Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…

 

Այսօր ԵՊՀ-ում՝ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության  կենտրոնում քննարկում էին  «Գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում» հետազոտության արդյունքները:

 

…Հայրիկը, նստած բազմոցին, վայելում է հանգիստը ու թերթ է կարդում, մայրիկը կամ տնային գործերն է անում, կամ օգնում է դասպատրաստման գործում, պապիկը միշտ հեռուստաույց է դիտում, իսկ տատիկը ձեռագործ անում, աղջիկը` տիկնիկով է խաղում, իսկ տղան` թրով, գնդակով … Մեզանից շատերի պատկերացմամբ սա է հայկական ավանդական երջանիկ ընտանիքը…

 

 

Իհարկե, Նուշիկը պետք է մայրիկի պատրաստած նախաճաշը համտեսի, իսկ տուն գալուց մտածի, թե «պիտի սենյակս հավաքեմ, … փոշին մաքրեմ….»:  Նուշիկը ուշիմ աշակերտ է՝  «դասերն արագ կանի, որովհետև ուսուցչուհուն ուշադիր էր լսել և ամեն ինչ լավ հիշում է»:

 

 

Աննան էլ  լավ գիտի, որ  պատշարը, զոդողը, ինժեներն ու բուսաբանը տղամարդու գործեր են, ա’յ ուրիշ բան կարն ու ձևը` կնոջ զբաղմունք է. «Աննան գնեց սպիտակ, կանաչ, դեղին թելեր: Սպիտակից կտրեց 2 մետր և տիկնիկի համար գուլպա գործեց»:

 

 

Այս օրինակները բերված են տարրական դպրոցի դասագրքերից ու առաջին հայացքից շատ բնական են ու արտացոլում են «իրականությունը»: Մինչդեռ, ՀՀ ԳԱԱ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա  Ծատուրյանը փորձել է թերթել դասագրքերը «գենդերային ակնոցներ»-ի օգնությամբ… Արդյունքներն ներկայացրեց  ԵՊՀ-ի  Գենդերային հետազոտությունների և առաջնորդության  կենտրոնում այսօր կայացած հանդիպմանը:

 

 

–         Դասագրքերում առկա է գենդերային դերերի ներկայացվածության խիստ անհամաչափություն, ավելին` արական դերերն ու պատկերները գերակշռող են  իգականի նկատմամբ՝ մասնագիտությունների, սոցիալական դերերի, հատկանիշների առումով: Օրինակ, տղաները` համարձակ են, չարաճճի, աշխույժ, իսկ աղջիկները` լալկան, համեստ, պարտաճանաչ…Աշակերտը, ամեն օր շփվելով դասագրքի հետ, ակամա ընկալում և յուրացնում է այդ պատկերների ու տեքստերի մեջ թաքնված կոդերը, ինչը դժվարություններ և  բարդություններ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և  իրավունքների հարթությունում»,-  ասում է նա՝ ներկայացնելով «Գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում» հետազոտության արդյունքները, որը իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության  աջակցոթյամբ:

 

Հետազոտության շրջանակներում գենդերային վերլուծության են ենթարկվել 1-ից մինչև 4-րդ դասարան բոլոր հայալեզու դասագրքերը:  Հետազոտողի կարծիքով, գենդերային  ոչ զգայուն, խտրական  լուսանկարներն ու  տեքստերը անուղղակի ազդեցություն են ունենում երեխայի ենթագիտակցության վրա, նպաստելով  մասկուլին հասարակական մշակույթի վերարտադրմանը: Նրա խոսքով, տղամարդիկ և տղաները հիմնականում ներկայացված են առաջնորդող, նախաձեռնող դերերում, մինդեռ աղջիկները ավելի շատ կատարողի, հետևողի, լրացնողի դերերում: Տղաները ներգրավված են ակտիվ, ստեղծագործ զբաղմունքներում. սպորտային խաղեր, վերանորոգում, հեծանիվ քշել, ֆիզիկական աշխատանքներ  կատարել, մինչեռ աղջիկները ներգրավված են հիմնականում ավելի պասիվ դերերում` հաճախ ընդամենը կրկնօրինակելով կանացի կամ մայրական դերերը.

 

…«Փոքր քույրը, որ չէր հասկանում թե ինչ էր տեղի ունեցել, բարձրաձայն լաց էր լինում: Փոքր եղբայրը ձայնը գլուխն էր գցել և որոշում էր ընդունում, որ հաջորդ անգամ….»…, – «Մայրենի-4»-ում նկարագրված  դերերի այս  բաշխումը տիպիկ է մեր դասագրքերի համար, նշում է Ծատուրյանը:

 

Նրա դիտարկմամբ՝ դասագրքերը երեխաների մոտ  ձևավորում են  «իգական»  և «արական»  մասնագիտությունների մասին պատկերացումերը:

 

–         Դասագրքում պատկերված բոլոր ուսուցիչները` իգական սեռի են:  «Իգական»  մասնագիտություններից են նաև պարուհին, վաճառողը, հացթուխը, կար անողը,  տնային տնտեսուհին,  հազվադեպ է պատահում բժշկուհու կերպար:  Մինչդեռ, «լուրջ, կարևոր տղամարդկային» մասնագիտությունների և զբաղմունքների ցանկն ավելի ընդգրկուն է. տանկիստ, զինվոր, վարորդ, շինարար, հյուսն, մարզիկ, ոստիկան, քանդակագործ, դարբին, ջութակահար, տիեզերագնաց, աստղագետ….

 

Ռուզաննա Ծատուրյանը նշում է, որ արական և իգական զբաղմունքների հստակ տարանջատումը հատկապես երևում է մաթեմատիկայի դասագրքերում.

 

–         Արտեղ խնդիրների սահմանափակ բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ տղաները/տղամարդիկ հիմնականում ներգրավված են այնպիսի զբաղմունքներում, ինչպիսիք են շինարարությունը, մետաղալարով իրերի պատրաստումը, ոչ մթերային գնումները, դրամային  հարցերը, իսկ աղջիկները/կանայք` տորթ են թխում, ճաշ պատրաստում, գուլպա գործում, ժապավեն,  ուլունք, ծաղիկներ, մթերք գնում և այլն: Այս պատկերը կարող ենք տեսնել անգամ, երբ  երեխաներ բնության գրկում են. «Այբբենարանի»  նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես են տղաները վրան պատրաստում, ծառ մագլցում, լողում, իսկ աղջիկները ներգրավված են խարույկի վրա ճաշ պատրաստելու գործում… Հետաքրքիր է, որ տղաները կարող են պատկերված լինել կիսամերկ` կիսավարտիքով լողալիս կամ գետի մոտ ձուկ որսալիս, մինչդեռ աղջիկ երեխաները որպես կանոն կիսամերկ չեն պատկերվում, եթե անգամ հայտնվում են նմանատիպ իրավիճակում, ապա ներկայացվում են ափին զգեստով խաղալիս…

Ռուզաննա Ծատուրյանը հետազոտության ընթացքում բազմաթիվ այլ  խտրական մոտեցումներ է նկատել: Օրինակ այն, որ դասագրքրերում ներկայացված բոլոր հերոսները` պատմական, առասպելական, հեքիաթների, պատմությունների, բացառապես արական սեռի են: Կամ էլ «Շրջագայություն մեր երկրով» խորագրում ներկայցված է Հայստանի քարտեզը` հայտնի մարդկանց նկարների միջոցով, այստեղ ևս միայն տղամարդկանց դեմքեր ենք տեսնում:

 

Ցավոք,  հանդիպմանը  ներկա չէին և ոչ մի պատասխանատուներ՝ Կրթության և գիտության նախարարությունից կամ էլ դասագրքերի փորձաքննության հանձնաժողովի անդամներից: Սակայն մենք առիթ  ունեցել ենք նույն այս հետազոտության վերաբերյալ  զրուցելու «Մայրենի 4»  դասագրքի համահեղինակ Դավիթ Գյուրջինյանի հետ, ով համաձայն էր,  որ դասագրքերի ստեղծման համար չկան գենդերային չափորոշիչներ.

 

–         «Մայրենի 3» -ում ունեինք երկու տղա հերոսներ, այս գրքում արդեն  4-ն    են ` 2 աղջիկ և 2 տղա: Մենք ինքնուրույն եկանք այդ գաղափարին:  Չկան գենդերային կոնկրետ պահանջներ, ստանդարտներ: Մեզ օգնում է դասագրքային փորձը, արտասահմանյան օրինակները և անձնական փորձը` երկու աղջիկ ունեմ»:

 

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, եթե ցանկացած երեխայի հանձնարարեք ծեփագործ նկարել, մեծ մասը տղամարդու կնկարի.

 

–         Դուք կարող եք ինձ մեղադրել կարծրատիպեր ունենալու մեջ, բայց սա մեր բնական արձագանքն է, երթուղայինի վարորդին բոլորս էլ տղամարդու կերպարում ենք տեսնում:  Պետք չէ ծայրահեղացնել, հաշվի առեք նաև մեր ընտանեկան ավանդույթները, որոնց կրողն եմ նաև ես, եթե դարբին է, հյուսն է, ուրեմն տղամարդու կերպարով: Ես էլ եմ տանը, ճիշտ է հազվադեպ, բայց որևէ ուտեստ պատրաստում, բայց իմ գրքի մեջ ճաշ եփող հայրիկի երբեք չեմ պատկերի, փորձը ցույց է տալիս, որ  բացասական կարձագանքեն անգամ ուսուցիչները:

 

Մի խոսքով, դասագրքերի հեղինակները այնքան էլ չեն կիսում հետազոտողի կարծիքը: Ուսուցիչներն էլ դեռեւս պատրաստ չեն «գենդերային ակնոցներ» կրելու… Այսինքն, գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի  դասագրքերում կմնան այնպիսին, ինչպիսին, որ կան՝ ճաշ եփող մայրիկներով, բազմոցին թերթ կարդացող հայրիկներով ու գուլպա գործող տատիկներով…

 

 

Լիլիթ Քոչինյան

 

 

Հետազոտությանը  կարող եք ծանոթանալ  այստեղ.

 

 

Դիտումների քանակը` 3872

Վերադառնալ վերև