Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Որո՞նք են աշխատանքային իրավունքի խախտման պատճառները Հայաստանում

Թեև 2015թ.-ից Հայաստանում փաստացի չի գործում Աշխատանքի պետական տեսչությունը, արհմիությունների ինստիտուտը կայացած չէ, բիզնեսն ու իշխանություն էլ սերտաճած են, այնուամենայնիվ  աշխատողների իրավունքների ոտնահարումը կարող են նվազագույնի հասնել, եթե նրանց  իրազեկման մակարդակը բարձրանա և հենց իրենք պայքարեն իրենց իրավունքների համար, – այսպիսի կարծիք հայտնեցին  «Մեդիա կենտրոնում» կայացած  «Աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը և գործող օրենսդրությունը» թեմայով քննարկման մասնակիցները: Նշենք, որ քննարկումն առավել  քան ակտուալ էր հոկտեմբերի 7-ին նշվող  Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա համատեքստոմ: 
Քննարկման մասնակից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշում է, որ տաքսի ծառայությունների, սուպերմարկետների, սրճարանների, փաբերի ոլորտում և մի քանի խոշոր ձեռնարկություններում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատողների հետ հաճախ պայմանագրեր չեն կնքվում, իսկ եղած պայմանագրերն էլ հաճախ ձևական բնույթ են կրում:

Անդրադառնալով սուպերմարկետներում աշխատողների հանգստի, ընդմիջման իրավունքին` Ավետիք Իշխանյանը նշում է, որ նրանք ընդմիջումից օգտվում են ընդամենը 10-15 րոպե:

«Մեր քաղաքացիները պաշտպանված չեն ոչ մասնավոր հատվածում, ոչ պետական հատվածում…ընդհանրապես Հայաստանում աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն»,-հավելում է Իշխանյանը:

Քննարկման բանախոսներից Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը աշխատանքային իրավունքների մի քանի հիմնական խախտում է առանձնացնում.

«Հիմնականում մեզ դիմում են աշխատանքային պայմանագրերի, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, չվճարված աշխատավարձի, հավելավճարների, պարգևատրումների, ամենամյա արձակուրդների հարցերով»:

Փիլիպոսյանը մտահոգություն է հայտնում. «Արհմիություններին վերապահված չէ պետական վերահսկողություն, աշխատանքների վերահսկողության համար մեր ձեռքերը կապված են: Մեր գործունեությունը կրում է խորհրդատվական, միջնորդության բնույթ»:

Քննարկման մասնակից ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը նշում է, որ այժմ որևէ պետական մարմին աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի:

2004թ.-ին  ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքի պետական տեսչությունը2013-ին ՀՀ կառավարության որոշմամբ միաձուլվեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանըև իրավահաջորդության հիման վրա ստեղծվեց առողջապահական պետական տեսչությունը, որն իր կառուցվածքում ուներ աշխատանքային օրենսդրության նորմերի վերահսկողության բաժին և իրականացնելու էր աշխատանքի տեսչության վերահսկողությունը:

«Սակայն 2014թ.-ին դեկտեմբերի 17-ին ընդունվեց օրենք, որով ուժը կորցրած ճանաչվեց աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը, որը իրավունք էր վերապահում աշխատանքի պետական տեսչությանը աշխատանքային օրենսդրության նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնել: Եվ կարող ենք արձանագրել, որ 2015թ.-ի հունվարի 9-ից օրենքով աշխատանքային օրենսդրության նորմերի նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության լիազորությունը վերացավ»,-ասում է Դանիելյանը:

Նա նշում է, որ Առողջապահական պետական տեսչությանը վերապահվել է լիազորություն աշխատանքի անվտանգ և առողջ պայմանների նկատմամբ վերահսկողություն իրականացնել և ներկայումս Առողջապահության նախարարությունը մշակում է աշխատանքի անվտանգ և առողջ պայմանների նորմերը:

«Մեր հանրապետությունը ընտրել է մի ճանապարհ, մի ուղի, որտեղ կարող է վերահսկողություն լինել աշխատանքի անվտանգ և առողջ պայմանների նկատմամբ, իսկ մնացած աշխատանքային հարաբերությունները դիտարկվում են որպես աշխատանքային պայմանագրի վրա ծագած հարաբերություններ և ըստ հայեցակարգի այդ խնդիրները կարող են լուծվել միայն դատական կարգով»:

Դանիելյանն իր խոսքում անդրադառնում է նաև հաշտատարի ինստիտուտի ստեղծմանը և դրա կարևորությանը. «Սակայն հաշտարարի ինստիտուտը աշխատանքի պաշտպանության ինստիտուտ չէ, դա կողմերին հաշտեցում է»,-նշում է նա:

Քննարկման բանախոսներից  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Ժորա Սարգսյանը մեկ քայլ առաջ է համարում այն հանգամանքը, որ հոկտեմբերի 22-ից ուժի մեջ է մտնելու Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

«Չնայած չկա վերահսկող մարմինը, բայց մենք փորձում ենք հնարավորինս ավելի մատչելի սահմանել, որ իրենք իմանան (աշխատողները, գործատուները խմբ.), որ ունեն այս կամ այն իրավունքը»,-նշում է Սարգսյանը:

Իշխանյանը հակադարձում է և նշում, որ օրենքների փոփոխությունները շատ կարևոր են, բայց խնդիրը շատ ավելի խորն է:

«Որովհետև ցանկության դեպքում նախկին օրենսգիրքն էլ կարող էր արդյունավետ գործել: Ես համոզված եմ, որ այս օրենքները, որոնք բավականին լավ փոփոխություններ են, առանձնապես կյանքի չեն կոչվի»:

Ըստ նրա՝ օրենքների չիրագործման հիմնական պատճառը Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճումն է և աշխատողների «հպատակությունը»:

«Այսօր Հայաստանի կառավարության անդամների գերակշիռ մասը, ինչպես նաև պատգամավորների ծանրակշիռ մասը հենց գործատուներ են և խոշոր բիզնեսմեններ: Կա այսպիսի խնդիր. ցանկացած գործարար շահագրգռված է ավելի շատ շահույթ ունենալու մասին, նրան չի հետաքրքրում աշխատողների իրավունքները: Եվ այս պարագայում, երբ ինքը և’ իշխանություն է, և’ գործատու, ինչպե՞ս պետք է պաշտպանվեն աշխատանքային իրավունքները»,- ասում է նա:

Իշխանյանի համոզմամբ` աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ պետք է ակտիվ զբաղվեն արհմիությունները, ինչպես արեւմտյան երկրներում է. «19-րդ դարում Եվրոպայում էլ է եղել շահագործում եւ այլն, սակայն ստեղծվեցին արհմիություններ, որոնք, «ագրեսիվ արհմիություններ» էի, ցավոք սրտի, նաև արյան գնով հասան նրան, որ սկսեցին աշխատանքային իրավունքները պաշտպանվել: Եթե այդ արհմիությունները արեւմուտքում մի վայրկյան լռեն, էլի նրանց իրավունքները կսահմանափակվեն»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Կարինե Բարսեղյանը ոլորտի կարգավորման համար կարևորում է իրազեկման խնդիրը ոչ միայն աշխատողների, այլև գործատուների համար. «Այստեղ մեծ անելիք ունեն նաև արհիմությունները, քանի որ փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն չունեն պահելու բարձրակարգ իրավաբաններ կամ հաշվապահներ, և երբեմն խախտումներ լինում են ոչ թե դիտավորությունից, այլ օրենքը չիմանալուց, օրենքը ճիշտ չկիրառելուց»:

Բարսեղյանի ընգծում է նաև աշխատաշուկայում արհմիության կայացման կարևորությունը. «Կարևոր է, որ այն ուժ դառնա և այդ ուժը ուժի իրավունքով աշխատանքային իրավունքները կիրառի ցանկացած պարագայում և գործատուների հետ իրավահարաբերություններում»:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյան էլ հույս է հայտնում, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում առկա դրույթը (որով առաջին անգամ սահմանվում է քաղաքացիների վարչական կարգով իրավունքի պաշտպանության ինստիտուտը) և սահմանադրական այդ նորմի հետագա կիրարկումը ապահովելու համար նոր օրենքների ընդունումը այս ոլորտում որոշակի կարգավորում կմտցնեն:

Ըստ  «Մեդիա կենտրոն»ի հաղորդագրության

 

Քննարկման ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ: 

 

 

Դիտումների քանակը` 1771

Վերադառնալ վերև