Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Շուշանն եմ՝ ոչինչ չի փոխվել …

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ մեր զրույցը կայացավ  ԿԸՀ-ում՝ պատգամավորական մանդատների  ստանձման հանդիսավոր արարողությունից  անմիջապես հետո: Մեր առաջին հարցը  ՀՀԿ-ի համամասնական ցուցակով նորընտիր պատգամավորին՝ ինչպե՞ս գնահատվեց ձեր մուտքը քաղաքականություն հարազատների եւ հասարակության կողմից…  

 

 

–         Բնավորությունս իմանալով՝ ինձ շատ սիրող մարդիկ¸ բնականաբար¸ առանձնապես ուրախ չեն։ Այսինքն ինչի համար պիտի ուրախ լինեն¸ որ հիմնականում քարկոծվում եմ , հատկապես լրագրողների կողմից։ Այն լրագրողների¸ որոնք միշտ ինձ տեսնում են այնպիսին¸ ինչպիսին եմ. առանց սեթեվեթելու¸ առանց խափելու¸ ազնիվ։ Ես Շուշանն եմ՝ ոչինչ չի փոխվել։

 

Հայաստանում տարօրինակ բան է կատարվում. անընդհատ բողոքում են նոր դեմքերի պակասից¸ նրանց հայտնվելուն պես՝ նույն ակտիվությամբ սկսում են տապալելու փորձեր անել։ Շատ դժվարահաճ են¸ դժվար են մետամորֆոզների ենթարկվում։ Իրականում, գոնե իմ անձի հետ կապված,  ոչ մի արտառոց բան չեմ տեսնում։ Ինձ նոր չէ¸ որ պետք է ճանաչեն։ Իմ սկզբունքային ու անառեւտուր գիծ պահելը  ինձ թվում է արդեն ապացուցել եմ։ Քսան տարին քիչ  ժամկետ չէ¸ որ ցույց տա գայթակղություններին ընդառաջ չգնալու սկզբունքս։ Ինձ թվում է, այս առումով, նոր բան չպիտի հայտնաբերվի իմ տեսակի մասին։ Ինչ վատ է, եթե նույն իմ սկզբունքներով, ինչպես ծառայել եմ այնտեղ¸ այնպես էլ ծառայեմ այստեղ¸ ընդ որում՝ չհեռանալով մշակույթից։

 

 

Համատեղումն ինչպե՞ս եք պատկերացնում։

 

–         Էնպես չի¸ որ մենք՝ երաժիշտներս շատ զբաղված ենք։ Ասենք¸ես երեւի թե ամենազբաղվածներից եմ եղել։ Թերեւս կսահմանափակվեմ  ջազային ելույթներս իմ  ջազային սեքստետի՝ «Արտվոյսիս» խմբի հետ¸ որ շաբաթը գոնե երկու օր լինում էին։  Ամսվա մեջ ութ մենահամերգ ունեի. չորս կիրակիներ  «Մալխաս» ակումբում եւ  չորեքշաբթիները  «Պոպլովոկում»¸ բացի այդ կատարումներ  այլ,  ոչ շատ մոդայիկ ակումբներում։ Կարծում եմ ակումբայինները կմնան¸ կմնան ստուդիական ձայնագրությունները¸ որովհետեւ դա իմ երգն է¸ դրանից չեմ կարող գնալ-հեռանալ։  Եվ  անշուշտ կա սեպտեմբերի 21¸ հունվարի 28¸ դեկտեմբերի 2¸ մայիսի 28… սրանք այն օրերն են¸ երբ չեմ կարող չերգել ՝ բա իմ երգերն այդ օրերին չհնչե՞ն ։

 

Համարե՞նք¸ որ քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանը չի դադարեցնի արվեստագետ Շուշան Պետրոսյանի գործունեությունը։

 

–         Երբեք¸  երբեք  չի դադարեցնի։ Դա կնշանակի¸ որ կմեռնեմ։

 

 

Ձեր անելիքը քաղաքականությունում ի՞նչը կլինի եւ ոլորտային ի՞նչ ընդգրկում կունենա։

 

–         Գիտեմ մեկ բան. քաղաքականություն մտնելով՝ հստակորեն պիտի ծառայեմ մշակույթին։ Դուք քաղաքականության մեջ եղե՞լ եք։

 

 

Միայն որպես ներքաղաքական ոլորտը լուսաբանող լրագրող…

 

–         Ես դեռ չեմ եղել։ Ուզում եմ լինել այդ ոլորտում եւ նոր միայն ասել¸ թե ինչ կանեմ։  Չեմ հասկանում մարդկանց մեջ ինչ-որ բան փոխվո՞ւմ է,  երբ քաղաքականություն են գալիս։ Գալիս եմ իմ սկզբունքներով եւ նույն սկզբունքներով պիտի աշխատեմ։ Մշակույթից ինձ հետ շատ են խոսում¸ քանի որ մշակույթի ոլորտն եմ ներկայացնում¸ բայց այդ մշակույթը շատ տեղերում է պակաս¸ ինչը պատճառ է շատ ու շատ պրոբլեմների։ Ի վերջո հենց Ազգային ժողովում՝ ինչպես են մարդիկ իրար հետ վարվում¸ ինչպես են խոսում միմյանց մասին¸  ինչպիսի հոդվածենր են գրում։ Վերջապես չեք եկել քաղաքականություն սեփական ամբիցիաներին հագուրդ  տալու¸  եկել եք երկրին ծառայելու։ Կուզեի լսել քաղաքական դեփատներ եւ երկրի շահերից բխող  անդրադարձներ տեսնել։

 

 

Այսինքն, մտադիր եք ձեր գործունեությամբ թվարկված պակասը լրացնե՞լ։

 

–         Այո¸իհարկե։ Գիտեմ հստակ¸ որ ծառայելու եմ մշակույթին¸ որպեսզի մաքրվի տարածքը¸ որպեսզի ստվերում մնացած լիքը արվեստագետներ¸ եւ ոչ միայն երգարվեստից ¸ չկարծեք¸ թե իմ շրջանակն այդքան փոքր է¸ ռեժիսորներ¸ դերասաններ¸ գրողներ¸ որոնք շատ-շատ ավելի տաղանդավոր են,  ճանաչվեն։ Ճանաչվեն մարդիկ¸որոնք իսկապես արվեստակիր են։ Հասկանո՞ւմ եք։

 

 

Հասկանում եմ եւ իրոք ուրախ կլինեմ ականատեսը դառնալ։ Իսկ այդ հարցում նոր  գործընկերներից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

 

Ես  գրեթե չգիտեմ այս մարդկանց¸ ոչ ոքի չեմ ճանաչում։ Դեռ պիտի ծանոթանամ։ Նայեք, ինչ հանգիստ նայում եմ ձեր աչքերին եւ ասում՝ ես ոչ ոքի չեմ ճանաչում։ Այնպես որ,   փորձեք ազատվել քաղաքական  կարծրատիպերից,  ես  Շուշանն եմ՝ ոչինչ չի փոխվել։

 

 

Հանդերձանքի փոփոխության համար ի՞նչ կասեք։

 

Իմ հագուստները շատ պրակտիկ են¸ եւ առանձնապես հակված չեմ դավաճանել այդ ոճին եւ սկզբունքին։ Բայց դա ոչ միայն իմ պրոբլեմն է¸ այլեւ իմ ընկերների կատակների թեման (ծիծաղում է)։ Մյուս կողմից էլ¸ եթե դառնամ բոլորի նման¸ կնշանակի կդադարեմ լինել ես։

 

Հաջողության մաղթանքներս,  Շուշան։

 

Բոլորիս հաջողություն¸ միայն ինձ համար չի (ժպտում է)։

 

Զրուցեց Նանա Պետրոսյանը

 

 

Դիտումների քանակը` 2887

Վերադառնալ վերև