաջ ասոցիացիայի հետ  աշխատում էինք Հասարակագիտություն առարկայի չափորոշիչում գենդերային կոմպոնենտը ներդնելու ուղղությամբ, որոշակի արդյունքերի հասել էինք, սակայն  որքանով դա արտահայտվեց գրքում, սա արդեն խնդիր է: Այժմ նոր դասագրքերի համար են գրվում չափորոշիչներ, կարծում եմ, լավ առիթ է, պետք է աշխատել այդ ուղղությամբ:

 

Հ.Գ. Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1993թ.ին՝ դրանով իսկ ստանձնելով մի շարք պարտավորություններ՝ ուղղված խտրականության բացառմանը բոլոր ոլորտներում, կանանց առաջընթացի ապահովմանը, քաղաքական մասնակցության խթանմանը:

Այս տարիների ընթացքում Հայաստանը հանդես է եկել չորս հիմնական զեկույցներով: Այս տարի Հայաստանը Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտե է ներկայացրել հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը: Զեկույցը կոմիտեն կքննարկի 2016 թ.-ին:

 

Այլընտրանքային զեկույցն ամբողջությամբ այստեղ.  

 

 

 

 

Դիտումների քանակը` 2049

Վերադառնալ վերև