Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ուսուցիչներ. աշխատանքային իրավունքներ թե՞ վարքագծի կանոններ

Վերջերս Կրթության և գիտության նախարարությունը մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել «Մանկավարժի վարքականոն» նախագիծը, որը բավականին կոշտ գնահատականների արժանացավ մամուլում և սոցցանցերում՝ որակվելով որպես ուսուցիչների նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի» դրսևորում: Ու թեև վարքականոնի նպատակներից է՝ «նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն», սակայն այս փաստաթղթի վերաբերյալ գրեթե բոլոր մեկնաբանություններում նշվում է, որ այն հակառակը՝  նսեմացնում է ուսուցչի  պատիվն ու կարգավիճակը:   Ավելին, այն առիթ հանդիսացավ ուսուցիչների աշխատանքային իրավունքների անտեսման խնդիրը բորձրաձայնելու համար: Նշենք նաև, որ , ըստ էության, այս փաստաթղթի հիմնական հասցեատերերը կանայք են, քանի որ նրանք  կրթության ոլորտում զբաղվածների 78%-ն են կազմում:

 

«Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն»

 

Սոցիալական ցանցերի օգտատերերը վարքականոնի մասին իրենց մեկնաբանություններում  հիշեցրեցին նախարարությանը, որ ոլորտում առաջին հերթին լուրջ խնդիրներ կան ոչ թե ուսուցիչների դաստիարակության, այլ  ուսուցիչների աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված:

 

«Տվե՛ք մանկավարժին արժանապատիվ աշխատելու պայմաններ և ապրելու համար անհրաժեշտ սոցիալական երաշխիքներ, ապա միայն փորձեք գնահատել մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատվի բարձրությունը», – գրել իր ֆեյսբուքյան էջում լրագրող Քրիստինե Մելքոնյանը՝ նկատելով, որ  որևէ մեկի պարտավորությունների մասին խոսելիս, նրա իրավունքնեըի մասին հիշելը խրախուսվում է:

 

«ԿԳՆ-ն ուսուցիչներին է ներկայացրել չգրված օրենքների մի փունջ, բարոյական պարտավորություններ, որոնց ուսուցիչը «պետք է, պարտավոր է» հետևել: Ու եթե Աստվածաշունչը համեստորեն սահմանափակվել է տասը պատվիրանով, այս վարքականոնը հինգ բաժին ունի՝ յուրաքանչյուրը խրատների ու հորդորների բազմաթիվ ենթակետերով», – գրել է նախագծի վերաբերյալ «Հետք»-ը, նշելով, որ ամենախոցելի այս խմբի՝ ուսուցիչների հետ պետությունն առանց ցերեմոնիաների է, անբռնազբոս և իրեն պարտավորված չի զգում գիտակցել, որ նախ՝ պետությունը պետք է լինի ուսուցչի մասնագիտական վարկանիշի բարձր լինելու երաշխավորը:

 

Այս նախագիծը առիթ հանդիսացավ, որ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը սկսեց Ուսուցիչների անկախ արհմիության ձևավորման գործընթացը:  «Իրականում ամենախոցելի խումբը վերջին շրջանում էլ, առաջ էլ, ուսուցիչներն են: Եվ որպեսզի այդ խումբը շատ ավելի կազմակերպված կարողանա հանդես գալ ու նաեւ զբաղվել իր շահերի պաշտպանությամբ, առաջնային անհրաժեշտություն է իրենց համար մասնագիտական ասոցիացիայի կամ արհմիության ստեղծումը: Այդ գաղափարը վաղուց մեզ մոտ խմորվում էր, բուն անհրաժեշտությունը վաղուց էր մեր խմբի ներսում քննարկվում, եւ ուսուցիչները, որոնք մեր խմբի անդամ են, իրենք էլ էին բարձրաձայնում: Բայց հիմնական առիթը հանդիսացավ էթիկայի կանոնների հրապարակումը կրթության եւ գիտության նախարարության կողմից, ու մտածեցինք, որ հիմա ճիշտ ժամանակն է այս խնդրով զբաղվելու», – պարզաբանեց  Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը:

 

 

«Ուսուցիչներից  շատերն  անտեղյակ են  իրենց  աշխատանքային  իրավունքներից». ուսումնասիրություն

 

Հատկանշական է, որ անցած տարվա նոյեմբերին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն  կազմակերպել էր  «ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսը, որին մասնակցում էին Հայաստանի մի շարք մարզերի դպրոցների ուսուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ և իրավաբաններ: Միջոցառման նպատակն էր բարձրաձայնել հանրակրութական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրները, որոնց ուսումնասիրությունն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի  խոսքով,  Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների նպատակն էր պարզել աշխատանքային իրավունքների վերաբերյալ ուսուցիչների տեղեկացվածության մակարդակը, նրանց վերաբերմունքը արհմիությունների հանդեպ և պատրաստակամությունը խախտված իրավունքները պաշտպանելու համար: 

 

Սոցիոլոգ Մերի Երանոսյանը ներկայացմամբ «ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների ուսումնասիրությունն» իրականացվել է հանրակրթական դպրոցների ուսուցուչների հարցումների միջոցով, ընդ որում հարցաշարերում ներառված են եղել հարցեր աշխատանքային պայմանագրի, դասաժամերի բաշխման, աշխատավարձի չափի, ուսուցչի աշխատաժամանակի տևողության, արտաժամյա աշխատանքի, արձակուրդի, աշխատանքային պայմանների, դասղեկության և թեմատիկ գրավոր աշխատանքների հավելավճարների, ուսուցիչների պաշտպանվածության, կրթության և գիտության արհմիություններին նրանց անդամակցության, արհմիությունների հանդեպ ուսուցիչների վերաբերմունքի մասին:   Փորձագետի գնահատմամբ, թեև ՀՀ Սահամադրությամբ կարևորվում են կրթության իրավունքները, կան պետական երաշխիքներ կրթության իրավունքն իրացնելու համար, սակայն ուսուցչի մասնագիտական գործունեության իրավական դրության բարելավման և սոցիալական պաշտպանվածության երաշխիքներն օրենքով ապահովված չեն:

 

Ուսումնասիրության  արդյունքում  պարզվել է, որ ուսուցիչները ոչ միշտ են  տեղյակ  իրենց աշխատանքային  պայամանգրի  տեսակներից, ժամկետներից  և այն  պահանջներից, որը  իրենք  կարող են  ներկայացնել գործատուին,  օրինակ, աշխատանքային  պայամանգրի իր  օրինակի  տրամադրումը: Արձանագրվել են  նաև  պայմանագրով  չնախատեսված աշխատանքների կատարում ուսուցիչների կողմից , (օրինակ՝ ցույցերին  մասնակցություն, նախընտրական  շրջանում  կուսակցության  օգտին ձայների հավաքում, զբաղվել դպրոցի մաքրությամբ,  չվարձատրվող  լրացուցիչ աշխատանքների իրականացում, թատրոնի  տոմսերի  իրացում,  ֆոնդի,  տնօրենի, ուսմասվարի  համար,  նաև այլ  նպատակներով գումարների  հավաքում և այլն):

 

Հարցումներից  պարզվել է, որ ուսուցիչներին հուզող ամենամեծ խնդիրը  դասաժամերի  բաշխումն է,  ինչը  հաճախ  ուուսցական  կոլեկտիվում անառողջ մթնոլորտ ստեղծելու առիթ է հանդիսանում: Այն, թե որքանով  գոհ  կամ  դժգոհ  կլինի  ուսուցիչն  իր  դրույքին  համապատասխանող  դասաժամերի քանակի  բաշխումից,տրամադրված  դասարաններից,  հերթից,  բազմաթիվ դեպքերում կախված է  տնօրենի  կամքից:

 

Այն, որ ոչ  բոլոր ուսուցիչներն են  ծանոթ  Աշխատանքային  օրենսգրքին կամ դրա  առանձին  հոդվածներին, փաստեցին  նաև  միջոցառման  մասնակից կրթության  փորձագետներն ու իրավաբանները:

 

Փորձագետ Գուրգեն Թորոսյանի համոզմամբ աշխատանքային  հարաբերություններում  կոնֆլիկտներ  և  վիճաբանություններ առաջանում են ՝ կապված  հովանավորչության,  կաշառքի,  խտրական  մոտեցումների ,  գործատուի կողմից աշխատավարձի սխալ  հաշվարկի, առանց  հիմնավորման  աշխատանքից ազատելու,  դասղեկության  համար  պայքարի,  կրկնուսուցման նպատակով աշակերտներ  ներգրավելու և այլ  խնդիրների հետ:

 

Ուսումնասիրության արդյունքերից  պարզվում է  նաև, որ ուսուցիչների զգալի  մասը արհեստակցական  միությանը չի դիմել, թեև  նրանց  մեծ  մասը  հանդիսանում է կրթության  և գիտության արհմիության  անդամ, քանի որ անդամակցությունը  դպրոցի  ուսուցչի  համար եղել է  պարտադիր,  իսկ  մյուս  մասը ՝ ԿԳ  արհմիության անդամ չէ և տեղյակ  չէ արհմիության  գոյության և գործառույթների մասին:

 

Քննարկման  մասակիցներից Հայաստանի արհմիության  կոնֆեդերացիայի  ներկայացուցիչ, Հայաստանի Բուհերի աշխատողների ճյուղային  հանրապետական միության  նախագահ Գառնիկ Վաղարշակյանն  իր խոսքում կարևորելով ուսուցիչների  շահերի պաշտպանության  հարցը նշեց, որ այս  և նման  հարցերը  հարկ է որ  նախապես  քննարկվեին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ Հայաստանի կրթության  և գիտության աշխատողների ճյուղային  հանրապետական միության հետ: Իր  խոսքում  անդրադառնալով Հայաստանի անկախացումից  ի վեր կրթության  ոլորտում բազմիցս  տեղի ունեցած վերաձևումներին և դրանց  արդյունքում առաջացած  խնդիրներին, Գ.Վաղարշակյանն ասաց, որ իր  պարտականություններում թերացող  ուսուցչի խնդիրը պայմանավորված է իր՝  օրենսդրորեն  պաշտպանված  չլինելու հանգամանքով:

 

Միջոցառնան ավարտին Ավետիք Իշխանյանը հույս հայտնեց, որ զեկույցը կքննարկվի նաև ԿԳՆ-ում և Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում, և որ հաշվի առնելով արծարծված  հարցերի  կարևորությունը, դրանց կտրվեն  համապատասխան  լուծումներ: Քննարկվել է այս  ուսումնասիրությունը  ԿԳՆ-ում թե ոչ հայտնի չէ, սակայն  նախարարության կողմից  ներկայացված վարքականոնները վկայում են, որ այն անհետևանք է մնացել:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 501

Վերադառնալ վերև