Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը

Սեպտեմբերի 25-ից 27-ը, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կկայանա Կայուն զարգացման գագաթնաժողովը, որին աշխարհի պետությունների ավելի քան 150 ղեկավարների մասնակցությամբ  պաշտոնապես ընդունվելու է մինչև 2030 թվականը կայուն զարգացման նոր գլոբալ օրակարգը՝ իր 17 նպատակներով:  

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան երգչուհի Շակիրան գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ կկատարի Ջոն Լենոնի Imagine երգը՝ նվիրված աշխարհի խաղաղությանը։  Շակիրան երգը  նվիրել է սիրիացի փախստական երեխաներին, ովքեր աշխարհի բոլոր  երեխաների նման     կրթության եւ ինքնակայացման   իրավունք ունեն:

 

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  նա  կատարել է երգի կրկներգը՝ նշելով, որ   Սիրիայում հումանիտար աղետային իրավիճակում և փախստականների ճգնաժամի պարագայում պետք է կրկին վերհիշել այդ հայտնի երգի ուղերձի մասին։

 

Շակիրան կոչ է արել համաշխարհային առաջնորդներին և բոլոր մարդկանց արդարացի լուծում գտնել ներկայիս իրավիճակին։ Նրա խոսքով, «երեխաները չպետք է վճարեն  պատերազմների համար»…

 

«Ես հիշում եմ Ջոն Լենոնի երգի բառերը՝ «պատկերացրու մարդկանց, ովքեր կիսում են աշխարհը»։ Ինչո՞ւ մենք չենք կարող կիսել աշխարհը միմյանց միջև։ Ի՞նչն է խանգարում մեզ անել դա»,- ասել է երգչուհին։

 

Շակիրայի ելույթը պլանավորված է սեպտեմբերի 25-ին՝ Հռոմի Պապի ելույթից անմիջապես հետո։

 

Նշենք, որ 1971-ին գրված  Լենոնի  հանրաճանաչ «IMAGINE»  երգը  վաղուց արդեն  խաղաղության համար պայքարողների   համաշխարհային օրհներգ էր  հանդիսանում: Անցյալ  տարվա սեպտեմբերին  Լենոնի այրին Յոկո Օնոն փոխանցեց այս երգի իրավունքները ՄԱԿ-ին  եւ այժմ  նա  հնչում  է նոր առաքելությամբ՝   հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի.

 

« Կարող եք մտածել, թե երազող եմ,սակայն ես միակը չեմ…  Միայն պատկերացրեք , որ  բոլոր մարդիկ ապրում են  խաղաղության մեջ… Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա… »

 

Անցյալ տարվա դեկտեմբերին   ՄԱԿ-ի  Մանկական հիմնադրամը երգի   հիման վրա  ստեղծված  տեսահոլովակները տարածվել են  ողջ աշախարհում   Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 25-ամյակի  կապակցությամբ   համաշխարհային  քարոզարշավի     շրջանակներում:   Imagine.unicef.org կայքի միջոցով  այդ նախաձեռնությանը  միացել են    հազարավոր երեխաներ, ծնողներ, արվեստի գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից:

 

Նախաձեռնությանը    միացավ նաեւ Հայաստանը՝    ներկայացնելով հանրությանը  «IMAGINE»   երգի հիման վրա ստեղծված  հայկական  տեսահոլովակը:  Տեսահոլովակը ստեղծել են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ու պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, ռեմիքս տարբերակը` դիջեյ Վակցինան: Լենոնի երգը համախմբել է Ալլա Լեւոնյանին, Սերժ Թանկյանին, Գոռ Սուջյանին, Արթո Թունջբոյաջյանին, կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանին եւ Հայաստանի փոքրիկ երգիչներին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ջոն Լենոնի «IMAGINE»` ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

 

«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ

 

Պատկերացրեք խաղաղությունը…

 

UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ

 

ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար

 

 

Դիտումների քանակը` 4213

Վերադառնալ վերև