Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ուսում ստացած աղջիկներ. ինչպես է դասավորվում նրանց հետագա կյանքը

woman-siluet

 

Հայաստանում ծնողները ջանք ու գումար չեն խնայում իրենց երեխաներին, այդ թվում աղրիկներին կրթության տալու համար, սակայն հետագայում աշխատելու, կարիերա ստեղծելու հարցում հաճախ այդ նույն ծնողները խոչընդոտ են լինում: Շատ երիտասարդներ գերադասում են ուսում ստացած կին ունենալ, բայց միշտ չէ, որ ողջունում են իրենց կանանց աշխատելու ձգտումը: Շատ երիտասարդներ ուսում ստացած կին են ուզում միայն նրա համար, որ ասենք՝ գրագետ լինի, երեխաների հետ զբաղվի, դպրոցի հանձնարարություններն անի ու վերջ, ի՞նչ կարիերա…

 

Գայանե.  «Մինչեւ հիմա մամայիս փեշի տակ եմ, բաց չի թողնում…»

 

«Ազատության, անկախության մասին միայն երազում եմ, ինչ անկախություն, մինչեւ հիմա մամայիս փեշի տակ եմ, բաց չի թողնում: Իբր ինչ-որ բաներից մամաս ուզում է ինձ պաշտպանել, բայց ինչի՞ց, ես էլ չգիտեմ: Ամեն քայլս պիտի զեկուցեմ թե մամայիս, թե՝ եղբորս՝ ուր գնացի, ում հետ եմ եւ այլն», – պատմում է 22 ամյա Գայանեն: Նա մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է. Տավուշի մարզից է, ասում է, երբ ընդունվել էր համալսարան ու պիտի տեղափոխվեր մայրաքաղաքում ժամանակավոր բնակվելու, ծնողներն անհանսգտած էին՝ բա ո՞նց ես մենակ ապրելու, բա վտանգավոր է: Գայանեն պատմում է՝ մայրը ստիպված աշխատանքից դուրս է եկել, որպեսզի դստեր հետ տեղափոխվի Երեւան ու միասին  լինեն:  «Խնդիրն այն չէ, որ մերոնք ինձ չեն վստահում, ուղղակի ծնողներս ասում էին՝ բա մարդիկ ի՞նչ կմտածեն՝ջահել աղջիկը մենակ է ապրում: Եթե դասերից հետո ընկերուհիներիս  հետ մի սրճարան եմ գնում, կամ ծնունդ եմ գնում, մեկ էլ մամաս ու եղբայրս սկսում են զանգել ու ասել՝ շուտ վերջացրու տուն արի: Ես իրենց համար ընդամենը հարսնացու եմ, այ տենց «կանտրոլի» տակ են պահում, իբր ճիշտ ուղուց հանկարծ չշեղվեմ: Երազում եմ մնալ Երեւանում, աշխատել իմ մասնագիտությամբ, որը շատ եմ սիրում,  վերջիվերջո, գումար վաստակեմ ազատ ու անկախ, իմ համար ապրեմ, ոչ թե իրենց: Բայց մերոնք արդեն իմ փոխարեն ճակատագիրս որոշել են, արդեն ուզողներ էլ կան, որոշում են, թե ում հետ պիտի ամուսնանամ»,-պատում է Գայանեն: Իսկ ամուսնանալուց հետո էլ, ինչպես ասում է երիտասարդ աղջիկը, դժվար թե աշխատի.«Չգիտեմ, եթե բախտս բերի, գյուղի դպրոցում կաշխատեմ, բայց ընդեղ էլ ի՞նչ առաջընթաց պիտի ունենամ»:

 

Գայանեն ասում է՝ աշխատանք էր գտել սուպերմարկետում, դասերից հետո մի քանի ժամվա աշխատանք էր, մտածում էր համ ուսման վարձի մի մասը կվճարեր, համ էլ համալսարան-տուն ձանձրալի, իր խոսքերով ասած՝ սպանող վիճակից դուրս կգար, բայց ոչ, տանեցիները կտրականապես արգելեցին.«Մամաս ասեց՝ բա ախպերդ ու հերդ մեռե՞լ են, որ դու գնաս աշխատես: Հետո գրասենյակային գործ գտա, էլի արգելեցին: Արդեն հոգնել եմ, էլ չեմ էլ պայքարում»:

 

 

Լիանա.  «Ես ավելի նախաձեռնող դարձա, ինքնուրույն, ազատ…»

 

 

Եթե Գայանեն հաշտվել է իր՝ ծնողների  «պատանդի» կարգավիճակի հետ, ապա 25 ամյա Լիանան պայքարը շարունակել է ու հաջողության հասել: Լիանան ասում է՝ մինչ Երեւանի կինոյի եւ թատրոնի  ինստիտուտ ընդունվելը, ծնողներն, այսպես ասած՝ նրա ամեն քայլը հետեւում էին: «Թատերականից առաջ համալսարան էի ուզում ընդունվել, 2 անհաջող փորձ ունեցա: Հետո, որ տունը չնստեմ, պարապ չմնամ,  մայրս իրենց օֆիսում դասավորեց, համակարգչային աշխատանք էի անում: Մամայի հետ գնում էի գործի, մամայի հետ տուն գալիս: Գժվելու բան էր, ասենք ծաղիկ էի ստանում, մեկ էլ մերոնք սկսում էին՝ ո՞վ ա նվիրել, խի՞, պիտի տեղյակ լինենք, կամ էլ՝ էդ ո՞վ զանգեց, ի՞նչ ա ասում: Ընկերուհուս տուն էի գնում, մեր կողքի շենք, ժամը 8-ից սկսում էին մերոնք զանգել՝ տուն արի, ուշ ա, Էլ չեմ ասում, որ հանկարծ  ընկերուհիներով մի զվարճանքի տեղ էինք գնում, դա մի պատմութուն էր դառնում»: Լիանան ասում է՝ թատերական ընդունվելն էլ տանեցիները միանշանակ չեն ընդունել՝ դերասա՞ն, ռեժիսո՞ր, չէ մի չէ. Այսպես էին Լիանայի հարազատներն արձագանքել: «Նախապես ոչ ոքի չէի ասել, որ գործերս թատերական եմ տվել, թե չէ ամեն ինչ կանեին, որ հետ վերցնեմ:  Մի օր մտա տուն ու ասեցի՝ ես ընդունվել եմ թատերական: Մայրս քիչ էր մնում խելագառվեր, ասեց՝ գոնե ուրիշ տեղ ընդունվեիր: Կարճ ասած՝ ուրախությունս չկիսեցին»,-հիշում է Լիանան:

 

Բայց այս ինստիտուտը երիտասարդ աղջկա կյանքը, կարելի է ասել, կտրուկ փոխել է, հեղափոխել է ոչ միայն Լիանային, այլեւ ծնողների մտածելակերպը:

 

Լիանան պատմում է՝ «Ես ամեն շաբաթ մեր տանը ընտանեկան կինոդիտում էի կազմակերպում. Շատ լավ ֆիլմեր էինք նայում, հետո էնպես էի անում բոլորովս քննարկում էինք, մեկ, երկու, մերոնք հասկացան, որ դա իմ երջանկությունն է, ու արդեն էդ վերահսկողություն, տարբեր բաների նկատմամբ արգելք, տաբու, վերացան: Ես ավելի նախաձեռնող դարձա, ինքնուրույն, ազատ: Նույնսիկ Բաղրամյանի ցույցերին էի մասնակցում, եղել է գիշերները մնացել եմ Բաղրամյանում, ծնողներիս սկզբում դա դուր չէր գալիս, հայրս մի 2 անգամ եկավ Բաղրամյան, ու էլ չէր արգելում մնամ այնտեղ: Ես հիմա աշխատում եմ, անգամ մենակ ճամփորդում եմ, երկրից դուրս եմ գնում մեն-մենակ, ու մերոնք չեն արգելում, ճիշտ է, սկիզբը դժվար էր, չեմուչում էին անում, բայց ինձ այլեւս կապանքների մեջ պահելն անհնար է»: Լիանան ասում է, մի օր ականջ է դրել ծնողների զրույցին, նրանք ափսոսանքով էին խոսել, որ դստերը շատ բաներ արգելել են, դեմ են եղել մասնագիտությանը.«Մայրս ասեց՝ թող կյանքը դասավորի, 21-րդ դարում ամոթել ա, էրեխուն ինչից ասեց, որ չենք զրկել, հիմա կրթություն կունենա նորմալ, էգուց, մյուս օր իր գլխի տերը կլինի: Պապաս մի քիչ դժգոհ էր, բայց հոգու խորքում, գիտեմ, մամայիս հետ համաձայն էր»:

 

 

«Կանանց կրթությունն արժեք է, կարիերան՝ ոչ». փաստում են  հետազոտությունները

 

 

ԵՊՀ գենդերային հետազոտությունների եւ առոջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանն ասում է մոտ երկու  տարի առաջ հետազոտություն են արել՝ «Գենդերային բարոմետր»,  ամբողջ Հայաստանում ուսումնասիրվել է հասարակության դիրքորոշումը գենդերային դերերի վերաբերյալ տարբեր ոլորտներում։ Շահնազարյանն ասում է, որ այս հետազոտության մեջ մի հարց կար՝ կրթությունը որքանով է կարեւոր աղջիկների համար, արդյունքները զարմանալի են՝ գրեթե  80%-ն ասել էր, որ կարեւոր է.

 

«Այսինքն՝ համարում են, որ կրթված կինն արժեք է ներկայացնում մեր հասարակությունում, բայց երբ հաջորդ հարցն էինք տալիս՝ իսկ որքանո՞վ է կարեւոր կարիերան, թիվն երկու անգամ  իջնում է: Միայն   մոտ 40%-ն է կարեւորել  կարիերան:

 

Մինչդեռ կարիերայի հարցը կարեւոր է, որովհետեւ, ի վերջո այդ կրթությունն ինչ֊-որ ձեւով պետք է տրանսֆորմացվի եւ ծառայի հասարակությանը, այսինքն  աշխատաշուկայում այդ ամենը կիրառվի, արժեք ստեղծվի: Բացի այդ  կարիերան կարեւոր է նաեւ կնոջ  ինքնադրսեւորման համար, ի վերջո այդ կապիտալը, որ ձեռք է բերել կինը, իրեն էլ պիտի ծառայի: Սակայն ստացվում է՝ կրթությունը կարեւոր է որպես արժեք, իսկ երբ փորձում ենք պարզել  ինչո՞ւ համար է պետք այդ արժեքը, անմիջապես բախվում ենք մշակութային մի խնդրի, որը մենք բացահայտել ենք այլ հետազոտություններով, ասենք՝ կրթությունը կնոջը պետք է լավ երեխա դաստիրակելու, լավ քաղաքացի դաստիրակելու համար»:

 

 Գոհար Շահնազարյանը նկատում է՝ աղջիկներին կրթության տալու հետ կապված լուրջ  խնդիր կա՝ ներդրումներ են կատարվել, նույն ծնողներն այդքան ուսման վարձ են տալիս,  մարզից գալիս են այստեղ վարձով են բնակվում, ռեսուրս ծախսվում, բայց դրա հետ մեկտեղ  բացասական են  ընկալում  հետագա կարիերա ստեղծելու հեռանկարը:   

 

Փորձագետն  ասում է՝ դաստիրակությունն էլ մեծ դեր ունի աղջիկների ինքնադրսեւորման, կարիերա ստեղծելու հարցում:

 

 «Նախ այն որակները, որոնք փոխանցում  են ծնողները, երբ աղջիկների մեջ դաստիրակում են հնազանդությունը, ավելի շատ ներդնում են քիչ ակտիվ լինելը,  սահմանափակում են  աղջիկների ինքնադրսեւորումը:  Եթե նա նույնիսկ բարձրագույն կրթություն ստացավ, բայց այդ ակտիվությունը, աշխատանք գտնելու հմտությունը մենք չենք դաստիրակում աղջիկների մեջ։ Այո, կրթութունը լավ է, թող ստանա, բայց հետո ինչպե՞ս կօգտագործի: Գուցե ուզում է քաղաքականությամբ զբաղվել, գուցե՝ բիզնեսով, այս տիպի որակների մասին ընդհանրապես չեն մտածում, ավելի շատ հնազանդություն են ներարկում»։

 

«Վերջերս կանանց ռեսուրսային կնետրոնով Գեղարքունիքի մարզում  քայլարշավ էինք կազմակերպել կանանց նկատմամբ բռնության դեմ։ Հետաքրքիր դրվագներ եղան: Օրինակ՝ ծնողներ կային, որոնք ասում էին՝ գերադասում ենք աղջիկներին   չուղարկել Երեւան, հատկապես եթե արտաքին տեսքը լավն է, գեղեցիկ է, ասեմ, որ  տարանջատումը՝ գեղեցիկ, ոչ գեղեցիկ, արդեն իսկ սխալ է: Ինչեւիցե, ասում են՝ չենք ուղարկում, որովհետեւ Երեւանում  ինքը կփչանա, չգիտենք ինչ կլինի, դրա համար արագ-֊արագ ամուսնացնում ենք եւ վերջ: Այսինքն՝ այնքան որ շուտ ամուսնանա, նույնիսիկ վաղ ամուսնություններ կային»,-պատմում է Շահնազարյանը:

 

Այնուամենայնիվ, Գոհար Շահնազարյանը նկատում է՝ վերջին տարիներին դրական  առաջընթաց կա եւ դա հետեւանք է այն ծրագրերի, որոնք ուղղված են աղջիկների իրազեկությունն իրենց իրավունքների մասին բարձրացնելուն.«Դրանց միջոցով աղջիկները հասկանում են իրենց  դերը  հասարակությունում որպես քաղաքացի: Շատ-շատ աղջիկներ կարողանում են հասկանալ, որ անպայման չէ իրենք էլ այն նույն ճանապարհով գնան, որով իրենց տատիկներն ու մայրերն են  գնացել։ Քաղաքացիական գիտակցությունում ու դիրքորոշումներում  առաջընթացը նաեւ աղջիկների մոտ է»։

 

Գոհար Շահնազարյանն ասում է՝ որ իրականում  կրթական համակարգը՝ դպրոցն ու բուհը  պետք է այս խնդրի մասին խոսեն.«Բայց չկա նման բան, մենք տեսնում ենք, որ դպրոցը վերարտադրում է այդ նույն կարծրատիպը, սերմանում է՝ դու աղջիկ ես՝ այսպես պիտի լինես, տղա ես՝ այնպես: Սա բացասական է ազդում: Մինչեւ կրթական համակարգում փոփոխություն չլինի, կանանց  առաջընթաց չի լինի»:

 

Նունե  Բադամյան

 

Դիտումների քանակը` 741

Վերադառնալ վերև