Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Շաղիկ Ռասթգելենյան . «Ես այս  հողից  ուժ ու զորություն եմ ստանում»

Համարձակ ու հետաքրքիր  գաղափարներ  կյանքի կոչող  սիրիահայ Շաղիկ Ռասթգելենյանը   փոքրուց  լսել ու կարդացել էր Հայաստանի մասին, միշտ երազել էր տեսնել իր հայրենիքը, սակայն  չէր պատկերացնում, որ 2012 թվականն  իր կյանքում  վճռորոշ  կլինի հետագա  կյանքն ու գործունեությունը մեկընդմիշտ  հայրենիքի  հետ կապելու առումով: Նրա  երազանքներից  մեկը մոդելի մասնագիտությունն էր, որն էլ  իրականություն դարձավ  Հայաստան գալուց հետո:

 

Մոր ու քույրերի հետ հեռանալով Սիրիայից, Շաղիկը  Երևանում  որոշեց շարունակել կիսատ մնացած ուսումը, Եվրոպական  համալսարանի միջազգային  բիզնեսի բաժնում սովորելու հետ մեկտեղ մի որոշ ժամանակ աշխատեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունում, որից  հետո համագործակցելով «Ատեքս»  նորաձևության  կենտրոնի հետ ձեռք  բերեց  երկրորդ` մոդելի մասնագիտությունը: Բարձրահասակ և  գեղեցկատես  Շաղիկին մշտապես մոդելների առաջին շարքում տեսնելը ընդունվեց  ոգևորությամբ, ուստի զարմանալի չէր, որ Իսպանիայի Ալիքանդե քաղաքում  անցկացվող մոդելների միջազգային  մրցույթում նրան վստահվեց Կովկասը ներկայացնելու ողջ պատասխանատվությունը:

Կարճ  ժամանակ անց Շաղիկը  Լիբանանում ապրող ընկերուհու` Ստեֆանի Սանոսյանի առաջարկով որոշեց տեղայնացնել  «Live-love-world»  և  «Live-love-bracelet»  միջազգային  ծրագրերը, որոնց  նպատակն էր համացանցով  / facebook,   instagram/ ներկայացնել որևէ երկրի պատմամշակութային արժեքներն ու բնաշխարհը: Շաղիկի փոխանցմամբ ծրագրերը  նպատակ ունեին նպաստել տուրիզմի զարգացմանը: 2015 թ.  նա սիրիահայ  ընկերուհիների` Սարի Բյուզանդյանի, Ստեֆանի Սանոսյանի և Ալին  Ազոյանի հետ սոցիալական ցանցով սկսեց իրականացնել  «Live-love Armenia» /«Ապրիր, սիրիր Հայաստանը» / նախագիծը, որն այսօր համացանցում արդեն 40 հազար  համակիր ունի:

 

-Live Love Armenia- ը քարոզարշավ է, որի նպատակն է սոցցանցերով երկայացնել Հայաստանի  տեսարժան  վայրերը,  բնությունն ու  պատմամշակութային  վայրերը, հայ  մարդու  կենցաղն ու սովորույթները: Մենք  համոզված ենք, որ հայ  ժողովրդի մշակութային  հարստության համացանցային  լուսաբանումը  կնպաստի մեր  հայրենիքում  զբոսաշրջության  զարգացմանը: Մեր  ծրագրի նպատակն է նաև սերտացնել Հայաստան-Սփյուռք  կապը:  Մեր  հետևորդները  հիմնականում սփյուռքահայեր են , կան  նաև  այլազգիներ, նրանք  տեսնում  Ճանաչում են Հայաստանը  մեր  մրջոցով»,- WomenNet.am-ի  հետ զրույցում ասում է   Շաղիկը և  հավելում, որ Հայաստանը մեկ  շաբաթ շարունակ  ներկայացվել է  նաև «Live-love-world»  միջազգային  ծրագրով:

Շաղիկ Ռասթգելենյանի ծրագրերում  ուրույն  տեղ ունի բարեգործական  նպատակով սիրիահայ  և  տեղացի  անապահով  ընտանիքներին  օգնելու որոշումն ու իրականացումը: «Ես մի շարք  գաղափարներ ունեմ մարզերի անապահով  ընտանիքների ու  այնտեղ ապրող երեխաների, Գյումրու  մանկատան  երեխաների հետ կապված», – ասում է նա: Իր փոքրիկ  խմբի  միջոցով պատրաստած ապարանջաների  վաճառքից  ստացված ողջ գումարը տրամադրեցին  բրդի  վերամշակման  գործում  հմտացած սիրիահայ  մի  ընտանիքի, որի  անդամները բուրդը վերամշակելուց  հետո դրանից  գործեցին գլխարկներ և  շարֆեր: Ինչպես    պատմեց Շաղիկը, իրենք  նախապես որոշել էին գլխարկներն ու շարֆերը չվաճառել, այլ նվիրել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան  սաներին: Այդպես էլ  վարվեցին:

 

Live Love Armenia-ի  լոգոյով  ձևավորված իր  իսկ արտադրանքը՝ ապարանջաները,  բլուզները վաճառում են Երևանի, Դիլիջանի, Քարահունջի  և այլ  քաղաքների խանութներում, որից  ստացած  շահույթը դաձյալ ուղղվում է Հայաստանի մարզերում բարեգործական  ծրագրերի  իրականացմանը: Շաղիկի բարեգործական  ծրագիրն այսքանով  չի ավարտվում: Հետզհետե  ընդլայնվող խմբի  կամավորների հետ մեկտեղ նա որոշել է կազմակերպել որևէ դպրոցի  կամ  հնամյա ու անտեսված եկեղեցու վերանորոգման և մաքրման աշխատանքներ:

 

Շաղիկն  իր խմբով համագործակցում է  նաև  Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և  «One Armenia» բարեգործական կազմակերպության  հետ: Բոլորովին  վերջերս  Շաղիկը ձեռնամուխ է  եղել  մի  ուրույն  ծրագրի  կենսագործմանը: Նա  իր խմբով և մայրաքաղաքի  գեղարվեստի  դպրոցների  սաների մասնակցությամբ որոշել է Երևանի ծայրամասային  փողոցներից կամ  բակերից  մեկը նկարազարդել,  կանաչապատել,  մի  խոսքով  գեղեցկացնել,  որպեսզի  մայրաքաղաքի  հյուրերն ու բնակիչները  ցանկանան այստեղ լուսանկարվել: Սա ևս Երևանը  գովազդելու տարբերակ է: Ժրաջան  խումբը սպասում է Երևանի քաղաքապետարանի  թույլտվությանը, որպեսզի  գործի անցնի:

 

-Հիմա, երբ ապրում եմ Հայաստանում,  չեմ ուզում, որ որևէ   հայ  լքի այն: Ուզում եմ, որ  բոլորն էլ հոգեհարազատ աշխատանք  գտնեն ու կապվեն  հայրենի հողին, սիրեն ու  փայփայեն այն:  Ես իրապես այս  հողից  ուժ ու զորություն եմ ստանում, իմ  հաջողությունների «օրորոցը»  Հայաստանը եղավ»,- ասում է  Շաղիկը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 516

Վերադառնալ վերև