Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խորհրդարանում ներկայացվեց  «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը»

 « Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու համար տղամարդկանց և կանանց հավասարության գաղափարի վրա հիմնված համընդհանուր հասանելիությունը դեպի առողջապահական ծառայություններ՝ ներառելով այն ծառայությունները, որոնք վերաբերում են ընտանիքի պլանավորմանը և սեռական առողջությանը», – հայտարարեց պատգամավոր Արփինե Դավոյանը հուլիսի  11-ին  ՀՀ  Ազգային ժողովում   տեղի ունեցած «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի ներկայացում» թեմայով քննարկման ընթացքում:

 

Քննարկումը կազմակերպել էր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի»  հետ համագործակցության շրջանակում: Օրն էլ, ամենայն հավանականությամբ, պատահական չէր ընտրված , հուլիսի 11-ը Բնակչության համաշխային օրն է ՄԱԿ-ի օրացույցով:

 

Քննարկման ընթացքում  ցուցադրվեց  նաև «Աբորտներ՝ խնդրի վերադարձ Եվրոպայում»  վավերագրական ֆիլմը:  Այն  նվիրված է  աշխարհի տարբեր երկրներում նոր թափ առած աբորտների սահմանափակմանը: Խնդիրը ներկայացվեց, մի կողմից, կանանց  առողջության ու կյանքի վրա աբորտների  բացասական ազդեցությունների, մյուս կողմից,  կանանց իրավունքների սահմանափակման  համատեքստում:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշեց, որ  «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումն»  այն հարթակն է, որտեղ  քննարկվող հարցերը  վերաբերում են գենդերային հավասարությանը, արդարությանը, կանանց դերի հզորացմանը, ընտանիքին ու  դրա դերին, մարդկանց վերարտադրողական առողջությանը և իրավունքներին, բնակչության  կրթությանն ու զարգացմանը, որոնք առողջ հասարակություն ունենալու կարևորագույն  բաղադրիչներից են:

 

Նրա դիտարկմամբ՝ յուրաքանչյուր խորհրդարանական  իր  ներդրումը պետք է ունենա երկրում դրանց  զարգացման  և ամրապնդման համար: Վերարտադրողականության  հարցերի վերաբերյալ խոսելով՝ Արփինե Դավոյանը  կարևորել  է կանանց՝ խտրականությունից, բռնությունից և հարկադրանքից  զերծ որոշումներ ընդունելու  կարողությունն ու նրանց իրազեկվածության մակարդակի ընդլայնումը: Արժևորվել է կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջությանն ուղղված տեղեկատվության և  որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումը, անցանկալի հղիությունների կանխումը: «Անհրաժեշտ է, որ ծնողները խիստ պատասխանատու լինեն իրենց ծնված և ապագա  երեխաների կարիքների և հասարակության  առջև նրանց պարտավորությունների նկատմամբ»,- ասաց նա:

 

«Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» ներկայացուցիչ Նեյլ Դատտան պարզաբանեց, որ կազմակերպությունը մասնագիտացած խորհրդարանական ցանց է, որն իր գործունեությունը ծավալում է եվրոպական երկրներում և  զբաղվում այդ երկրների քաղաքացիների վերատադրողական և սեռական իրավունքների հարցերով: Նշվել է, որ շուրջ 10 տարի Հայաստանի խորհրդարանականների մի խումբ անդամակցել է կառույցին, և այժմ նպատակ կա  նորընտիր խորհրդարանի հետ     համագործակցելով՝ բարելավել ոլորտի քաղաքականությունը, օրենսդրությունն ու ֆինանսական հոսքերը:

 

Անդրադառնալով  կանանց նկատմամբ բռնություններին և նրանց իրավունքների սահմանափակումներին՝ Նեյլ Դատտան  կարևորեց իր ձևակերպմամբ՝ Ստամբուլի առաջադեմ կոնվենցիայի վավերացումը, որը, ըստ նրա, Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է քննարկել առաջիկա 18 ամիսների ընթացքում, և կարևոր է դրա նկատմամբ պատգամավորների արձագանքը: Այս համատեքստում նա անդրադարձել  է մի շարք երկրներում  փաստաթղթի դեմ սկիզբ առած շարժումներին, ներկայացրել  Բուլղարիայի խորհրդարանի կողմից կոնվենցիան չվավերացնելու պատճառները: Զեկուցողը մարդու, մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևորել է կոնվենցիայի վավերացումը:  Բանախոսը չի բացառել դրա վավերացման ճանապարհին հնարավոր խոչընդոտներն ու հակընդեմ շարժումները:  Նշենք, որ խոսքը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» մասին է, որն ստորագրվել է  Ստամբուլում  2011 թվականին: Հայաստանի Հանրապետությունն  անցյալ տարվա հունվարին  ստորագրեց Եվրոպայի խորհրդի  այս կոնվենցիան , բայց  որոշ վերապահումներով: 

 

«Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», որում ցուցադրված են եվրոպական շուրջ 46 երկրում իրականացված ուսումնասիրությունները, ներկայացրեց  Մարինա Դավիդաշվիլին: Նա անդրադարձավ այդ երկրներում հակաբեղմնավորիչ միջոցների  հասանելիությանն ու  այդ հարցում ազգային կառավարությունների կողմից իրականացող միջոցառումներին,  մարդկանց իրազեկվածությանը՝ պարզաբանելով, որ դրանց օգտագործումը թույլ է տալիս պլանավորել երեխաների թիվը, նրանց տարիքային տարբերությունը, կանխարգելել ոչ անվտանգ աբորտի հետևանքով գրանցվող անպտղությունը և այլն: Մարինա Դավիդաշվիլու դիտարկմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հակաբեղմնավորիչների կիրառումը սահմանափակում է ծնելիությունը: Այս տեսակետը հավաստում են փաստերը, ասել է նա՝ բերելով Սկանդինավիայի օրինակը, որտեղ ծնելիությունը բարձր է:

 

Եզրափակիչ ելույթում Նեյլ Դատտան և Արփինե Դավոյանն անդրադարձան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպության արձանագրած հաջողություններին, կարևորել հետագա համագործակցության արդյունավետ և կառուցողական իրականացումը: 

 

Նշենք, որ 2015-2016թթ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն, թեև հարցված գրեթե բոլոր կանայք և տղամարդիկ տեղյակ են հակաբեղմնավորման մեթոդների մասին, սակայն դրանցից օգտվում է ամուսնացած կանանց ընդամենը 57%-ը:

 

ՄԱԲՀ-ի  և  օմբուդսմենի գրասենյակի հետ համատեղ իրականացված Հայաստանում սեռական և վերարատադրողական իրավունքների իրացման մասին  հետազոտությունը  փաստում է, որ հղիության արհեստական ընդհատումը հիմնական միջոցներից  է   ծնելիության կարգավորման հարցում. Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ հղիությունն ավարտվում է աբորտով: Հղիության արհեստական ընդհատման և դրա տարածվածության հիմնական պատճառը ընտանիքի պլանավորման ծառայությունների և տեղեկատվության սահմանափակ հասանելիությունն է (այդ թվում՝ ապատեղեկատվությունը և նախապաշարմունքները), ինչպես նաև ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդների գնային անմատչելիությունը:

 

Դիտումների քանակը` 344

Վերադառնալ վերև