Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նորաստեղծ կանանց կուսակցությունը կպայքարի հայ կնոջ իրավունքների համար

«Եկել է այն պահը, երբ կանայք թևեր են ձեռք բերել, և խեղդվողներին փրկելը հենց խեղդվողների ձեռքի գործն է»,- այսպես է մեկնաբանում  «Հայաստանի առաջադեմ կանանց կուսակցության» նախաձեռնող խմբի համակարգող Զինա Թորոսյանը նոր կուսակցության ստեղծումը:

 

Կուսակցությունը դեռ  գրանցված չէ, բայց համակիրներ շատ ունի, կուսակցության անդամներն էլ միայն կանայք են լինելու: Իրավաբանական գրանցումը, ինչպես ասում է, Զ. Թորոսյանը, կլինի մոտակա ապագայում, երբ կլուծվեն օրենքի պահանջների ապահովման հետ կապված խնդիրները:

 

«Եթե մեր երեխաները ավարտում են ինստիտուտներ, բայց չեն գտնում աշխատատեղեր, եթե մեր տղաները գնում են իրենց հայրերի հետևից, եթե մեր աղջիկները աշխատանք են փնտրում օտար ափերում: Վերադարձրեք մեզ մեր ամուսիներին, վերադարձրեք մեզ մեր տղաներին, տվեք մեզ աշխատատեղեր, որպեսզի մենք կարողանանք ապրել»,-ասում է Զ. Թորոսյանը: Նրա ամուսինն էլ շատ հայ տղամարդկանց նման ապրում ու աշխատում է ընտանիքից հեռու, հայրենիքից սահմաններից դուրս:

 

Մասնագիտությամբ հոգեբան, օրվա ապրուստի միջոցը բիզնեսի միջոցով հոգացող կինը քաղաքական նոր ուժի առջև մի քանի խնդիր է դրել` Հայաստանն առանց կոռուպցիայի, կանանց շահերի պաշտպանություն, ընտանիքների վերամիավորում, փոքր և միջին բիզնեսին աջակցություն, արժանավայել կյանք ընտանիքներին, ծերերին, երեխաներին, արդար դատական համակարգ, նոր աշխատատեղեր, հարկային բարեփոխումներ` անցնելով դիֆերենցված հարկային համակարգի:

 

 

«Հայ կնոջ կենսագրությունը վերջին 20 տարիներին ինչպիսի՞ն է եղել: Սկզբում կինը զրկվեց ընտանիքի կերակրողից, մեր ամուսիները գնացին արտագնա աշխատանքի: Մենք հնազանդ սպասում էինք, որ մեր ամուսիները դրսում կվաստակեն և մեզ փող կուղարկեն, չնայած դա մեր ընտրած ճանապարհը չէր, դա հարկադրական էր: Մեր ամուսիները հիմնավորվեցին դրսում, այս կամ այն պատճառով հիմնավորվեցին այնտեղ, որոշ կանայք մղվեցին դեպի բիզնես»,-ասաց Զ. Թորոսյանը: Մեր զրուցակցի խոսքով, կանայք հիմնականում ներկայցված են փոքր և միջին բիզնեսում, սակայն հարկվում են նույնչափ, ինչքան խոշոր բիզնեսը: «Նրանց շահերը ոտնահարվում են»,-ասաց նա:

 

Նպատակների իրականացման մեխանիզմներ առայժմ ստեղծվելիք կուսակցությունում չեն մշակել. «Մեխանիզմները, իհարկե, կմշակենք, բայց ամենակարևորը ցանկությունն է:  Առաջինը ծնվում է խիստ պահանջը, անհրաժեշտությունը, մեր դեպքում գիտակցումն է, որ այո, պետք է կանանց պաշտպանել: Ինչո՞ւ պետք է կանանց մեծ մասն այօր մնան առանց ամուսիների, ինչո՞ւ պետք  կինը թողնի իր ընտանիքի հոգսն ու այլ գործերը և վազի այն խնդիրները լուծելու հետեւից,  որոնք պետք է իր ամուսինը աներ, ով, ցավոք սրտի, այստեղ չէ»:

 

Նրա խոսքով, վերամիավորված ընտանիքներում կինն իրեն միայնակ ու անպաշտպան չի զգա, իսկ վերամիավորման համար առաջին հերթին պետք է ստեղծել աշխատատեղեր:

 

Առաջադեմ կանանց կուսակցության առաջնորդը հետևել է ընտրությունների ընթացքին, ուսումնասիրել թեկնածուների ծրագրերը, եկել եզրակացության, որ կանանց շահերի ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեզեր չկան: Այսօրվա թեկնածուներից ոչ մեկին ՀՀ նախագահ չի տեսնում:

 

«Որևէ ծրագիր չեմ տեսել, որն անմիջականորեն կշոշափի կանանց շահերի պաշտպանությունը: Որևէ ակնարկ չեմ լսել, ընդամենը ընդհանուր դրույթներ են, որ վերաբերում են ողջ հասարակությանը», -ասաց քաղաքականություն մտնել պատրաստվող կինը, նշելով, որ այժմյան քաղաքականությունում կանայք պասիվ են, իսկ իրենց կուսակցությունը կօգնի լրացնել այդ բացը:

 

«Եթե լինի համախմբված կանանց կուսակցություն, եթե իրենց բոլոր ծրագրերը իրականություն դառնան եւ կանանց առաջ շարժվելու հնարավորություն ընձեռվի, ապա 2018-ին միանշանակ Հայաստանի նախագահը կին կլինի»,-հույս հայտնեց Թորոսյանը, նշելով, որ կանայք և հոգեբանական, և արհեստավարժության առումով պատրաստ են դրան:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4602

Վերադառնալ վերև