Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի

Ինչպես հայտնի է , այս տարվա  հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55  համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի և 30-ում` ավագանու անդամի ընտրություններ: Մայիսի 14-ին ավարտվեցին թեկնածուների առաջադրումներն, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ից:

 

Ընդհանուր առմամբ 36 համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 88 թեկնածու, որից միայն 8-ն են կանայք: Նրանցից  վեցը   Գեղարքունիքից  են:  Երկուսը՝  Շատջրեքից` Զոյա Գևորգյանը և Ծափաթաղից`Թագուհի Բոյախչյանը  գործող համայնքապետեր են և պայքարելու են վերընտրվելու համար: Ընդ որում,  Շատջրեք համայնքում  այդ պայքարն ընթանալու է երկու կին թեկնածուների միջև` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Զոյա Թադևոսյանի և անկուսակցական Լուսիկ Պետրոսյանի միջև: Գեղարքունիքում առաջադրվել են  նաև  Տորֆավան համայնքում՝ Մարինե Ասատրյանը, Ավազանում՝  Իրինա Դալլաքյանը, Կութում՝ Սիմա  Չիտչյանը:

 

Եվս երկու կին  հավակնում են համայնքապետի պաշտոնին՝  Արմանուշ Յայլոյան Շիրակի մարզի   Մեծ Սարիար գյուղից  և Մնոյան  Թեհմինեն ՝ Լոռի մարզի Գեղասարից:

 

Ինչ վերաբերում է քաղաքային համայնքներին , ապա Գորիսում և Ջերմուկում առաջադրված թեկնածուների թվում կանայք չկան, ինչը նշանակում է, որ այս անգամ  էլ կին քաղաքապետ ունենալու հույսերն չարդարացան և քաղաքապետի պաշտոնը անհասանելի է մնում կանանց համար:

 

Ի դեպ,  մի շարք համայնքներում, կայանալու են նաև արտահերթ ընտրություններ, որոնց առաջադրումները սկսվում են մայիսի 14-ից և կավարտվեն մայիսի 18-ին:

 

Այդ համայնքների թվում է Լոռու մարզի Յաղդան համայնքն է, որի երկար տարիներ ղեկավարող  Վալենտինա Կերխանաջևան մահացել էր վերջերս և այսօր հարց է դեռես ով է առաջադրվելու նրա  փոխարեն:

 

Նշենք   ևս մեկ առանձնահատկություն. Գեղարքունիք մարզի  Ավազան համայնքի ղեկավար  Արշակ Դալլաքյանի միակ մրցակիցը համայնքի գրադարանավարուհի Իրինա Դալլաքյանն է, սակայն ինչպես պարզեցինք համայնքի ղեկավարից` նրանք ազգակցական կապ չունեն, պարզապես նույն ազգանունն են կրում: Հարցին` մտավախություն չունի, որ կարող է պարտվել կին մրցակցի Ա.Դալլաքյանն արձագանքեց. «Ի՞նչ ասեմ: Դա արդեն ընտրությունների արդյունքում կերևա»,- նշեց Ավազանի 17 տարվա գյուղապետը և նույնիսկ հաջողություն մաղթեց մրցակցին:

 

Է.Մակարյան

 

Դիտումների քանակը` 2826

Վերադառնալ վերև