Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նրա «ամերիկյան երազանքը» կատարյալ կդառնա, երբ իրականանա նաև Հայաստանում …

Մետաղների, քարերի ու ապակիների, բազմագույն ու տարաբնույթ նյութերի համադրություններից վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, մատանիներ,  որոնցից յուրաքանչյուրը նախորդի լրացումն է ու բացահայտում է դիզայներ Եվա Ադալյանի ներաշխարհն ու հոգու պոռթկումները… Տեսնելով  Գաֆեսճյան կենտրոնում նրա բացառապես ձեռքով պատրաստված աշխատանքները   հասկացա՝ Եվայի ստեղծածը պարզապես զարդ անվանելը շատ հասարակ ու պարզ կլիներ:  Դրանցից  յուրաքանչյուրը իրենց լուծումներով, գունային ներդաշնակությամբ սիրով ու ջերմությմաբ լի գլուխգործոցներ  են, որոնք առավելապես ընկալվոմ են որպես  արվեստի գործեր:

 

Ծանոթանալով նրա հետ  համացանցում իմացա, որ այսօր Եվա Ադալյանն ապրում է ԱՄՆ-ում` Գլենդել քաղաքում: Տարիներ առաջ օվկիանոսից այն կողմ էր մեկնել բոլորովին այլ երազանքով:  Երազում էր դերասանուհին դառնալ, սակայն գեղեցիկ ու յուրահատուկ զարդերի հանդեպ հետաքրքրությունը նրան բոլորովին այլ աշխարհ տեղափոխեց: Դերասանական կարիերայի փոխարեն Եվան նախընտրեց զարդերի ձևավորողի մասնագիտությունը: Կատակով նշում է, որ այն իր ստանձնած դերերից ամենավերջինն ու թերևս ամենասիրելին է:

 

Եվայի  «հոլիվուդյան ավարտով»  պատմությունը սկիզբ առավ, երբ  Հայաստանից բերված փայտե նրա ապարանջանը կոտրվեց:  Նա  կոտրվածը նորոգելու որոշում է կայացնում և  արդյունքում ապարանջան վերածվում է շղթայի, իսկ մի քանի օր անց Եվայի սեղանին են հայտնվում ընկերուհիների կոտրված զարդերը` խնդրանքով դրանք նորոգել կամ դրանցից նորը պատրաստել:

 

2002-ին  Եվան աշխատում էր ճարտարապետական մի գրասենյակում` որպես ինտերյեր ձևավորող: Արվեստագետի աչքից չեն վրիպում գրասենյակ բերված   լամինատի կտորները:

 

«Սրանցից կարելի է վզնոցներ պատրաստել»,- մտածում է նա և անցնում գործի: Լամինատե կտորները գունավոր քարերի համադրությամբ վերածվում են կոլաժների: Արդյունքում Եվան պատրաստում է շուրջ երկու հարյուր տարբեր չափերի վզնոցներ: Որոշ ժամանակ անց Եվան հասկանում է` իր առաքելությունը ոչ թե գրասենյակային աշխատանքն է, այլ  զարդերի ձևավորումը:

 

Ամերիկյան շուկայում Եվայի զարդերն առանձնանում են իրենց  յուրահատկությամբ:  դրանք համարձակ են, բազմաժանր ու ինքնատիպ: Դրանք  ամենատարբեր նախասիրությունների, ճաշակի և տարիքի տեր կանանց համար են: Եվայի խոսքերով՝  նրանք  այն մարդկանց համար են, որոնք սիրում են կրել ստանդարտից դուրս զարդեր՝ չցանկանալով նմանվել ուրիշներին:

 

Եվան խոստովանում է, որ երբեք նախապես չի նկարում: Նոր զարդի գաղափարը հանկարծակի է ծագում: Զարդերից շատերը  բրոնզից և պղնձից են: Նախընտրում է տարբեր գույների քարերը, սակայն ամենասիրելին դեղին գույնն է: Վերջին շրջանում հավաքածուներոմ առանձնանում են նաև հախճապակուց զարդերը:  Դիզայների մեկնաբանությամբ` նրանք առանձնահատուկ  էներեգետիկ դաշտ ունեն:

 

Կատարելության ձգտող արվեստագերը խոստովանում է, որ դժվարություններից չի վախենում, նախապատվությունը տալիս է առավել բարդ կառուցվածքով զարդերին: Ասում է` հաճախ զարդը կատարելագործելու նպատակով օրերով  մի քանի շարքեր խառնում է իրար, կարճացնում, երկարացնում, ամրացնում: Արդյունքը` գեղարվեստական նոր ստեղծագործությունն է, որն իր ուրույն տեղն է գտնում, ոչ միայն Եվայի հավաքածուներում այլև հաճախորդի զարդատուփում:

 

Եվայի զարդերը նախընտրում են ոչ միայն հայերը, այլև օտարները:  Արվեստագետից կամաց-կամաց դառնում է բիզնես լեդի: Նրա աշխատանքները մեծ պահանջարկ ունեն տարին մի քանի անգամ անցկացվող նորաձևության հայտնի շոուներում, վաճառվում են ամերիկայի հայտնի խանութներում:

 

Արդեն երկու տարի Եվայի զարդերով հիանալու և դրանք ձեռք բերելու հնարավորություն ունենք նաև մենք`հայաստանցիներս: Նրա զարդերը վաճառվում են Գաֆեսճյան կենտրոնում և Աղաքսակ խանութում:

 

Ստեղծագործական ամենաօրյա աշխատանքին զուգահեռ բիզնես լեդին այսօր մտորում է մասսայական արտադրության մասին, բնականաբար այդ ժամանակ զարդերի նմուշներն առավելապես դասական ոճին կհամապատասխանեն:   Իսկ հայրենիքի հետ կապված ամենամեծ երազանքներից  է՝ Երևանում , Թումանյան-Աբովյան փողոցի անկյունում խանութ ունենալն է:

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտումների քանակը` 3755

Վերադառնալ վերև