Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ն.Զոհրաբյան. Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի -փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են ծավալվում: Օրենքը մեկնաբանվում է տարբեր կողմերից ու երբեմն իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրակացություններով, սակայն հասարակական ռեզոնանս, այո, գոյություն ունի: Նախօրեին հայտնի դարձավ, որ օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես է եկել նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ում հետ Panorama.am-ը զրուցեց հասկանալու` ո՞րն է պատգամավորի տեսած վտանգն այս օրենքում:

 



Տիկին Զոհրաբյան, մայիսին խորհրդարանն ընդունեց կառավարության և պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքը, որը լուրջ քննադատության է արժանանում հանրության կողմից: Երեկ հայտնի դարձավ, որ Դուք արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ եք ներկայացրել, որպեսզի հանվի այն դրույթը , որի շուրջ էլ աղմուկ է բարձրացել: 

 
-Այո, ընդունված օրենքով «սեռ» եզրույթը մեկնաբանվում էր որպես ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ինչը, բնականաբար, լուրջ և օբյեկտիվ քննադատությունների տեղիք է տվել, և ես ողջ այդ ձևակերպումը առաջարկել եմ հանել: Ասեմ, որ երբ խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին այս նախագծի շուրջ, նախագծի տեքստի նախնական տարբերակում նման ձևակերպում չի եղել ու մեր մտքով անգամ անցնել չէր կարող, որ վերջնական տեքստում նման ձևակերպում են «սղղացնելու»: Միանշանակ վստահ եմ, որ դա արել է կառավարությունը, քանզի Բիշարյանի և Մարգարյանի ներկայացրած նախնական տարբերակում նման ձևակերպում չի եղել:

Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը: Համաձայն եմ, որ եթե մնա այն ձևակերպումը, որն արդեն օրենքում կա, դա կարող է տարաբնույթ, մեր ազգային նկարագրին ոչ հարիր մեկնաբանությունների տեղիք տալ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս արագ հանել այդ պարբերությունը, ինչը և ես առաջարկել եմ խորհրդարանին:

 

-Բայց նաև հանրապետության նախագահն է վավերացրել:

 
– Համենայնդեպս, մենք ևս, որպես պատգամավորներ, պետք է ուշադիր լինեինք և միշտ մտածենք, որ նախագծի հեղինակները կարող են մի ինչ-որ պահի ինչ-որ բառ կամ պարբերություն ներառել նախնական տեքստի մեջ և պետք էր վերջնական տեքստը երրորդ քվեարկության ռեժիմից առաջ ևս, ամենայն մանրամասնությամբ նայեինք: Ինչևէ, կարծում եմ խորհրդարանը կպաշտպանի իմ առաջարկը և այդ կասկածելի եզրույթը կհանվի: Ավելին, այդ օրենքը բավականաչափ լրամշակման կարիք ունի և ես առաջարկելու եմ, որ աշնանը կազմակերպվեն խորհրդարանական լսումներ` օրենքի նախագիծը կրկին քննարկելու համար: Այս պահին հանենք ամենավիճելի եզրույթը, հետո արդեն աշխատենք մնացյալ տեքստի վրա: Ես պատրաստ եմ լսել բոլոր շահագրգիռ մարդկանց և կազմակերպությունների տեսակետներն ու առաջարկներն այս օրենքը լրամշակելու վերաբերյալ, որպեսզի այլևս նման կարգի ձևակերպումներ որևէ մեկը չկարողանա «սղղացնել» մի օրենքում, որի նպատակը բոլորովին այլ է` այն է, որ տղամարդիկ և կանայք ունենան հավասար իրավունքներ, ինչը միանգամայն նորմալ է:

 

Մտավախություններից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցներն են շահագրգիռ, որ նման կասկածելի ձևակերպումներ լինեն մեր օրենսդրության մեջ, որպեսզի տարբեր կարգի սեռական փոքրամասնությունները կարողանան իրենց ավելի ապահով զգալ: Բայց Դուք նման բան տեսնո՞ւմ եք օրենքի տողատակերում:

 
-Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե այս հարցում եվրոպական կառույցներն ու սեռական փոքրամասնությունները ինչ են ուզում: Ես վստահ հայտարարում եմ, որ մենք պետք է համակարգված պայքար մղենք ցանկացած երևույթի դեմ, որը կաղճատի մեր ազգային նկարագիրը, որը որևէ սողանցք կբացի այլասերվածություն ու անբարոյականություն քարոզելու համար: Սա իմ վստահ դիրքորոշումն է և ԵԽԽՎ-ում, բոլոր միջազգային կառույցներում ես մշտապես դեմ եմ քվեարկում բոլոր այն նախագծերին, որոնք ինչ-ինչ արտոնություններ ու իրավունքներ են սահմանում սեռական փոքրամասնությունների համար:

 

Տիկին Զոհրաբյան, խորհրդարանում տևական ժամանակ է շրջանառության մեջ է նաև Դավիթ Հարությունյանի և ձեր համատեղ հեղինակած լրաշմակումը Քրեական օրենսգրքում, որտեղ Դուք առաջարկում եք խստացնել պատիժը անչափահաս երեխաների, հղի կանանց նկատմամբ սեռական բռնություն կատարողների հանդեպ: Ե՞րբ լրաշմակված նախագիծը կընդունվի խորհրդարանի կողմից:

 
-Այո, մենք առաջարկել ենք խստացնել քրեական պատասխանատվությունը տարբեր կարգի սեռական մոլագարների նկատմամբ, ովքեր սեռական բռնություն կկատարեն երեխաներրի, հղի կանանց հանդեպ: Նման կենդանիների համար մենք պետք է առավել խիստ պատժաչափ սահմանենք և ես վստահ եմ, որ աշնանային նստաշրջանի հենց առաջին նիստերում խորհրդարանը մեր առաջարկը կվավերացնի:

 

Աղբյուր` Panorama.am

 

Կարդացեք այս թեմայի շուրջ .

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

 

Դիտումների քանակը` 3051

Վերադառնալ վերև