Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նոր մանրամասներ պակիստանցի հղի կնոջ սպանությունից

«Ես սպանեցի իմ առաջին կնոջը հենց այս սիրո պատճառով»… Այս շոկային խոստովանությունը արել է իր իսկ ընտանիքի կողմից քարկոծելով սպանված պակիստանցի հղի կնոջ Ֆարզանա Փարվինի ամուսինը՝  Մոհամմեդ Իքբալը :  Նա հայտարարել է, որ խեղդամահ է արել իր առաջին կնոջը, որպեսզի  ամուսնանա Ֆարզանայի հետ: Նա նաև հայտնել է, որ  Ֆարզանայի մեծ քրոջը թունավորել են:

  

Հիշեցնենք, որ 25– ամյա Ֆարզանա Փարվինի  վրա էին հարձակվել իր իսկ  ընտանիքի  20 անդամները, քանի որ նա  ամուսնացել էր Մոհամմեդ Իքբալի հետ՝ հակառակվելով  ընտանիքի կամքին, որը նախատեսել էր նրա համար իր զարմիկի հետ ամուսնությունը:

 

Ֆարզանային տանջամահ են արել՝ աղյուսներ նետելով նրա վրա միայն այն բանի համար, որ նա  «ապօրինաբար»  ամուսնացել է այն մարդու հետ, ում սիրել է: Այս դեպքը գլոբալ զայրույթ առաջացարեց, քանի որ ոստիկանները ոչինչ չէին ձեռնարկել աղջկան փրկելու համար:

 

 

 

Ֆարզանայի ամուսինը խոստովանել է, որ սպանել է իր առաջին կնոջը, որպեսզի նրանք կարողանան ամուսնանալ: «Ես սիրում էի Ֆարզանային և սպանեցի իմ առաջին կնոջը այդ սիրո պատճառով», – ասել է  45-ամյա Մոհամմեդ Իքբալը: Ի դեպ, նրան ազատեցին բանտից, քանի որ նրա տղան, ով հաղորդել էր սպանության մասին, ավելի ուշ ետ վերցրեց մեղադրանքները:

 

 

Պարզվեց նաև, որ Ֆարզանայի ավագ քույրը՝ Ռեհանան նույնպես սպանվել է ընտանիքի անդամների կողմից: Նրանք թունավորել են Ֆարզանայի ավագ քրոջը այն բանից հետո, երբ նրա հայրը վիճաբանություն է ունեցել սկեսրայրի հետ: Հայրը հրամայել էր Ռեհանային լքել ամուսնուն, բայց նա հրաժարվել էր: Կանանց իրավապաշտպան խմբերը  պնդում են, որ այդ սպանության մասին չեն հայտնել ոստիկանությանը:

 

 

Այս ցնցող բացահայտումների շարքին ավելացավ նաև Մոհամմեդ Իքբալի մեղադրանքը  ոստիկաններին, ովքեր հրաժարվել են փրկել իր հանգուցյալ կնոջը: Նա ասաց, որ ոստիկանությունը ոչինչ չի արել դատարանի շենքի առջև 15 րոպե տևած բռնության ընթացքում:  «Ես խնդրեցի նրանց օգնել մեզ, սակայն իրենք պատասխանեցին, որ դա իրենց պարտավորությունների մեջ չի մտնում: Ես նույնիսկ հանեցի վերնաշապիկս, և խնդրեցի նրանց օգնել, բայդ դա էլ չազդեց»:

 

Պակիստանի վարչապես Նավազ Շարիֆի խոսնակի հաղորդմամբ, վարչապետը  պահանջել է պարզել, թե ինչու է ոստիկանությունն անտարբեր թողել այդ հարցը:

 

 

Պակիստանի որոշ հատվածներում, հատկապես որտեղ մահմեդական բնակչություն է ապրում, համարվում է, որ  կնոջ համար անպատվաբեր է սիրահարվել և ինքնուրույն ընտրել ամուսնուն: Կանայք պետք է համաձայնեն հարկադված ամուսնություններին, հակառակ դեպքում նրանց  կարող են սպանել: Թեև նման  «պատվի համար» սպանությունները շատ ընդունված են Պակիստանում, սակայն այս դեպքի դաժանությունը ցնցեց ողջ աշխարհին:

 

 

…Ֆարզանայի մարմինը թաղեցին գիշերը՝ իր ամուսնու ընտանիքի 100 անդամների ներկայությամբ Պակիստանի արևելքում գտնվող Փանջաբի մարզում: Ընտանիքը որոշել է նրան գիշերվա ընթացքում թաղել, քանի որ աճյունը սարսափելի վիճակում է եղել:

 

 

Հաշվեհարդարի բոլոր մասնակիցները, բացի հորից, ում արդեն ձերբակալել են, անհետացել են: Ոստիկանությունն ասում է, որ Ֆարզանայի երկու եղբայրները և նախկին փեսացուն եղել են այդ հարձակվող խմբի մեջ:

 

 

Ֆարզանայի 20-ամյա խորթ որդին պատմել է, թե ինչպես է նրա ազգականներից մեկը փորձել կրակել նրա վրա, հետո քաշել է նրա շարֆից, որպեսզի գետնին տապալի: Երբ ինչ-որ մեկը փորձել է հեռացնել ատրճանակը, Ֆարզանայի զարմիկը վերցրել է աղյուսը և սկսել է նետել նրա վրա: «Նա լացում և բղավում էր – մի սպանեք ինձ, մենք ձեզ փող կտանք»…

 

 

Դեպքը տեղի է ունեցել ամենամարդաշատ փողոցներից մեկի վրա, դատարանի շենքի մոտ, ուր զույգին կանչել էին՝ վկայություն տալու, որ իրենց ամուսնությունն իսկական է՝ ի պատասխան այն կեղծ տեղեկատվության, որ աղջկան իբր առևանգել են:

 

 

Սա առաջին անգամը չէ, որ նրա ընտանիքը փորձում է սպանել Ֆարզանային: Մայիսի 12-ին էլ նրա ընտանիքի 7 անդամներ ուղևորվել են այն գրասենյակ, որտեղ նա աշխատում է, սակայն կոլեգաները թույլ չեն տվել իրականացնել մտածածը: Ավելի ուշ նրա վրա են հարձակվել ոստիկանության շենքի մոտ:

 

«Ես նույնիսկ չեմ ուզում օգտագործել այդ «պատվի համար սպանություն» արտահայտությունը», – ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլլայը դեպքի առիթով  իր հայտարարության մեջ:

 

 

Երկու օր Պակիստանում բացարձակ լռություն էր, և տեղի ԶԼՄ-ները շատ քիչ ուշադրություն էին դարձնում կատարվածին: Դա այնքան սովորական բան է դարձել, որ չեն էլ անդրադառնում: Կանանց նույնիսկ սպանել են ջինս հագնելու, պատուհանից դուրս նայելու, երգելու կամ երեխա ունենալու համար:

 

 

Պակիստանի Մարդու իրավունքների հանձնակատարն ասաց, որ անցած տարի 869 նման դեպք է գրանցվել, սակայն իրական թիվը ավելի մեծ է, քանի որ շատ դեպքերի մասին չեն էլ հայտնել:

 

 

Մինչդեռ  թերթերից մեկում հոդված տպագրվեց մի  դեպքի մասին, որ Նյու Յորքում 75-ամյա պակիստանցի գաղթականը ծեծելով սպանել է իր կնոջը՝ բուսակերների համար նախատեսված սնունդ մատուցելու համար: Հեղինակը նկարագրելով այս դեպքը եզրահանգում է.

 

 

«Ազգի համար ամենամեծ ողբերգությունն այն է, որ նրա փաստաբանն ասել է, որ նա ուղղորդվել է իր մշակութային դաստիարակությամբ, որտեղ կնոջը ծեծելը ավանդույթ է»…

 

 Աղբյուրը՝  Daily Mail

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Պակիստան. հղի կնոջը ծեծելով մահվան են հասցրել նրա ընտանիքի անդամները

 

 

 

Պակիստանում ծնողները սպանել են իրենց դեռահաս դստերը` տղայի հետ զրուցելու համար

 

Պակիստանում երկու աղջիկներ սպանվել են անձրեւի տակ պարելու համար

 

Դիտումների քանակը` 2741

Վերադառնալ վերև