Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ո՞ր համայնքներում են ընտրություններ սպասվում դեկտեմբերի 8-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն համայնքների անունները, որոնցում դեկտեմբերի 8-ին կանցկացվեն հերթական ընտրություններ։ Ընտրություններ են նշանակված  Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի 12 համայնքներում։ Տասը համայնքում նախատեսված են գյուղապետի, երկուսում՝ ավագանու անդամի ընտրություններ։

 

Բոլոր համայնքներում ղեկավարները տղամարդիկ են, այնպես որ կանայք ՏԻՄ-երում իներկայացվածության վիճակագրությունն իրենց օգտին փոխելու լավ հնարավորություն ունեն։

 

 

Ինչ վերաբերում է ավագանու անդամի ընտրություններին, ապա Գեղարքունիքի Դդմաշեն համայնքի  ավագանին կազմված է վեց անդամից, նրանք բոլորն էլ տղամարդիկ են։

 

 

Շիրակի մարզի Անուշավան գյուղի  գործող ավագանու յոթ անդամներից երկուսը կանայք են՝ Մանե Բայադյանն ու Ռոզա Հակոբյանը։

 

 

Ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան ընտրական հանձնաժողով նոյեմբերի 3-8-ը։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է նոյեմբերի 8-13-ն ընկած հատվածում։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին ու կավարտվի դելտեմբերի 6-ին։ Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։

 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին կայացած նիստում ԿԸՀ-ն 2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության ևս մեկ օր սահմանեց 2019 թվականի դեկտեմբերի 8-ը:  ԿԸՀ 2018 թվականի հուլիսի 17-ի N 26-Ա որոշմամբ՝ 2019 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր էին սահմանվել` 2019 թվականի փետրվարի 17-ը, հունիսի 9-ը և սեպտեմբերի 29-ը:

 

 

Հուլիսի 9-ին գումարած արտահերթ նիստում էլ ԿԸՀ-ն սահմանել էր  2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են 2020 թվականի մարտի 15-ը, 2020 թվականի հունիսի 14-ը և 2020 թվականի հոկտեմբերի 18-ը:

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

 

Դիտումների քանակը` 366

Վերադառնալ վերև