Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

Կնոջը վերջնական որոշում կայացնելու  համար տրամադրվելու է  երեք օր

 

Կառավարության վերջին՝ հուլիսի 2-ին կայացած նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Առաջարկն  երկար փնտրտուքների արդյունք է ՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն արգելելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ հենց դրանց պատճառով են Հայաստանում արձանագրվել ծնված երեխաների սեռային հարաբերակցության զգալի շեղումներ, որոնք ժողովրդագրական լուրջ հետևանքների կարող են բերել:

 

Նախագիծը ներկայացնող առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել իրավական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ, որոնք կոչված են հղիության արհեստական ընդհատման հարցում  արձանագրված բացերը վերացնելու համար:

 

Ըստ այդմ, առաջարկվում է ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը: Առաջարկվող փոփոխությունները հստակ սահմանում են, թե ի՞նչ ժամկետում, ո՞ր դեպքում կարելի է դիմել հղիության արհեստական ընդհատման, սահմանվում են նաև հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո բժշկի անելիքները: Դրանք չանելու դեպքում բժիշկներին տուգանքներ են սպառնում:

 

Ի՞նչ ունենք և ի՞նչ է առաջարկվում

 

Ներկայում հղիության արհեստական ապօրինի ընդհատման համար ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածով սահանված է պատասխանատվություն, սակայն օրինական ընդհատման ընթացակարգերի պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ:  Որևէ պատասխանատվություն չկա նաև հղիության արհեստական ընդհատման գործընթացին ներկայացվող պահանջների խախտման համար:

 

Նախագիծը սահմանում է. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտ) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը.

1)      մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը  իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ,

2)      12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

3)      Բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` սույն  հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:

 

Այսպիսով, առաջարկով փորձ է արվում ՝ պահպանելով հղիության արհեստական ընդհատման կնոջ իրավունքը , օրենսդրորեն արգելելել պտղի սեռով պայմանավորված աբորտները, քանի որ այս հարցի հետագա չկարգավորումը լի է ժողովրդագրական սպառնալիքներով և կանանց նկատմամբ խտրականության դրսևորման խորացմամբ:  Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  ՀՀ-ում ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես. 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում  մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման,  և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման:

 

Երեք օր՝ վերջնական որոշում կայանցնելու  համար

Նկատենք, որ գործող օրենսդրությամբ  սահմանված չեն հղիության արհեստական ընդհատման չհիմնավորված դեպքերը կանխարգելելու նպատակով կնոջը վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված տալու հետ կապված հարցերը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները կարծում են, որ ժամանակի  տրամադրումը մեծապես կնպաստի կնոջ կողմից հիմնավորված որոշում կայացնելուն: ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրների օրենսդրությամբ բժիշկները պարտավոր են հղիության չհիմնավորված ընդհատումների կանխարգելման նպատակով  իրենց դիմած կնոջը տրամադրել վերջնական որոշում  կայացնելու ժամանակահատված, այսպես կոչված waiting period: Նման պահանջի սահմանումը հիմնավորվում է կնոջ կողմից հապշտապ, չկշռադատված որոշում կայացնելուց զերծ պահելու նկատառումներով: Տրամադրվող ժամանահատվածը տարբեր երկրներու  տարբեր ՝ Գերմանիայում  3 օր է, Նիդեռլանդներում 5 օր Իտալիայում, Ֆրանսիայում՝ 7 օր, Բելգիայում՝ 6 օր ԱՄՆ-ում 18 ժամից մինչև 3 օր:  Հայաստանում առաջարկվում է կնոջը վերջնական որոշում կայանցնելու  համար տրամադրել երեք օրացուցային օր:

 

Կտուգանվեն

Ինչպես նշվեց ներկայացվող փաթեթի մաս են կազմում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները, որոնց միջոցով  վարչական պատասխանատվություն  է նախատեսվում թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար::

Օրինակ, սայմանվում է, որ ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում և հաստատվում կնոջ ստորագրությամբ:Եթե բժիշկը դա չի անում, ապա ըստ առաջարկվող փոփոխությունների, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնաապատիկի չափով:

Մասնավորապես, նախատեսվում է պատասխանատվություն հետևյալ դեպքերում.

բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:

բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտանմիջապես հետո կնոջը  անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:

բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից 100-ապատիկի չափով:

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Նշվում է, որ նշված օրենսդրական փաթեթի ընդունմամբ պետական բյուջեում ծախuերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի սպասվում: Նշված  փոփոխություններն  ուժի մեջ կմտնեն Ազգային ժողովի կողմից   ընդունվելուց հետո:

Դրանց իրավական ուժ ստանալու դեպքում առողջապահության ոլորտի պատասխանատուներն ակնկալում են լրացուցիչ կարգավորումների և մեխանիզմների սահմանմամբ և դրանց կիրառմամբ  կանխարգելել հղիության չհիմնավորված արհեստական ընդհատումները:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայաստանի չծնված աղջիկները…»

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք

 

 

Դիտումների քանակը` 4571

Վերադառնալ վերև