Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Որդեկորույս մայրերը շարունակում են բողոքել

 

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր  ասուլիս էին կազմակերպել, որտեղ առաջին անգամ չէ,  որ  բարձրաձայնել են արդարության իրենց պահանջը:  Նրանք պնդում  են,  որ իրենց որդիներին բանակում սպանել են, իսկ պաշտոնական վարկածին նրանք չեն հավատում, քանի որ հայտնաբերել են կեղծիքները նախաքննության ժամանակ, իսկ հետո՝ դատավարությունների ընթացքում: Ծնողները նաև նշել են, որ իրենց որդիներին սպանած և նրանց գործերը կեղծած մարդկանց պատժելու փոխարեն այսօր նրանց պարգևատրում են: Իրենց բողոքը որդեկորույզ մայրերը շարունակել են նախագահական նստավայրի դիմաց:

 

 

 

Զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի քռաջ էր գլխավոր զինդատախազին ցուցումներ  տվել, որ ընդունի ու լսի բողոքները, սակայն այդպես էլ ոչինչ չարվեց:
«Այդ օրվանից ոչ մի առաջընթաց չա, ոչ մի բան չի արվել, որ գոնե կես քայլ առաջ գնա: Քննիչներ են փոխվում և ոչ մի բան չի արվում: Քննիչը նախաքննություն չի անում կամ էլ փոխվում է ծնողին անգամ տեղյակ չեն պահում: Ոչինչ չի արվում գործերը բացահայտելու համար, ավելին՝ տանում են դեպի անդունդը»,- ասաց նա:
Մեկ այլ զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը նշեց, որ իր որդու մահը որակվել է որպես ինքնասպանություն, ինչին իրենք չեն հավատում:
«Մենք լուսանկարիչներ էինք մտցել դատաբժշկական փորձաքննության ժամանակ, որի նկարների վրա երեխայիս մարմնի վրա շատ լավ վնասվածներ են երևում, այնինչ բժիշկը դրանք չի արձանագրել: Իմ երեխան բանակ է գնացել առանց դիմացի ատամի, այնինչ նույն բժիշկը մինչ օրս ապացուցում է, որ երկու ատամներն էլ բնական են եղել: Գործերի մեջ գրված է եղել, որ շորերը պատառոտված են եղել, բայց փորձաքննության են ուղարկվել նորմալ վիճակում գտնվող շորեր»,- ասաց նա ու ընդգծեց, որ արդեն 15 հատորից բաղկացած գործը մի ամբողջ հակասությունների շղթա է:

 


Զոհված Արայիկ Ավետիսյանի մայրն էլ՝ Անահիտ Մկրտչյանը համոզված է ու ապացուցում է, որ իր որդուն անզգուշությամբ չեն սպանել, այլ դիտմամբ՝ ընդամենը 100 դոլարի համար:
«Քրեական գործում բազմաթիվ հակասություններ կան, որոնց նախաքննական մարմինը բացատրություն մինչ օրս չի տալիս: Գումարտակի հրամանատարը իրեն կանչել է ու ասել, որ տուն էիր գնացել ինչի՞ ամբողջ փողը չբերեցիր, ասել է՝ տնեցիք չունեին: Ես իրեն կարողացել էի տալ 15 հազ. դրամ: 2009-ին գործը կասեցվել է. ասում են, որ չենք կարողանում գտնել, թե ով է սպանել: Բայց ես գիտեմ, որդուս սպանել է Վայքի զորամասի առաջին գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը»,- ասաց նա:
Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, գիտի, թե իր տղային ով է սպանել, քանի որ դեպքից օրեր առաջ իր տղան հեռախոսով իրեն գաղտնիք էր հայտնել Մարտին Ջհանգիրյանի մասին:
«Տղաս ասաց, որ նա թուրքերի հետ թմրամիջոցների առքուվաճառքով է զբաղվում, ասեցի հեռախոսով տենց բան մի ասա: Արի ու տես դրանից երեք օր հետո տղայիս տարան հիվանդանոց: Մեզ ասեցին, թե ուռուցք ունի, բայց մենք տեսանք շորերի վրայի արյունը, շրթունքները սոսնձած էր, ականջը կապտած»,- ասաց նա և ընդգծեց, որ իրեն ասել են, թե գործը կարող է միայն վերսկսել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, սակայն վերջինս չի պատասխանում իրենց նամակին:
Զոհված բոլոր զինծառայողների ծնողները  ասուլիսի  վերջում միահամուռ կերպով ընդգծեցին, որ չնայած այս ամենին իրենք պայքարելու են մինչև վերջ:

 

 

Ըստ  Թերթ.ամ-ի հաղորդագրության

Դիտումների քանակը` 2845

Վերադառնալ վերև