Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ովքե՞ր են Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում ընդգրկված կանայք

 

Մայրաքաղաքն առաջիկա մի քանի տարիներին կին ղեկավար դժվար թե ունենա: Այսպիսի եզրակացություն կարելի է հանգել՝ դիտարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում  տեղադրված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները:

 

 

Յոթ քաղաքական ուժերից` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Առաքելություն» «Բարև Երևան»,  որևէ մեկի ցուցակը կին չի գլխավորում: Թեպետ  գրեթե  բոլորն էլ  հայտարարել  են, որ  իրենց ցուցակները մրցունակ են և նրանք  պայքարում են առաջի տեղի համար, սակայն  ոչ բոլորն  են հայտնել  ով կդառնա այդ դեպքում քաղաքապետ: Մինչդեռ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին: Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից:

 

 

Ցուցակի առաջին եռյակում կանայք ներկայացված են  երեք ուժերի ` «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի կողմից:

 

«Ժառանգության» «Բարև Երևան» բլոկի ցուցակի երկրորդ տեղում «կուսակցության անդամ, բոլորին քաջ հայտնի Անահիտ Բախշյանն է` նախկին պատգամավոր, այժմ` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն:

 

ՀԱԿ ցուցակի երկրոդ տեղում՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն է, նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի դոցենտ է, տնտեսական գիտությունների դոկտոր:

 

ՕԵԿ ցուցակի երրորդ տեղում ՕԵԿ անդամ Սոֆյա Արթենյանն է, ով թիվ 185 դպրոցի ուսուցչուհի է:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով Երևանի ավագանու ընտրությունների դեպքում էլ  է գործում  նույն գենդերային քվոտան, ինչ խորհրդարանական ընտրություններում, այսինքն, կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:

 

Ինչպես արդեն ներկայացրել ենք, կանանց թիվը կուսակցությունների  ցուցակներում  միջինում 24 տոկոս է  կազմում՝ տատանվելով  20-ից մինչև 28 տոկոս:

 

Առավել մեծ թվով կանայք ընդգրկված են նոր գրանցված, առաջին անգամ ընտրությունների մասնակցող «Առաքելություն» կուսակցության ցուցակում` իգական սեռի ներկայացուցիչները 29 հոգուց բաղկացած ցուցակի 28 տոկոսն են կազմում: «Առաքելության» ցուցակը ներկայացվածների մեջ ամենափոքրն է(օրենքով կուսակցությունների ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի առնվազն 25 մարդ) :

 

«Առաքելություն» կուսակցության ցուցակում առաջին կինը 5-րդ հորիզոնականում է, 8 կանանցից չորսը նույն կուսակցության անդամներ են, չորսը` անկուսակցական: Նրանցից երեքը չեն աշխատում, մյուսները կամ բանկերում են աշխատում կամ էլ այլ ընկերություններում` որպես գանձապահ, վաճառող:

 

 

«Բարև Երևան» բլոկի ցուցակն ունի 64 անդամ, որից  25%-ը կանայք են: Համամասնական ցուցակում ընդգրկված են ինչպես «Ժառանգության» անդամներ, այնպես էլ անկուսակցականներ, Ժողովրդավարական ուղի, Ժողովրդավարական հայրենիք, «Շրջադարձ» կուսակցությունների կին և տղամարդ ներկայացուցիչներ: Բախշյանին ցուցակում հաջորդում է Անի Քոչարյանը, նա 10-րդ հորիզոնականում է, հանրությանը հայտնի է որպես «Ես» ամսագրի խմբագիր: «Ժառանգության» ցուցակում էլ կան կանայք, ովքեր աշխատանք չունեն` Սուսաննա Բարխուդարյան /19-րդ/, Թերզյան Սուսաննա /53-րդ/, Մարինա Սարկիսովա /61-րդ/:

 

Հայ Ազգային կոնգրեսի/ ՀԱԿ  42 հոգանոց ցուցակի 26 տոկոսն են կանայք: Ցուցակի առաջին տասնյակում երեք կանայք կան` բացի Զոյա Թադևոսյանից ընդգրկված են նաև ՀԱԿ անդամ, չաշխատող Անահիտ Եղոյանը և անկուսակցական, սոցիոլոգ Գայանե Ղազարյանը: Հաջորդ տասնյակում են ՀԱԿ անդամներ, լրագրողներ Եվա Թովմասյանն ու Լիլիթ Թադևոսյանը, ինչպես նաև ՀԱԿ անդամ Ելենա Դավթյանը: Ցուցակի երրորդ տասնյակում անկուսակցականներ Աննա Նաղաշյանն ու Թամարա Մինասյանն են, այնուհետև ՀԱԿ անդամ Սեդա Նազարյանն է/38-րդ/:

 

 

«Օրինաց երկիր»» կուսակցության /ՕԵԿ-ն այն միակ քաղաքական ուժն է, որի համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր տղամարդիկ ու կանայք կուսակցության անդամ են: ՕԵԿ 105 հոգանոց ցուցակի 25%-ն են իգական սեռի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, կուսակցությունում տարածքային կառույցների աշխատակիցներ, ուսանողներ, ԱԻՆ աշխատակիցներ:

 

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության / ՀՅԴ  ցուցակում 65 մարդ է ներառված, բացի 4-ից մյուսները դաշնակցական են: Անկուսակցականներից մեկը Լիլիա Խաթլամաջյանն է, ով «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է: Կանայք ՀՅԴ ցուցակում ընդգրկվածների 22 տոկոսն են կազմում:  Առաջին կինը ներկայցված է 4-րդ տեղում՝ Ալեսյա Բեջանյանն է, ով Հանրային հեռուստաընկերության առաջին լրատվականի մեկնաբան է: Այնուհետև Իդա Հակոբյանն է /13-րդ/, ով ՍՊԸ տնօրենն է, Գայանե Մանուկյանը /28-րդ/` ՀՅԴ հանրային կապերի պատասխանատուն է, Գայանե Ներսիսյանը /33/` Երևանի տնտեսաիրավգիտական համալսարանի դասախոս և այլք: Ուշագրավ է, որ ցուցակում ներառված չեն հանրությանը հայտնի ՀՅԴ ակտիվիստ կանայք:

 

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության/ ԲՀԿ ցուցակում կանայք 24 տոկոսն են կազմում: Կուսակցության 194 հոգանոց ցուցակում առաջին կնոջ անունը 6-րդ հորիզոնականում է: Նա շատերին հայտնի, ԲՀԿ-ական դարձած Թամար Պողոսյանն է, հաջորդ կինը 9-րդ հորիզոնականում է` ԲՀԿ-ական Մարինա Մարգարյանը: «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակը հիմնականում բաղկացած է կուսակացության անդամների անուններից, կան Միավորված Աշխատանքային Կուսակցության  մի քանի անդամներ ու անկուսակցականներ: Վերջինների թվում է նաև Երանուհի Օհանյանը /128-րդ/, ով «Երանուհի Օհանյան և ընկերներ» ՍՊԸ տնօրենն է:  ԲՀԿ ցուցակում էլ կան կանայք, ովքեր աշխատանք չունեն` կուսակցության անդամներ  Մարիանա Գևորգյանը /147-րդ/, Լիանա Բորեցյանը /152-րդ/,  Մարետա Մկրտչյանը /176-րդ/, Մարինե Հովսեփյանը /190-րդ/, Քնարիկ Ներսիսյանը /191-րդ/, Աննա Կոստանյանը /192-րդ/, Աննա Գրիգորյանը /193-րդ/, Օֆելյա Շատվորյանը /194-րդ/: Արդարության համար նշենք, որ ԲՀԿ-ցուցակում գրեթե նույն թվով չաշխատող տղամարդիկ են ընդգրկված,  այսինքն այս հարցում գենդերային հավասարություն է:

 

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության/ ՀՀԿ  ամենամեծ` 195- հոգանոց  ցուցակում  կանայք 20 տոկոսն են կազմում, այսինքն, ճիշտ այնքան , ինչքան օրենքն է պահանջում և ոչ ավելի:  Ցուցակում ընդգրկված են ՀՀԿ-ականներ, ՄԻԱԿ, ԱՄԿ, ՍԻՄ անդամներ ու անկուսակցկաններ:

 

ՀՀԿ Ցուցակի առաջին տասնյակում մեկ կին կա` «Ժուռնալիստների միության» 80-ամյա Աստղիկ Գևորգյանը/6-րդ/: Անկուսակցական Գևորգյանն այժմ էլ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ է: Ցուցակի հաջորդ կինը /11-րդ/ ԳԱԱ արվեստի ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է, նույնպես Երևանի ավագանու ներկայիս անդամ Աննա Ասատրյանն է: Ցուցակում այլ անկուսակցական կանայք էլ կան` Նատալյա Լափաուրին /26-րդ/, ով «Հայաստանի համայնքերի միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենն է, Մարիամ Ղազարյանը 21-րդ/, ով Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի է, ավագանու անդամ, Նարինե Բալայանը/56-րդ/, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականն է, Նաիրա Պապյանը /176-րդ/:

 

Ընդհանուր առմամբ, յոթ քաղաքական ուժերի  կողմից ներկայացված ցուցակների առաջին տասնյակներում ընդամենը  13 կին է ընդգրկված:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3201

Վերադառնալ վերև