Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

 

Հայրենի կառավարությունը այս հարցի պատասխանը չգիտի, ուստի դեմ  արտահայտվեց նորաստեղծ ընտանիքներին 300 հազար դրամ տրամադրելու վերաբերյալ նախագծին :

 

 

«Օրինաց երկիր» խմբակցության անդամները Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը հանդես էին եկել օրենսդրական նախաձեռնությամբ` կառավարությանը ներկայացնելով «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ օգնություն նշանակելու մասին» նախագիծը:

 

Նախագծով ՕԵԿ-ական պատգամավորներն առաջարկում են յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի տրամադրել 300 հազար դրամ միանվագ դրամական օգնություն: Հեղինակների համոզմամբ, օրենքի ընդունումը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքներին  լուծել առաջնային անհրաժեշտության ծախսերից բխող ֆինանսական խնդիրները, ինչպես նաևկնպաստի Հայաստանի  Հանրապետությունում  ժողովրդագրության և  ծնելիության հետ կապված որոշակի խնդիրների լուծմանը:
Այս նախագծի քննարկումն այսօր ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում:

 

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստում ասաց, որ նման օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ, գործադիրի անդամներն էլ համաձայնեցին նախարարի հետ:

 

 

 

«Ողջունելով Նախագծի հեղինակների բարի նպատակադրումները, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ ընդունման դեպքում այն կարող է մնալ առանց անհրաժեշտ ֆինանսական ապահովման»,-նշեց նախարար Ասատրյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացվելիք վարչապետ Տիգրան Սարգսյանի եզրակացության մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում, կառավարության ներկայացուցիչը բացատրում է նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրա­ժեշտ է իրա­կանացնել «Սոցիալական աջակ­ցության մասին» Հա­յաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կե­տով ամրագրված հասցեականության սկզբուն­քի հա­մա­ձայն, ըստ որի՝ սոցիալական ծա­ռա­յու­թյուն­ները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունե­ցող անձին, այս պարագայում` նո­րաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով նախագծում անհրա­ժեշտ է հստակ սահմանել այն չա­փա­նիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարի­քա­վո­րու­թյան աստի­ճանը:

 

 

 

Կառավարությունը համարում է, որ նախագծի ընդունումը բերում է լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, սակայն նրանում նշված չէ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման ֆինանսավորման աղբյուրը, որն անհրաժեշտ է հստակեցնել:

 

 

 

«Եթե այն Հա­յաստանի Հանրա­պե­տու­թյան պետական բյուջեն է, ապա այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հա­յաստանի Հանրա­պե­տու­թյան 2013-2015 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով: Ուստի, վերջինիս ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման: Ըստ վիճակագրության` տարե­կան ամուսնու­թյուն­ների թիվը 10000 է, որից մոտավորապես 8000-ը՝ առաջին անգամ գրանցվող, և, հետևաբար, նախագծի ընդունման դեպքում պահանջվող գումարի մոտա­վոր չափը կկազմի 8000 x 300000=2,4 մլրդ դրամ», –  ասված է կառավարության  պատրաստած եզրակացության մեջ:

 

 

Ելնելով նշվածից  Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ արտահայտվեց  ներ­կա­յաց­ված տեսքով նախագծի ընդունմանը:

 

 

Հ. Կարապետյան

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ  մեր կայքում.

Երիտասարդ ընտանիքների ծախսերն ու հոգսերը

Դիտումների քանակը` 3496

Վերադառնալ վերև