Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Չլինել անտարբեր բռնության հանդեպ». քայլարշավ Երևանում

 

ert-7

Նոյեմբերի 25-ին մեկնարկող  Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավին ընդառաջ  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին հանրապետությունում կանանց նկատմամբ  բռնությունների իրենց ունեցած վիճակագրությունը, բռնությունների բնույթը,  քարոզարշավի ընթացքում Հայաստանում իրականցվելիք միջոցառումները:

 

 

992 առաջնային զանգ, որոնց  48 տոկոսը՝  հոգեբանական բռնության մասին

 

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրը Երևանում կանցկացվի քայլարշավ՝ «Չլինել անտարբեր բռնության հանդեպ» խորագրով:  Երթը կմեկնարկի Տերյան փողոցի 105 հասցեից՝ Պոլիտեխնիկական համալսարանի բակից: Մասնակիցները կանցնեն հետևյալ երթուղով՝ Երիտասարդական մետրոկայարան-Ալեք Մանուկյան փողոց-Խանջյան փողոց-Մանկավարժական համալսարան: Երթուղու ընտրությունը պատահական չէ: Քանի որ սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացիների կերտումը որոշակիորեն կախված է ԲՈՒՀ-ական համակարգից, այս տարի քարոզարշավի միջոցառումներ հասցեագրված են   երիտասարդությանը։

 

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը որաշ թվեր ներկայացրեց այս տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրենց կազմակերպության՝ Երևանում ու յոթ մարզերում  գործող թեժ գծերով ստացած ահազանգերի հիման վրա:

 

«Այդ ընթացքում մենք ստացել են 992 առաջնային զանգ, երբ  կինն առաջին անգամ է տեղեկացնում իր նկատմամբ իրականացված բռնության մասին: Այսինքն, օրական ավելի քան 3 կին առաջին անգամ  դիմում է մեզ այդ խնդրի հետ կապված»,-ասաց Ա. Առաքելյանը, նշելով, որ  կազմակերպությանն ուղղված զանգերի 48 տոկոսը եղել են հոգեբանական բռնության մասին՝ ստորացումների, նվաստացումների, սպառնալիքների,  50 տոկոսը՝ ֆիզիկական բռնությունների, 2 տոկոսը՝ սեռական բռնությունների վերաբերյալ էին:

 

Բանախոսը նշեցին, որ բռնության խնդիրներով  զբաղվող յոթ կազմակերպությունների տվյալներով տարեկան շուրջ 2 հազար ահազանգ է գրանցվում ընտանեկան բռնության մասին:

 

«Նախորդ տարվա համամետ ֆիզիկական բռնության վերաբերյալ զանգերի թիվն ավելացել է: Ինչ վերաբերում է սեռական բռնություններին, ապա այստեղ խնդիր կա, քանի որ կանայք դրա մասին շատ քիչ են բարձրաձայնում: Հոգեբանների՝ կանանց հետ աշխատանքի ընթացքում պարզվում է, որ ամեն երրորդ դեպքում առկա  է նաև սեռական բռնություն, այլ հարց է, որ կանայք երեբեմն չեն գիտակցում,որ ենթարկվում են ամուսնական բռնաբարության եւ միայն  մասնագետների օգնությամբ են հասկանում, որ տեղի  ունեցածը ամուսնական բռնաբարություն է»,-ասում է Աիդա Առաքելյանը:
 

Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանի կարծիքով, հայ հասարակությունը չի ընկալում ընտանեկան բռնությունը որպես պրոբլեմ: «Որքան էլ որ մենք վիճակագրություն ներկայացնենք, այնուամենյանիվ այն հստակ պատկերը ցույց չի տալիս, քանի որ կանայք հասարակական կարծիքի պատճառով չեն բարձրաձայնում բռնությունների մասին»,-կարծիք հայտնեց բանախոսը:

 

Նա էլ որպես օրինակ վկայակոչեց իրենց կազմակերպության կողմից ստեղծված «Ապահով տուն» գաղտնի կացարանի վիճակագրությունը: Այն  նախատեսված է ընտանեկան բռնության ենթարկված, կյանքին վտանգ սպառնացող կանանց ու նրանց երեխաների համար, եւ դրա նպատակն է կնոջն ու երեխաներին մեկուսացնել բռնարարից ու պաշտպանել նրանց կյանքը:

 

 

Խնդիրների մասին կանայք ահազանգում են թեժ գծին՝ 099 88 78 08:

 

 Վերջին 3 տարիների ընթացքում կացարանում մոտ 200 կին և երեխա է ապաստանել, իսկ կազմակերպության  իրավաբանական, խորհրդատվական և հոգեբանական ծառայություններից հինգ տարվա ընթացքում օգտվել է շուրջ 600 կին ու երեխա: Խնդիրների մասին կանայք ահազանգում են կազմակերպության թեժ գծին՝ 099 88 78 08:

 

Հաճախ են լինում դեպքեր, երբ ամուսնու, նրա ընտանիքի անդամների կողմից բռնությունների ենթարկվող կնոջը հայրական ընտանիքն էլ հրաժարվում է իր տանիքի տակ առնել:

 

«Հասարակության մեջ կա հանդուրժողականություն ընտանեկան բռնության հանդեպ, շատերի մոտ չի ընկալվում բռնությունը որպես հանցանք, քանի որ մենք չունենք օրենք ընտանեկան բռնության մասին: Մեր աշխատանքների մի մասն ուղղված է հենց հասարակության մեջ անհանդուրժողականության ձևավորմանը, որպեսզի կանայք չվախենան բարձրաձայնել իրենց հանդեպ  բռնությունների մասին: Փորձը ցույց է տալիս, որ կանայք մեզ դիմում են այն ժամանակ, երբ այդպես ապրելն այլևս անհնար է դառնում»,-ասաց Քանքանյանը:

 

Բռնության ենթարկված կանանց աջակցություն ցույց տվող կազմակերպության աշխատակիցը խոստովանում է, որ հաճախ ինքն ու գործընկերներն էլ ենթարկվում են բռնությունների:«Շատ հաճախ բռնարար ամուսիները գտնում և սպառնում են մեզ, դա ՞ կարծես թե, դարձել է մեր աշխատանքի մի մասը»,-ասաց նա:

 

Քանքանյանը պատմեց նաեւ  այն դժվարությունների մասին, որոնց բախվում են  իրենց աշխատանքի ընթացքում:   «Օրինակ, եթե ամուսինը սպառնում է սպանել կնոջը, նա երեխայի հետ տեղոփոխվում է «Ապահով տուն», դպրոցահասակ երեխային մի դպրոցից մյուս դպրոց գաղտնի տեղափոխելու մեխանիզմ չկա: Ամեն անգամ մենք փորձում ենք այլընտրանքային ուղիներ գտնել: Շատ խնդիրներ կան կապված ԴԱՀԿ աշխատանքի հետ, երբ դատարանի որոշմամբ երեխաները հանձնվում են մորը, սակայն ԴԱՀԿ-ի անգործության պատճառով չեն վերադարձվում նրան», – ասաց նա, նշելով, որ ԴԱՀԿ վատ աշխատանքի դեմ ակցիաներ էին կազմակերպել, բաց նամակով դիմել Կառավարությանը:  Դրանից հետո, նրա խոսքով,   երկու հաջողված դեպք են ունեցել, սակայն հարյուրավոր երեխաների ճակատագիր դեռ մնում է օդում կախված:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 862

Վերադառնալ վերև