Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նորընտիր խորհրդարանում  կին պատգամավորների թիվն ավելացել է

Հունվարի 14-ին ժամը 10:00-ին կգումարվի յոթերորդ գումարման Ազգային Ժողովի  անդրանիկ նիստը: Այս մասին հայտնի դարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ին կայացած արտահերթ նիստի արդյունքում:

 

Հանձնաժողովը նաև հաստատեց պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Ընդհանուր առմամբ, պատգամավորի մանդատից հրաժարվել է 20 թեկնածու, որից 18-ը «Իմ քայլը» դաշինքից, 2-ը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

 

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվում միայն մեկ կին կա, նա «Իմ քայլը» դաշինքից Զարուհի Բաթոյանն է: Հիշեցնենք, որ նա աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում: Դաշինքի ինքնաբացարկ հայտնած մյուս թեկնածուները ևս գործադիր մարմնի անդամներ են: Օրենսդիր չեն գնա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ՝ Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Էրիկ Գրիգորյան, Ֆելիքս Ցոլակյանը: Մանդատից հրաժարվել են Կոտայիքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Արագածոտնի մարզպետները: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկ են հայտնել Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը: ԲՀԿ-ից ինքանբացարկ հայտնած թեկնածուներ չկան:

 

Հիշեցնենք, որ  նոր Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր: «Իմ քայլը»  դաշինքը կունենա 88, ԲՀԿ-ն` 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ:

 

 Նորընտիր ԱԺ-ում 132 պատգամավորներից 32-ը կամ 24 %-ը  կանայք են: Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման Ազգային Ժողովի 105 անդամներից 19-ը   կամ 18 %-ն էին կանայք:

 

Նկատենք նաև, որ այս ընտրություններին  համամասնական ցուցակների ընդգրկված 1444 թեկնածուների 32 տոկոսը եղել են կանայք։  Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի տեղերի կեսը հատկացվում է տարածքային (ռեյտինգային) ցուցակներով  առաջադրված թեկնածուների հավաքած քվեների համապատասխան, իսկ մյուս կեսը համամասնական ցուցակների հերթականությամբ։ Ընտրական օրենսգրքով սահմանաված քվոտայի չափով կանանց ներկայացվածությունը  ապահոված է  միայն «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունում:   

 

 «Իմ քայլը» դաշինիքի 88 պատգամավորներից 23-ը  կանայք են (26%), նրանցից  9-ն ընտրվել են ռեյտինգային ցուցակներից, 14-ը` համապետական:

 

Տարածքային ցուցակներից ընրված կին թեկնածուներն են` 

Թիվ 2 ընտրատարածքից ՝ Նազարյան ԼենաՆ ու  Մակունց Լիլիթը;

Թիվ 3 ընտրատարածքից ՝ Գրիգորյան Հռիփսիմեն;

Թիվ 5 ընտրատարածքից ՝ Գասպարյան Տաթևիկը;

Թիվ 8 ընտրատարածքից ՝ Թովմասյան Թագուհին;

Թիվ 9 ընտրատարածքից ՝  Դավոյան Արփինեն;

Թիվ 10 ընտրատարածքից ՝ Ստեփանյան Լիլիթը;

Թիվ 11 ընտրատարածքից ՝ Հովսեփյան Սոֆիան ու Բաղդասարյան Նազելին:

 

Համապետական ցուցակի առաջին մասից ԱԺ կգնան` Կարապետյան Մարիան, Խաչատուրյան Նարինեն, Աբրահամյան Գայանեն, Բադալյան Լուսինեն, Բեղլոյան Անուշը, Տիգրանյան Հերիքնազը, Կարապետյան Աննան, Պողոսյան Քրիստինեն, Ղազարյան Թագուհին, Ղազարյան Սոնան, Գալստյան Մերին, Հայրապետյան Տաթևիկը, Վարդանյան Ծովինարը,  Ջուլհակյան Արուսյակը:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հասանելիք 26 մանդատներից 5-ն են բաժին հասել կանանց (19%): Նրանցից երկուսն ընտրվել են տարածքային ցուցակներով` թիվ 7 ընտրական տարածքից Առուստամյան Նորան, թիվ 12 ընտրատարածքից՝ Զոհրաբյան Նաիրան:

 

Համապետական ցուցակի առաջին մասի կին թեկնածուներից ԱԺ կգնան՝  Տոնոյան Իվետան, Իսայան Շաքեն, Պողոսյան Կարինեն:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 18 մանդատից 4-ն է բաժին  հասել կանանց (22.2%): Այստեղ տարածքային ցուցակներից ընտրված միակ կին թեկնածուն Մանե Թանդիլյանն է` թիվ 4 ընտրատարածքից:

 

Համապետական ցուցակի առաջին մասի կին թեկնածուներից ԱԺ կգնան՝ Սամսոնյան Անին, Կոստանյան Աննան, Գրիգորյան Սրբուհին:

 

Մինչև նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 10-ին նախատեսվում է ընտրված պատգամավորների մանդատների հանձման արարողությունը: Այն կանցկացվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 331

Վերադառնալ վերև