Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատերազմ և Խաղաղություն կանանց աչքերով

Սեպտեմբերի  8-9   Երևանում  «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացած 4 –րդ միջազգային  կոնֆերանսը  համատեղ հարթակ է  Կովկասի կանանց համար, ովքեր ներգրավված են խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հարթակ, որի շնորհիվ նրանք փորձ են փոխանակում , քաջալերում և ոգևորում են միմյանց:

 

Կոնֆերանսը  ավանդաբար անց է կացվում «Կովկասի կանայք հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» կարգախոսի ներքո: Յուրաքանչյուր տարի թեման փոխվում է’ պայմանավորված աշխարհում  կատարվող  իրադարձություններով և առավել արդիական խնդիրներով: Այս տարվա թեման էր՝ «Պատերազմի և խաղաղության տնտեսությունն ու դրանց ազդեցությունը կանանց առօրյա կյանքի վրա»:

 

Երկօրյա կոնֆերանսի աշխատանքներին  մասնակցեցին Հայաստանի մի շարք ՀԿ-ների և կառավարման մարմինների  ներկայացուցիչներ , փորձագետներ,   հյուրեր Շվեդիայից, Հյուսիսային Կովկասից, Ուկրաինայից, Վրաստանից, Սիրիայից, ԼՂՀ-ից, ԵՄ-ից, «ՄԱԿ Կանայք» կառույցից,  Հայաստանում  Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններից:

 

«Կանայք շատ լավ են հասկանում խաղաղության գինը»

 

Ողջ տարին կապի մեջ գտնվող և կոնֆերանսի անցկացման մի քանի օրերի ընթացքում հանդիպող կանայք կիսվում էին իրենց երկրներում առկա իրավիճակով, քննարկում օրակարգային հարցեր, ներկայացնում իրենց պատկերացումները մեր արագ փոփոխվող աշխարհի ներկայի ու ապագայի շուրջ: Իսկ այդ ամենի առանցքում կանանց դերն ու նշանակությունն է, որպես խաղաղության և կայունության հաստատման գլխավոր դերակատարների:

 

Կոնֆերանսի մաս էր կազմում նաև  մինչ նրա մեկնարկը՝  նախօրեին  տեղի ունեցած  «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակ» ավանդական  մրցանակաբաշխությունը, որին այս տարի  արժանացան Ղաիդա Օդաթը (Սիրիա), Խեդա Օմարխաջիևա (Չեչնիա, ՌԴ) և Էլիկո Բենդելիանին (Վրաստան): Պարգևի նպատակն է ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսել և աջակցել՝ դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլև այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են:

 

«Կանայք շատ լավ են հասկանում խաղաղության գինը, քանի որ այդ խաղաղության համար ամենաթանկը հենց կանայք են վճարում: Եվ հենց այս իմաստով է անչափ կարևոր կանանց մասնակցությունը հասարակական ու քաղաքական կյանքին», –  Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորթի  այս խոսքերը  կոնֆերանսի հիմնական մեսիջների շարքում էին:

 

«Կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում անբավարար է եղել և հիմա էլ շարունակում է այդպիսին մնալ, մինչդեռ անհրաժեշտ է օր առաջ կարևորել կանանց ջանքերը խաղաղության համար, անհրաժեշտ է մեծ տեղ տալ նրանց աշխատանքին, ապահովել գործելու  և խոսք ասելու հավասար հնարավորություններ»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ հենց այդ պատչառով էլ նրանք  աջակցում են այս կոնֆերանսին:

«Պատերազմն այսօր փոխել է իր դեմքն ու բնույթը»

 

Բացման խոսքում միջոցառման կազմակերպիչ հանդիսացող «Դեմոկրատիան Այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը նշեց, որ կոնֆերանսի թեման առավել քան արդիական է, քանի որ  վերջին տարիներին փոխվել է պատերազմների դեմքն ու բնույթը.

 

«Պատերազմն այսօր փոխել է իր դեմքն ու բնույթը. այսօր արդեն նորանոր տիպի զինամթերք է օգտագործվում, նոր մեթոդներ և ակնհայտ է դարձել, որ պետությունները սկսել են տարեց տարի ավելացնել իրենց ռազմական բյուջեն, ինչը մտահոգիչ ցուցանիշ է»,- ասաց Շահինյանը: Ցավալի է, շարունակեց նա, որ այդ ամենից առաջին հերթին տուժում են կանայք ու երեխաները՝ պատերազմի արհավիրքը նախևառաջ նրանց վրա է բացասաբար անդրադառնում:

 

«Կարևորելով  կանանց ջանքերը խաղաղության համար»

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ իր խոսքում նշեց, որ այսօր իրավիճակն այնքան  թեժ ու անկանոն է ողջ աշխարհում և  խաղաղարար  շարժումների կարիքը կա  երկրագնդով մեկ:

 

«Կովկասը, լինելով փոքր տարածաշրջան, այսօր լարված վիճակում է և ես այս ամենի վերջը, ցավոք, չեմ տեսնում: Ռազմական բյուջեն մեծացնում են այն պետությունները, որոնք ինչ-ինչ հավակնություններ ունեն, իսկ կան նաև պետություններ, որոնք իրավիճակը կայուն պահելու համար դիմագրավում են: Մեզ մոտ ննջող պատերազմ է, որը դեռ լուծումներ չունի»,- ասաց Բերիկյանը: Կարևորելով կանանց մասնակցությունը այդ գործընթացներին հատկապես ժողովուրդների միջև երկխոսության հաստատման և ամրապնդման տեսանկյունից, նա հիշեց, որ ժամանակ կար, երբ մի սեղանի ուրջ կարող էին հանդիպել հայն ու ադրբեջանցին, օսն ու վրացին ու միասին նորմալ շփվել ու աշխատել: Մինչդեռ ցավոք՝ իրավիճակն այսօր փոխվել է և նոր մոտեցումներ ու պատկերացումներ են անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի վերադառնալ դրան իրավիճակը, իսկ բացի այդ նաև վերացնել անկանոն քաղաքականությունը, երբ ոչ մի միջազգային նորմ, կարգ ու կոնվենցիա չի գործում:

 

«Նախարարությունը ամեն անգամ փորձում է կանանց ընդգրկել շատ հարցերի քննարկման  մեջ: Ունենք 1325 բանաձև, բայց միայնակ տանգո պարել չի լինում, պետք է ժողովուրդների միջև երկխոսություն լինի: Բայց կան դիկտատուրաներ, որոնք սահմանափակում են շփումները ժողովուրդների միջև, և այդպիսին է հենց իրավիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Բայց ես վստահ եմ, որ երբ կանայք են մասնակից դառնում այդ գործընթացների, ապա հաջողությունը մոտալուտ է, քանզի կանայք խաղաղության կարիքը բնազդով են զգում: Եվ այն փաստարկները, որ նրանք բերում են, դրանց դեմ դժվար է հակափաստարկ ներկայացնել»,- հավելեց Բերիկյանը:

«Կանայք կարող են կառուցել պատերազմից զերծ հասարակություն»: 

 

Համաժողովի աշխատանքային երկու օրերի ընթացքում մասնակիցները թեմատիկ տարբեր քննարկումներ են ունեցել՝ պատերազմի քաղաքական տնտեսության, խաղաղության բյուջեի, փախստականների, գենդերային հավասարության, իրավական կարգավորումների և շատ այլ խնդիրների շուրջ: WomenNet-ի հետ զրույցում «Դեմոկրատիան Այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը նշեց, որ այս տարի ամենից շատ քննարկվել է երկրների կողմից ռազմական բյուջեի տարեց տարի ավելացման խնդիրը և հարցը, թե ինչպես կարելի է նման իրավիճակը փոխել` առաջնահերթությունը դնելով սոցիալական, կրթական ոլորտների ֆինանսավորման վրա.

 

«Վրաստանից ժամանած ներկայացուցիչը բերեց շատ հետաքրքիր օրինակ, որ ռազմական բյուջեի մեծացումը չի նշանակում, թե երկիրը պատրաստ է պատերազմի … Իսկ գուցե պետք է պատրաստ լինել խաղաղ կյանքին, ինչն, ինչպես տեսնում ենք, այսօրվա կյանքում շատ ավելի դժվար է: Հնչեց նաև այն մտավախությունը, որ վերջին պատերազմները փոխել են իրենց բնույթը ու դարձել են երկարատև, քանի որ պատերազմը դարձել է ֆինանսական խոշոր կուտակումների վայր ու նաև լավ գումար վաստակելու միջոց, ինչն էլ ձգում է դրա ընթացքը: Այստեղից էլ գալիս է մյուս խնդիրը, որ պատերազմներին մասնակցում են նոր տիպի զորքեր, քանի որ դրանք վարելու համար մասնակցում է ոչ թե կանոնավոր բանակը, այլ վարձկանները, որոնք առաջ են քաշում լրջագույն խնդիրներ` կանանց և երեխաների բռնաբարություններ, կանանց և երեխաների ստրկացում, նրանց վաճառք և այլն»,- թվարկեց մեր զրուցակիցը:

 

Ցավալին, ըստ Գ.Շահինյանի այն է, որ իրավիճակը գնալով ավելի է բարդանում, քանի որ համաձայն վիճակագրության` 2011 թվականից այս կողմ աշխարհում ռազմական բյուջեները 2 մլրդ դոլարով աճել են, և հասկանալի է դառնում, որ նման ֆինանսական միջոցները շատ հեշտությամբ կարող էին բերել ՄԱԿ-ի կողմից  նախանշված Կայուն զարգացման  նպատակների  իրագործմանը, եթե չուղղվեին պատերազմների անցկացմանը:

 

Իսկ բացի դա` հետպատերազմյան սինդրոմը ևս մարտահրավեր է երկրների ու մարդկության համար, որը շատ դեպքերում ծնում է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին է, օրինակ, ընտանեկան բռնությունը.

 

«Իր ելույթում Մեծ Բրիտանիայի զինվորական ատաշեն նշեց, որ պատերազմից հետո պոստկոնֆլիկտ սինդրոմը արտահայտվում է երկար տարիներ հետո և փոխում մարդկանց: Համաձայն վիճակագրության` պատերազմում մեկ զոհին բաժին է հասնում 28-30 վիրավոր: Եվ այսօր, երբ մենք շատ ենք խոսում Հայաստանում ընտանեկան բռնության մասին, մենք տեսնում ենք, որ բռնարարների մեծ մասը պատերազմ անցած տղամարդիկ են, որոնք վերադարձից հետո ոչ մի տեսակի վերականգնում չեն անցել` ոչ հոգեբանական, ոչ սոցիալական: Պատերազմը և խաղաղությունը շատ տարբեր միջավայրներ են և մենք պետք է դա հաշվի առնենք: Եվ երբ խոսում ենք ընտանեկան բռնության մասին, պետք է անպայման նայենք խնդրի արմատներին ու հասկանանք, թե որտեղից է այն սկիզբ առնում»,- նշեց տիկին Շահինյանը:

 

Ամփոփելով   համաժողովի աշխատանքները   Գյուլնարա Շահինյանը ` շեշտադրեց համաժողովի ամենակարևոր մեսիջը. «Կանայք կարող են կառուցել պատերազմից զերծ հասարակություն»: Նա նաև նշեց, որ «Կովկասի կանայք հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» կարգախոսի ներքո անցկացվող  իրենց  կոնֆերանսն այսուհետ ավելի լայնամաշտաբ բնույթ է կրելու և ավելի շատ երկրներ է ընդգրկելու:

 

Լիա Խոջոյան

Լուսանկարները՝   «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի

Դիտումների քանակը` 2078

Վերադառնալ վերև