Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ո՞վ է որոշում կնոջ տեղը

Օրեր առաջ ստացած զանգը ինձ ստիպեց մտովի վերադառնալ դպրոց և վերհիշել իմ մտերիմ դասընկերուհուն`Անուշիկին, ում ամուսնանալուց հետո չէի տեսել, նա մի քանի օրով հյուրընկալվելու էր ծնողների տանը և ինձ հրավիրում էր տեսակցության:  

 

 

Շատ էի զարմացած, քանի որ միշտ մտածել էի, որ ամուսնանալուց հետո գոռոզացել է և շփվել չի ուզում: Մինչև նրանց տուն հասնելը արդեն տեքստ էի պատրաստել, և պատկերոցնում էի թե ինչպես եմ նրան ասելու. « Թեկուզ  ես ուրիշ տեղ եմ ապրում, բայց եթե ցանկանում էիր կկարողանայիր գտնել», բայց երբ ներս մտա և տեսա Անուշիկին ամեն ինչ մոռացա. ուրախ, անհոգ, դպրոցի առաջին գեղեցկուհի Անուշիկի փոխարեն ինձ դիմավորեց, մեկ այլ մարդ. նրա  երկար շիկահեր մազերը, որոնցով նա միշտ հպարտանում էր, կտրած էին` տղամարդու սանրվածք հիշեցնող կտրվածք ուներ, ինքը սարսափելի նիհար էր, և հագել էր կապտամոխրագույն ինչ որ անհասկանալի մի երկար շոր, աչքերը մի տեսակ խամրած էին և ներս ընկած.

 

 

– 12 տարվա մեջ առաջին անգամ դարձ եմ եկել,- ժպտալով դիմավորեց ինձ Անուշիկը,- երեխաներին էլ եղբայրս կնոջ հետ տարել են զբոսնելու, այնպես որ ես ազատ եմ մի քանի ժամով, մի լավ կհիշենք մեր դպրոցական անհոգ և քաղցր օրերը:

 

Երևի նկատելով իմ հարցական  հայացքը ավելացրեց.

– Մազերի՞ս ես նայում, ես վաղուց եմ կտրել և ներկել, շպար էլ չեմ օգտագործում, այդ զիզի-բիզի շորերից էլ չեմ հագնում, իմ ամուսինը ինձ այդպես էլ է սիրում. ես հո անբարո կին չեմ, որ ուրիշ տղամարդկանց գրավելու համար նման բաներ անեմ…

 

Զարմանքից, բառեր չէի գտնում ասելու համար, իսկ նա նամիջապես  լրջացավ և շարունակեց.

– Ես չեմ ուզում վիրավորել կամ նեղացնել քեզ, պարզապես սրանք ամուսնուս խոսքերն են, ես էլ մեխանիկորեն կրկնեցի, մազերս կտրել եմ, որովհետև ամուսինս կարճ մազեր է սիրում:

 

– Հա շատ է սիրում, ուշքն էլ գնում է, – միջամտեց Անուշիկի մայրը` Ռոզա տոտան,- ախր ով է նման բան տեսել աղջկան ծնողների տուն բերեն ժամով ու նստեն կողքը, չթողեն շարժվի ու տանեն, քանի անգամ եմ խնդրել Կարեն ջան շուտ-շուտ եկեք, ասում է վատ բաներ կսովորեցնես, ախր էդ ոնց է լինում 20 տարի իմ տանն է ապրել միայն լավ բաներ եմ սովորեցրել, հիմա վատն եմ սովորեցնելու…

 

Ռոզա տոտան հուզվելով, բռնեց ձեռքս և հեգնանքով շարունակեց.

– Գիտես հիմա ինչի է բերել. իրենց տանը ռեմոնտ ա, տղամարդիկ են ռեմոնտ անում, ,- երեխոս կյանքը կերել ա, անունն էլ դրել ա խանդ, ոչ բարով հանդիպեիր երեխուս:

 

-Հա էդպես ա, ամուսինս սարսափելի խանդոտ ա,- կամաց ասեց Անուշիկը,- երեխաներին էլ մտածված եմ  ուղարկել դուրս, որ երեկոյան Կարենը գա և հարցնի ո՞վ էր էսօր եկել, չասեն քո մասին, հավես չունեմ ավելորդ խոսակցությունների: Բայց դու ուրիշ բան մի մտածի, մենք լավ ենք ապրում, մենք կարելի ա ասել հարուստ ենք, ես ամեն ինչ ունեմ.

 

 

– Ամեն ինչ ունես բացի հանգիստ կյանքից,- նորից միջամտեց  Ռոզա տոտան ու դուրս եկավ սենյակից, ես զարմանքից չգիտեի ինչ անեի, իսկ Անուշիկը գլուխը կախել էր.

 

 

-Հաճախ եմ հետ գնում հիշողություններիս մեջ, փորձում վերհիշել, ե՞րբ էր  առաջին նախազգուշացումները, որոնցից ես չկարողացա հասկանալ ինչ սպասել ապագայում, երբ հանդիպում էինք և ինձ խնդրում էր մազերս հավաքեմ, որովհետև ուշադրություն է գրավում, երկար փեշեր հագնեմ, որովհետև ոտքերիս են բոլորը նայում, թե՞ արդեն նշանված ժամանակ, երբ ինքն էր ինձ տանում դասի և տուն բերում, երբ արգելում էր դասամիջոցներին դուրս գալ լսարանից, շպարվել, խոսել որևէ ծանոթ կամ համակուրսեցի տղայի հետ, ասելով որ դրանով ես իբրև նրա պատիվն եմ գետնով տալիս, նվաստացնում եմ նրա արժանապատվությունը, տեսնողն ինչ՞կասեին, Կարենը ի՞նչ տղամարդ է նշանածին չի կարողանում հետևի, այդ ժամանկ ավելի լավ է ինքը մեռնի քան ապրի… ոնց էի ուրախանում, մտածում էի, այդ ինչքան է ինձ սիրում, ինչ պատվախնդիր և թասիբով տղա է, իսկական տղամարդ: Ամուսնանալուց դեռ մի քանի տարի հետո էլ ես շարունակում էի այդպես մտածել, հավատացել էի «խանդում է, որեմն սիրում է» հեքիաթին…

 

Մի անգամ լողացել էի և մազերս բաց թողել որ չորանան, այդ ժամանակ մեր տուն է գալիս ամուսնուս հորեղբոր տղան և ասում, որ ես շատ գեղեցիկ մազեր ունեմ, միթե ինձ մինչև հիմա չեն առաջարկել նկարահանվել շամպունի գովազդում և հարցնում, թե ինչի եմ միշտ կապում, պետք է բաց թողնեմ, այսպես շատ գեղեցիկ է: Այդ օրը մեր տանը մեծ կռիվ եղավ, ամուսինս ինձ մեղադրեց թափթփված և փնթի լինելու մեջ, ինչպես կարող է փոքր երեխա ունեցող կինը մազերը բաց թողնի և ամբողջ տունը մազ անել, ախր երեխան կարող է մազերը տանել բերանը և թունավորվել: Հաջորդ օրը ինձ տարավ վարսավիրանոց, երբ մազերս կտրեցին նա ասաց, որ շատ աչքի ընկնող է և ներկել տվեց` մոխրագույնի ինչ երանգ: Ես երկու ամիս լաց էի լինում,  մազերս իմ մի մասն էին…

 

Մի պահ տիրեց ծանր լռություն, հետո նա շարունակեց.

 

-Ես մի մեծ հոգսից ազատված եմ, պատուհանները չեմ լվանում, սա ամուսնուս կարծիքն է, իրականում նա ինձ չի թողնում մոտենամ պատուհանին, ասում է, «ու՞մ առաջ ես քեզ  ցուցադրում, ու՞մ ես ուզում քո տեղն ասել, կա մեկը ո՞վ ներքևը կանգնած սպասում է, որ   դուրս նայես» և նմանատիպ շատ անհեթեթ բաներ… Ես տան հեռախոսին էլ չեմ պատասխանում, ես ու՞մ էմ պետք բացի իրենից, միշտ ասում է նա, ինձ ո՞վ պիտի զանգի, մայրս և իրքը դրա համար ինձ  հեռախոս է գնել, որը ի դեպ ամեն երեկո ստուգում է, բայց չի հանգստանում, ամեն ամսվա վերջում էլ, ինչ որ թղթեր է բերում և դրանցով է ստուգում, որպիսզի տեսնի թե ու՞մ  հետ եմ խոսել, քանի՞ րոպե: Այս ամենը ինձ շատ է վիրավորում, բայց երբ նեղացած դժգոհեցի, նա ասեց, որ դա կնոջ խելքի բանը չի, ես ինչ եմ հասկանում որ, ինձանով լինի ես եսիմինչեր էլ կանեմ, «կնոջը ձեռքիցդ բաց թողես, կոտոշավոր ման կգաս», սա նրա աֆորիզմներից է:

 

Ախր որ մեկն ասեմ, իսկ այդ հիմար արտահայտությունը, որը տեղին և անտեղի անում է `«жена рядо´м», նա ասում է դա բոլորի մոտ, բարեկամների ընկերների, քիչ ծանոթ միջավայրում, իմ հարազատների ներկայությամբ և ավելացնում.«կինը միշտ պիտի իր տեղն իմանա»:

 

Երբ առաջին անգամ ասաց, ես դա որպես կատակ ընդունեցի, հետո երբ, դա կրկնեց ուրիշների ներկայությամբ, ես նեղացել էի, նա շատ լուրջ ինձ բացատրում էր, որ կինը սեփական ամուսնուց չի նեղանա և շարունակում կատակով. «Կինն ու շունը շատ նման բաներ ունեն, երկուսն էլ, պետք է հավատարիմ և սիրող լինեն իրենց տիրոջը, «ախր ես քո շունը չեմ, դու էլ իմ տերը»,- առարկեցի ես.« Բա ինչ ես,- զարմացավ նա,- եկեղեցում ասել եմ չէ՞ «Տեր եմ», կատակին տվեց նա,-ես էլ տարով եմ շուն, ուրեմն ինչ, ումից նեղանամ» և սրանով հարցը համարեց փակված…

 

Այս ամենը տեսնում են ամուսնուս ծնողները` նրանք մեզ հետ են ապրում, բայց չեն խառնվում, ես կարծում եմ, որ դա նրանց  դուր է գալիս, մի անգամ լսել եմ, երբ ամուսնուս մորաքույրը սկեսուրիս ասաց, որ էդ աղջիկը մեղք ա, չի լինի տղայ հետ խոսի, սկեսուրս  ասեց, «դու հանգիստ մնա, ուրեմն մի բան գիտի, որ էդպես ա անում»…

 

Մայրս միշտ ասում է, որ այդպիսի կյանքը ինձ պետք չի, որ բաժանվեմ ու գամ հետ, բայց ուր գամ, առանց ինձ էլ այստեղ 2 սենյակում 7 հոգով են ապրում, ես ուր գամ իմ 3 երեխաներով, սա էլ երևի իմ խաչն է…

 

Այդ օրը մենք այդպես էլ չխոսեցինք անհոգ օրերից: Զանգեց Անուշիկի հեռախոսը, եղբայրն էր, ասաց, որ տուն են գալիս, ես վեր կացա, հրաժեշտ տվեցի և դուրս եկա: Տեսածիցս և լսածիցս ապշած էի, քայլում էլ և մտածում. նման պատմությունները, երբ մեզ հետ չեն և լսում ես ուրիշներից հաճախ մտածում ես որ դրանք հորինված կամ չափազանցված են, իսկ իրականում դրանք միգուցե ավելի դաժան են քան կարելի է պատմել: Դրա մասին են վկայում  Անուշիկի խամրած աչքերը, գունատ դեմքը, լարվածությունը խոսալիս (նա դողում էր և կոտրատում մատները)  և վերջապես նրա արտաքինը, որը շատ ավելի  նրա հոգեկան տանջանքների, քան երջանկության մասին էր պատմում: Եվ միթե՞ նա միակն է….

 

 

                                               Կարինե Պետրոսյան

Դիտումների քանակը` 2721

Վերադառնալ վերև