Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը կրճատվում է, սակայն նոր խնդիրներ է առաջ բերում

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշների նվազում է գրանցվել, ինչի արդյունքում  հանրապետությունում 2016 թվականին ծնված տղաների և աղջիկների թվի տարբերությունը կրճատվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

Նրա խոսքով,  2016թ-ի առաջին կիսամյակում Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է 108 տղա, ու եթե այդ միտումը պահպանվեր ամբողջ տարվա ընթացքում, ապա կունանայինք աննախադեպ արդյունք: Սակայն, մինչև տարեվերջ այդ թիվն ավելացել է՝ հասնելով 112-ի: Այսպիսով, հետազոտության համաձայն՝   եթե նախորդ երեք տարիներին 100 աղջկա դիմաց ծնվել է 114 տղա, ապա 2016 թ-ն 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա:

 

«Միանաշանակ սա մեծ հաջողություն է: Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ  5 տարվա ընթացքում այս ուղղությամբ դրական փոփոխություններ են նկատվում: Ոչ մի երկիր այսքան կարճ ժամանակահատվածում նման հաջողության չի հասել»,- ասաց Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մարդիկ հասկացան՝  սելեկտիվ աբորտները և աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքը հայ ժողովրդին հարիր  չէ:

 

Հիշեցնենք, որ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

 

Գարիկ Հայրապետյանի խոսքերով՝ այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել, մշակվել են տարբեր ծրագրեր, որոնք իրենց արտացոլումը գտան նաև առողջապահության, սոցապ նախարարությունների անելիքների շարքում:

 

Նշենք, որ 2016թ-ին հարցը կառավարության նախաձեռնությամբ նաև իրավական կարգավորում ստացավ: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ իրականացվեցին: Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ՝  անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին  , հիշեցրեց,  որ այդ  օրենքով սահմանվում  է.  սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն անթույլատրելի են: Բացի դրանից՝ այժմ կնոջը հղիության արհեստական ընդհատման համար տրվում է 3 օր ժամանակ, որպեսզի նա ևս մեկ անգամ մտածի ընդհատում կատարելու նպատակահարմարության մասին:

 

 «Ամենամեծ և կարևոր հաջողությունը նաև այն է, որ ԶԼՄ-ները խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում էին, և այսօր Հայաստանում յուրաքանչյուր չափահաս մարդ գիտի այս խնդրի մասին»,- հավելեց  Գարիկ Հայրապետյանը: 

 

«Գեղարքունիքի մարզում դասարաններ կան, որտեղ ընդհանրապես աղջիկներ չկան»

 

Թեպետ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում բավական նվազել են, բայց դրա փոխարեն մեր երկիրը նոր խնդրի առաջ է կանգնել: Հայաստանի հեռավոր գյուղերի դպրոցներում կան դասարաններ, որտեղ ուսանում են միայն տղաներ: Դպրոցական տարիքի աղջիկներ կամ չկան, կամ ծնողները չեն ցանկանում, որպեսզի իրենց դուստրերը դպրոց գնան միայն տղաների հետ: Նման պատկեր է բացահայտվել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների ընթացքում: Իսկ դպրոցական տարիքի աղջիկների սակավ թիվը, գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով, գյուղական բնակավայրերում տարիներ առաջ մեծ տարածում գտած սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանք է:  «Եթե դուք գնաք մարզային դպրոցներ, օրինակ՝ Գեղարքունիք, կտեսնեք, որ 1-9-րդ դասարաններում կամ 1-2 աղջիկ են, կամ ընդհանրապես աղջիկ չկա, որովհետև չեն ծնվել աղջիկներ: Իսկ սակավաթիվ աղջիկներին էլ ծնողները թույլ չեն տալիս գնալ դպրոց, քանի որ միակ աղջիկն են լինելու դասարանում»,- ասում է Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ սա արդեն աղջիկ երեխաների նկատմամբ երկրորդ խտրականությունն է. եթե մինչ այսօր սեռով պայմանավորված հղիության ընդհատումներով ծնողներն աղջիկ երեխաներին զրկում էին կյանքի իրավունքից, ապա այսօր արդեն նրանց զրկում են կրթության իրավունքից:

 

Երեխային թե՛ կրթության և թե՛ նաև կյանքի իրավունքից զրկելու հիմնական պատճառն, ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, կանանց և տղամարդկանց միջև գենդերային  անհավասարությունն է:

 

Ծնելիության անկում. ինչ անել

 

Ծնելիության ցածր ցուցանիշը  Հայաստանում շարունակվում է մնալ ժողովրդագրական խնդիրներից մեկը: Շատ է խոսվում ծնելիության խրախուսման համար հարակից սոցիալական ծրագրերի իրականանցման մասին՝ բնակարանային խնդրի լուծում, աշխատատեղ, երեխաների խնամքի կենտրոններ, ֆինանսական զգալի աջակցություն եւ այլն. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիրը որոշակի հետաքրքիր լուծումներ  էր նախատեսում , այդ թվում դայակի ինստիտուտի ձեւավորում, սակայն այն  դռեւս չի ընդունվել:   

 

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով, սոցիալական խնդիրը մեծ նշանակություն ունի ծնելիության բարձրացման համար, բայց դա առողջապահական խնդիր չէ. «Մենք կողմ ենք, որ լինի ծնելիության խրախուսման կոմպոնենտը, օրինակ՝ երիտասարդ ընտանիքներին բնակարաններ՝ արտոնյալ պայմաններով, մանկապարտեզների մսուր խմբերի մեծ ցանց: Մենք առաջարկություն ենք արել միջազգային կազմակերպություններին, որ թոշակառուներ տատիկները խնամեն երեխաներին՝  ունենան աշխատանք եւ վարձատրվեն որոշակի, աշխարհում այս դրական փորձն արդեն կա»:

 

 

Դրա հետ մեկտեղ,  Գայանե Ավագյանը նշեռց, որ կանայք միայն 25-30 տոկոս դեպքերում են աբորտի դիմում, այսպես կոչված, «սոցիալական պատճառներով»: «Մենք կարծում ենք, որ բոլորը գնում են հղիության արհեստական ընդհատման սոցիալական պատճառներով: Բայց այդպես չէ, հետազոտության արդյունքներով 25-30%-ը չի գերազանցում սոցիալական պատճառը»,- ասաց Գայանե Ավագյանը: Քիչ երեխաներ ունենալու իրենց ցանկությունը ծնողները հիմնականում պայմանավորում են երեխային լավ պայմաններ, լավ ապագա ապահովելու, իրենց կարիերան զարգացնելու հնարավորությամբ:

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով,  ծնելիության խնդիրը բազմաշերտ է. «Ժողովրդագրական բարեփոխման առումով պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի  ցանկանան երեխաներ ունենալ, դրա հիմնական պայմանը սոցիալականն է: Կառավարությունում է այդ ծրագիրը, այն անգամ քննարկվել է ազգային անվտանգության խորհրդում:  Այս ծրագրով առաջին անգամ թիրախավորվում է ոչ թե ծնելիությունն, այլ այն միջավայրը, որտեղ ծնելիությունը պետք է բարելավվի»: 

 

 
Ծնելիության անկման պատճառներից է նաեւ անպտղությունը, հատկապես երկրորդային անպտղությունը, իսկ երկրոդային անպտղության պատճառներից են սեռավարկաները, սխալ աբորտները եւ այլն:

 

«Մեր հասարակությունում հակաբեղմնավորչների մասին որոշ միֆեր ու վախեր կան»

 

Հայաստանում ամեն տարի մոտ 8000 աբորտ եւ 3500 վիժում է գրանցվում, սակայն վերջին տարիներին երկու ցուցանիշներն էլ նվազում են: Մասնագետների կարծիքով՝ երկրում պերինատալ կորուստների թիվը նվազում է հղիության վարման ճիշտ կազմակերպման եւ սքրինինգային ծրագրերի շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս շատ խնդիրներ եւ պաթոլոգիաներ վաղ հայտնաբերել: Նաեւ հակաբեղմնավորման մասին գրագետ տեղեկատվության տարածումը եւ ընտանիքի ծրագրման ժամանակակից մեթոդների հասանելությունը  նույնպես կարող է օգնել կրճատել աբորտների թիվը:
Սակայն Գարիկ  Հայրապետյանի խոսքով, Հայաստանի բնակչության շրջանում ժամանակակից հակաբեղմանվորիչների օգտագործման ցուցանիշն ընդամենը 27% է. սա ժողովրդագրություն եւ առողջապահություն հետազոտության տվյալն է: «Մարդիկ կան, որ որպես հակաբեղմնավորիչ են օգտագործում կոկա-կոլան: Մեր հասարակությունում հակաբեղմնավորչների մասին տարօրինակ բացասական վերաբերմունք կա: Օրինակ՝ փոքր ազգ ենք, պետք չի հակաբեղմնավորիչ: Որոշ միֆեր ու վախեր կան: Մենք ունենք երկրորդային անպտղության մեծ ցուցանիշ՝ 12-14% տոկոս: Մեր կանայք, որոնք հաջորդ երեխան չեն ունենում, ուրեմն ինչ-որ բան է եղել՝  չբուժված սեռավարակներ,  սխալ աբորտներ: Պետք է կարողանանք հանրությանը հասցնել, որ ժամանակակից  հակաբեղմնավորիչ օգտագործելը ազգը չի կրճատում, այլ մայրական պոտենցիան է պահպանում»: 

 

 

Դիտումների քանակը` 520

Վերադառնալ վերև