Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերից

 

Կառավարությունը շարունակում է մշակել և հանրությանը ներկայացնել կորոնավիրուսի տնտեսական  հետևանքները  մեղմացնելու ծրագրերը: Վերջին տաս օրերի ընթացքում գործադիրը ներկայացրեց  հինգ միջոցառումների փաթեթ, որը սոցիալական ուղղվածություն ունի և միտված է թեթևացնելու այս օրերին դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին:

Մասնավորապես, կառավարության կողմից  աջակցություն կստանան.

 

  • Մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ: Յուրաքանչյուր երեխայի համար կստանան 26 500 դրամ միանվագ աջակցություն:
  • Մինչև 14 տարեկան այն երեխաներ ունեցող  ծնողները (կամ ծնողը) եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ը ընկած ժամանակահատվածում և չեն անցել այլ աշխատանքի: Յուրաքանչյուր երեխային՝ 100,000 դրամ։
  • Գրանցված աշխատողները մասնավոր սեկտորում ( առնվազն հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը), որոնք  ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր քաղաքացուն՝ 68,000 դրամ։
  • Հղի կանայք,  ովքեր մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում կամ այն հղի կանայք, ում ամուսինը եղել է գրանցված աշխատող և աշխատանքից ազատվել է մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր կնոջը միանվագ նպաստ՝ 100,000 դրամ։
  • Գրանցված աշխատողները, ովքեր մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել են  «տուժած» ոլորտներում (հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ):

 

WomenNet.am-ը ներկայացնում է այդ  սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու որոշ մանրամասները, որոնց նաև կարելի է ծանոթանալ  ՀՀ աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարության կայքում :  

 

 

Մարտ ամսին աշխատանք կորցրած անձանց աջակցություն

 

Կառավարությունն աջակցություն  կցուցաբերի բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները (կամ ծնողներից մեկը)  եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:  Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով, միանվագ: Գումարը չի հարկվելու:

 

Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են գրանցված աշխատող և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած: Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

 

Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխա­տանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որոնց գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

 

Կան նաև բացառություններ. ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը: Նաև շահառու չեն համարվում այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

 

Ինչպես դիմել

 

Դիմելու անհրաժեշտություն չկա: Շշահառուների տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից: Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, շահառուն ընտրված բանկի և գումարի փոխանցման մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:

 

Աջակցություն մասնավոր սեկտորում աշխատանք կորցրած անձանց

 

Այս ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այս, ծրագրից կարող են օգտվել նաև անհատ ձեռնարկատերերը, ում գործունեությունը ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցվել է՝ մինչև 2020 թ.-ի մարտի 30-ը:  Աջակցությունը տրամադրվելու է միանվագ, նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Գումարը չի հարկվելու:

 

 

Ուշադրություն. շահառու կարող են դառնալ միայն այն քաղաքացիները, ովքեր մասնավոր սեկտորում գրանցված աշխատող են եղել առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից սկսած: Այսինքն, եթե քաղաքացին աշխատանքի է ընդունվել, օրինակ,  2020 թվականի փետրվարի 1-ին և ազատվել աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան այս ծրագրով աջակցություն  նախատեսված չէ:

 

 

Բացի այս, կառավարությունը սահմանել է նաև այն ոլորտները, որոնց աշխատակիցները չեն կարող համարվել ծրագրի շահառու: Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները:

 

 

Մեկ նկատառում ևս. Անգամ եթե չափորոշիչները համապատասխանում են, սակայն ծրագրի շահառու չի կարող լինել այն քաղաքացին, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում  ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:

 

 

Ինչպես դիմել

 

Կարևոր. այս ծրագրին դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ այս միջոցառման շահառուների տվյալները ստացվելու են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և հարկային մարմինների ներկայացրած ցուցակներից: Հարկային մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կփոխանցի 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների մասին տեղեկությունները, որի հիման վրա էլ կիրականացվի աջակցության տրամադրումը: Դիմում գրելու կարիք չկա, գումարը վճարվելու է անկանխիկ տարբերակով:

 

 

Օրավարձով ապրող ընտանիքները նույնպես կստանան աջակցություն

 

 

Այս փաթեթում ընդունված որոշումներից թերևս ամենակարևորն այն է, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի բոլոր այն ընտանիքներին, որտեղ կան երեխաներ, իսկ ծնողները չգրանցված աշխատողներ են: Ըստ էության, այդ անձանց մեծ մասը այսպես կոչված օրավարձով աշխատող անձինք են՝ տաքսու վարորդներ, ավտոլվացողներ, աման լվացողներ, մաքրուհիներ կամ դայակներ մասնավոր անձանց տներում և այլն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցաջակցության առաջին ծրագրի մասին հրապարակումից հետո սոցիալական ցանցերը ողողվեցին օրավարձով աշխատող անձանց դժգոհություններով, կաառավարությանը ևս այդ դժգոհությունը հասել է և նման որոշում է կայացվել, թեպետ ավելի վաղ  հայտարարում էր, որ Հայաստանում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի:

 

 

Աջակցություն կստանան բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

-երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում;

-երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել;

-երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից:

 

 

Աջակցությունը տրվելու է միանվագ, ընտանիքի յուրաքանչյուր 0-18 տարեկան երեխային՝ 26 500 դրամի չափով:  Այսինքն, եթե ընտանիքում կա երեք երեխա և ծնողները գրանցված աշխատող չեն և համապատասխանում են ամրագրված չափորոշիչներին, ապա նրանք կստանան 79.500 դրամ: Ըստ հաշվարկների, այս աջակցությունը կվերաբերվի շուրջ 200.000 երեխաների, ծախսը կկազմի 5.3 միլիարդ դրամ:

 

 

Կառավարությունը պարզաբանել է, որ այս որոշման մասով աշխատանք չունեցող են համարվում այն անձինք, ովքեր աշխատանք չեն ունեցել առնվազն մարտի 12-ից – 31-ն ընկած ժամանակահատվածում:

 

 

Եվս մեկ բացառություն. ընտանիքը չի կարող աջակցություն ստանալ այն դեպքում, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1 ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:

 

Ինչպես դիմել

 

Դիմումներն ընդունվելու են օնլայն եղանակով:  Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմում    http://online.ssa.am/ կայքում, որը հասանելի կլինի ապրիլի 10-ից: Դիմումների ընդունումը ապրիլի 15-ից հետո։

 


Պետությունը կաջակցի հղի կանանց

 

Աջակցության շահառու են հանդիսանում հղի կանայք, ովքեր 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ միանվագ նպաստի ձևով՝ 100 000 ՀՀ դրամի չափով: Գումարը չի հարկվելու:

 

 

Բացի այս, ծրագրով աջակցություն կարող են ստանալ նաև այն հղի կանայք, ովքեր միայնակ են և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:

 

Ծրագրի սահմանափակումներ չի դնում և հղի կանայք կարող են մյուս ծրագրերից ևս օգտվել։ Այլ կերպ ասած, եթե կինը հղի է, բայց նաև ունի երեխա և ինքն ու ամուսինը չգրանցված աշխատողներ են, ապաև կարող է ստանալ օգնություն երեխայի համար՝ 26,500 դրամ մեկանգամյա նպաստի տեսքով:

 

 

Մեկամսյա և եռամսյա  փաթեթներ «Հայկական կարմիր խաչ»-ից

 

 

Եվս մեկ ծրագիր իրականացնում է «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ. մարտի վերջից սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա  փաթեթներ են տրամադրվում աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։

 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ուղեցույց գործատուների համար.  ընտանիքամետ քաղաքականություն

 

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերից

 

Կանայք և COVID-19. հինգ  քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

 

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

 

Աջակցություն ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխաներ. որոշման մանրամասներ

 

Դիտումների քանակը` 614

Վերադառնալ վերև