Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ուժեղ կին, ուժեղ հասարակություն / ֆոտոշարք

Բացահայտե՛ք կարծրատիպերը

 

«Կարծո՞ւմ եք կինը չի կարող մարմնամարզիկ լինել, իսկ բռնցքամարտի՞կ: Իսկ տղամարդը կարո՞ղ է ասեղնագործությամբ զբաղվել». այսպիսի առաջին հայացքից պարզունակ թվացող հարցեր էին ուղղում քաղաքացիներին «Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ի անդամներն ու ակտիվիստները: Հարց ու պատասխանի միջոցով ակտիվիստները փորձում էին բացահայտել, թե մարդիկ ինչպիսի կարծրատիպեր ունեն, ապա այդ կարծրատիպերը հերքող տեղեկատվական թերթրիկներ էին նվիրում նրանց:

 

Հուլիսի 26-ի երեկոյան «Ուժեղ կին, ուժեղ հասարակություն» հանրային միջոցառման շրջանակներում Կարապի լճի հարեւանությամբ տեղադրված գունառատ տաղավարները շատերի հետաքրքրությունն էին շարժում: Անցորդները մոտենում էին եւ ինքնակամ մասնակցում կարծրատիպերի բացահայտման «խաղին»:

 

Միջին տարիքի մի կնոջ տրվել էր մի առաջադրանք` լուսանկարներում պատկերված մասնագիտություններից ու զբաղմունքներից առանձնացնել որն է համապատասխանում տղամարդկանց: «Իհարկե, տղամարդը պետք է տանը օգնի կնոջը, դրա հետ համամիտ եմ, նորմալ է, որ փոշեկուլով մաքրի տունը, բայց ասեղնագործության հետ համաձայն չեմ: Տղամարդը տենց խզիկ բաներ չպիտի անի»,- ասաց կինն ու ասեղնագործող տղամարդուն պատկերող լուսանկարը փակցրեց անհամապատասխանության վահանակին:

 

Երիտասարդ տղաներ էլ մոտեցան, նրանց տրվեց  «առաջադրանք»` որոշել, արդյոք կինը կարող է աշխատել հրշեջ ծառայությունում: Տղաները ասացին, որ իրենք դրական են վերաբերվում կին փրկարարներին եւ հրշեճ կնոջ լուսանկարը փակցրեցին համապատասխանության վահանակին:

 

Իսկ հարեւան տաղավարում դարձյալ քաղաքացիների մասնակցությամբ պարզաբանվում էր, թե որ արարքն է համարվում բռնություն եւ ինչ տեսակի: Օրինակ, «ապտակել» գրությամբ թերթիկ քաշած քաղաքացին, թերթիկը փակցնում էր «Ֆիզիկական բռնություն» հատվածում, «սպառնալ» գրությամբ թերթիկը` «Հոգեբանական բռնություն» հատվածում եւ այսպես շարունակ:

 

«Ինչպիսին կլիներ աշխարհն առանց կանանց» տաղավարում փակցված էին բոլոր այն նշանավոր կանանց լուսանկարները, ովքեր հայտնի են հանրությանը իրենց գործունեությամբ, նրանց շարքերում էին նաեւ հայազգի կանայք` երգչուհի Շերը, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, գրող Սիլվա Կապուտիկյանը եւ այլոք:

 

«Այս գաղափարը մեր թիմի ընդհանուր մտահղացումն է, սեղանների մոտ կանգնած են այն մարդիկ, ովքեր հենց մտահղացել են տվյալ իդեան: Սա ինտերակտիվ պրոցես է, մարդիկ մոտենում են եւ իրենք են մասնակցում: Իհարկե, մարդիկ կարող են կարծրատիպային ընտրություն կատարել, բայց սեղանի մոտ կանգնած մեր կամավորները փորձում են բացատրել, որ այ սա կարծրատիպ է եւ տեղեկատվական թերթիկ են տալիս մարդկանց»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը:

 

Նրա խոսքով` իրենք տարին մի քանի անգամ իրականացնում են նման հանրային միջոցառումներ` փորձելով կոտրել հասարակությունում ամրապնդված կարծրատիպերը:

Ակտիվիստները նաեւ կարեւոր էին սելեկտիվ աբորտների խնդիրը: Երիտասարդ տղան ու աղջիկն իրենց կենդանի մասնակցությամբ մարդկանց իրազեկում էին, որ իրականում տղան եւ աղջիկը կարող են զբաղվել միեւնույն գործունեությամբ, երկուսն էլ կարող են հաջողությունների հասնել, սակայն նրանցից մեկը ծնվում է, որովհետեւ տղա է,իսկ մյուսը չի ծնվում` աղջիկ լինելու պատճառով:

 

 

 Արման Ղարիբյան

 

 

ՀԳ – Միջոցառմանը զուգահեռ Կարապի լճի դիմացի ափին տղամարդիկ «լվացք» էին փռում` պատրաստվելով Վարդավառի տոնակատարությանը:

Դիտումների քանակը` 3322

Վերադառնալ վերև