Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նրանք մեր աջակցության կարիքն ունեն…/ տեսահոլովակ

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հայտնվել են այսօր  փախստականի կարգավիճակում, քանի որ հակամարտության զոհ են դարձել իրենց երկրներում` Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Ուկրաինայում: Նրանք  ստիպված են եղել  լքել հայրենի օջախը, հարազատներին ու հայտնի չէ` կկարողանան երբևէ տուն  վերադառնալ: Տարեց-տարի աճող թվերի hետևում մարդկային խեղված ճակատագրեր են, նրանց կյանքը  այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր …

 

Սիրիական հակամարտության սկզբից առ այսօր Հայաստան է եկել 16 հազար տեղահանված  մարդ, որոնցից 12 հազարը մնացել է Հայաստանում: Սրանք պաշտոնական թվեր են, սակայն ճշգրիտ տվյալներ իրականում գոյություն չունեն, քանի որ Սիրիայից Հայաստան տեղահանվածները ներկա պահին գրանցված չեն: Այս մասին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը  Հայաստանում Քրիստոֆ Բիրվիրթը:

 

Խոսելով մարտահրավերների մասին, որոնց հանդիպում են տեղահանվածները հայրենիքում` տանիքի բացակայություն, դժվարություններ զաբղվածության առումով, կրթություն ստանալու իրավունք և այլն, պաշտոնյան տեղեկացրեց, որ Սիրիայից ժամանած  200 կանանց շրջանում վերջերս կատարված ուսումնասիրությունը  երևան է հանել շատ խնդիրներ:

 

Այդպես, կրթության հասանելիության առումով  առկա է այն մտահոգիչ միտումը, որ տղաների 14 տոկոսը և աղջիկների 4 տոկոսը դուրս է մնում կրթական համակարգից: Երիտասարդության ինտեգրման հարցը մտահոգում է ծնողներին, որոնք իբրև հնարավոր լուծում տեսնում են իրենց Սիրիա վերադառնալը կամ էլ հարևան երկրներ գնալը: Առկա են նաև հոգեբանական խնդիրներ, քանի որ Սիրիայից ժամանած անձանց 20 տոկոսը հանդիսանում են բռնության զոհեր կամ դրա ականատեսներ:

 

Կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են եկել ոչ պատշաճ իրազեկման պատճառով: Այդպես, հարցված կանանց շուրջ 40 տոկոսը տեղյակ չէր անվճար բուժօգնություն ստանալու կամ  պարենային/ոչ պարենային օգնության մասին: 12 տոկոսի մոտ ցածր էր իմացությունը իրավաբանական խորհրդատվության, հոգեկան առողջության ծառայությունների ու հոգեբանա-սոցիալական  աջակցության վերաբերյալ: Լուրջ խնդիր է նաև Սիրիայից ժամանած կանանց համար աշխատանք գտնելը Հայաստանում` կանանց 83 տոկոսը գործազուրկ են:

 

Մինչդեռ, նշեց  Ք.Բիրվիրթը, փախստականները և այլ տեղահանված բնակչությունը ոչ միայն  մարտահրավեր են հանդիսանում, նրանք  կարող են զգալիորեն նպաստել  Հայաստանի հետագա զարգացմանը, և  հասարակության, և  տնտեսության առումով: Սիրիայից տեղահանված հայերի  մեծամասնությունն ունի լավ կրթություն,  արհեստագործության և ձեռներեցության փորձ, այնպես որ շատ կարևոր է  հնարավորություններ ընձեռել նրանց առավելագույնս օգտագործել նրանց ներուժը  ի նպաստ երկրի զարգացման:

 

Այս համատեքստում է իրականացնում իր բոլոր ժրագրերը  ՄԱԿ-ի  Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը  լինի դա ապաստան գտնելու,   վարձի, կոմունալ ծախսերի և այլ ծախսերը հոգալու,  բիզնես վարկեր ստանալու և սեփական գործ ունենալու աջակցություն: ը

 

Ի դեպ, այս տարի ՄԱԿ ՓԳՀ-ն եռապատկել է իր բյուջեն և այժմ այն կազմում է  1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ ուղղվելու է Հայաստանում մարդասիրական գործունեության  իրականացմանը: Պաշտոնյանի խոսքով` արվում է ամենը, որպեսզի հաջորդ տարի այդ թիվը էլ ավելին լինի, քանի որ, ցավոք սրտի, հակամարտությունները շարունակվում են ու թեևն անցած ամռան համեմատ տեղահանվածների հոսք այսօր չունենք, բայց Սիրիայից շարունակում են Հայաստան ժամանել նոր փախստականներ, որոնք ունեն մեր բոլորիս օգնության և աջակցության կարիքը:

 

Էնզելա Մակարյան

 

 

Ծանոթացեք ՝

«Սիրիայից տեղահանված կանայք փնտրում են անվտանգ ապաստան Հայաստանում» հետազոտությանը

 

 

Դիտեք ՄԱԿ ՓԳՀ իրազեկման  տեսահոլովակը՝ հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մասնակցությամբ.

 

 

 

Դիտումների քանակը` 1753

Վերադառնալ վերև