Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ն. Փաշինյան. «Հետևողականորեն գնալու ենք կանանց իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման ճանապարհով»

 

Կառավարությունը հաստատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

 

«Կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք հետևողականորեն գնալու ենք ՀՀ-ում կանանց իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման ճանապարհով»,- հայտարարեց  այսօր կառավարության նիստում ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հաստատելու շուրջ իր ելույթում:

 

Վարչապետի խոսքով,  այսօր Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են և մենք չենք կարող տնտեսական լուրջ առաջընթացի մասին խոսել՝ առանց կանանց ներուժը  պատշաճ կերպով իրացնելու համար  հնարավորություն ստեղծելու, առանց քաջալերելու կանանց, որպեսզի օգնեն իրենց ընտանիքների աղքատությունը հաղթահարել։

 

«Ես այսօր անձամբ գիտեմ դեպքեր, որ ընտանիքը աղքատության մեջ է իր բոլոր կոմպոնենտներով՝ հարբեցող ամուսինով և այլն, և թույլ չի տալիս իր կնոջը, որ խմորեղեն թխի և հանձնի խանութին։ Ես անձամբ եմ ճանաչում այդպիսի մարդկանց։ Ով այս իրավիճակը համարում է ազգային ավանդույթ, որը պետք է պահպանել և պաշտպանել, կներեք, իմ կարծիքով, ինքն ուրիշ ազգից է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նաև անդրադարձավ ԶՈւ-ում ծառայող կանանց. «Տեսեք, թե ինչ կանայք են այսօր ծառայում զինված ուժերում, դա մեր զինված ուժերի համար պատիվ է: Համոզված եմ, որ նրանց առկայությունը ԶՈւ-ում զինվորների պատասխանատվությունը էլ ավելի է մեծացնում։ Այսօր կին կուրսանտներ ունենք ռազմական ուսումնական հաստատություններում»:

 

 

Ո՞վ է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պիտի գործադրի միայն կինը

Ո՞վ է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պիտի գործադրի միայն կինը: Եթե ընտանիքը թանկ է, ամուսինը նույնքան ջանք պետք է գործադրի դրա պահպանման համար։

Gepostet von CivilNet.TV am Donnerstag, 26. Dezember 2019

 

 

***

 

ՀՀ Կառավարության  այսօրվա նիստում  Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով  ՀՀ կառավարությա հաստատմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային Ռազմավարություն -ը  և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագիր-ը ,  ասաց, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների ստեղծված իրավիճակի, նաև նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, մատնանշում է այս ռազմավարության սկզբունքներն ու սահմանում հաջորդ երեք տարիների առաջնահերթությունները:

 

Փոխնախարարի խոսքով՝ այս ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը, ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը, ՀՀ միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։

 

Նրա խոսքով՝ գործողությունների ծրագիրը թիրախավորում է, այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները: Խոսքը նախ, զինծառայողների, ազատությունից զրկված անձանց, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող անձանց, ինչպես նաև ընտանեկան բռնությունից տուժած անձանց մասին է:

 

Ռազմավարության   կարևոր հարցեից է  ատելության խոսքի դեմ ձեռնարկվելիք միջոցներներն են, այդ թվում՝ պատասխանատվության մեխանիզմների ուսումնասիրությունն ու կիրառությունը նաև օնլայն տիրույթում:

 

Փոխնախարարը հայտնեց, որ կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում առողջության իրավունքի պահպանման մասով հասանելի ծառայությունների մասին հանրության իրազեկման ուղղությամբ՝ թե՛ հիվանդությունների վաղաժամ կանխարգելման, թե՛ բժշկական սպասարկման և օգնության շրջանակներում մարդկանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների բարելավման նկատառումներով:

 

Աշխատանքային իրավունքների մասով կենտրոնական գործողություններն էլ վերաբերում են աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանմանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմնի ստեղծման հարցերին:

 

Կրթության իրավունքի մասով թիրախավորվում են մարդու իրավունքների մասին հիմնարար տեղեկությունների ինտեգրումը կրթական ծրագրերում, ուսուցիչների վերապատրաստումը, նախադպրոցական կրթության հաստատությունների հասանելիության հարցերը, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը։

 

Քրիստինե Գրիգորյանը նշեց նաև, որ Գործողությունների ծրագրով նախատեսված են միջոցառումներ, որոնք միտված են իրավահավասարության ապահովմանը, խտրականության արգելքին, տարբեր խոցելի խմբերի պաշտպանությանը: Նա նաև հայտնեց, որ կարևոր միջոցառումներ են նախատեսված կանանց իրավունքների պաշտպանության, երեխաներին բռնությունից պաշտպանության ուղղությամբ և այլն:  Կոնկրետ միջոցառումներ են նախատեսված որդեգրումների մեխանիզմների ուսումնասիրության, խնդիրների վեր հանման և լուծման ուղղությամբ։

 

Պատրաստեց՝ Մ. Մարգարյանը

Դիտումների քանակը` 916

Վերադառնալ վերև