Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

«Համամարդկային արժեքների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. դրանց դիմակայելու ռազմավարությունները» հանրային քննարկման առանցքային թեմաներից մեկը ` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման  մասին»  օրենքի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակն էր,  հատկապես այդ օրենքի  սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը : Ըստ այդմ «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը իր ելույթի մեծ մասը նվիրեց հենց այդ օրենքին՝ ընդգծելով, որ իր ասելիքի գլխավոր նպատակն է, որ հանրությունը ճիշտ ընկալի այդ օրենքը :

 

«Նախ ասեմ, որ այն, ինչ սկսել է «Համահայկական ծնողական կոմիտեն» դա պատվեր է և ահա թե ինչու: Օրենքն ընդունվել է մայիսին, ՀՀ նախագահի կողմից այն ստորագրվել է հունիսին, իսկ բոլոր այդ երևույթները «Համահայկական ծնողական կոմիտեի» կողմից  ի հայտ են եկել այն ժամանակ, երբ սկսեցին ավելի շատ ու ակտիվ խոսել, որ Հայաստանը պատրաստվում է նոյեմբերին ստորագրել Եվրամիության  Ասոցացման համաձայնագիրը: Դա, ըստ էության, Հայաստանի մուտքը եվրոպական կառույցներ  կասեցնելու միտված մի քայլ էր: Այդ նպատակով նրանք ընտրեցին մեր ազգի համար ամենազգայուն  թիրախը՝ ընտանիքը, որը մեզ համար սրբություն է, և փորձեցին ուղղել սլաքը  քաղաքացիական կառույցների վրա ու առաջին հերթին կանանց իրավունքներով զբաղվող հկ-ների վրա»,- հայտարարեց տիկին Հասրաթյանը, նշելով, որ նորահայտ խումբը չէր էլ թաքցնում իր  քաղաքական մոտիվացիան: Նրա խոսքով,  դա շատ պարզ կարելի էր տեսնել «Համահայկական ծնողական կոմիտեի» գործունեության մեկնարկին, երբ մարդկանց , կազմակերպություններին, երկրներին   վարկաբեկող բոլոր նյութերը, այդ թվում և մանիֆեստը, նախ, տպագրվում էին ռուսերեն, ռուսական աղբյուրներից,   իսկ հետո նոր թարգմանվում հայերեն:

 

Նրա խոսքով՝ այդ կոմիտեի կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման  մասին» օրենքի դեմ  բերված բոլոր հիմնավորումները ոչ այլ ինչ են, քան ստախոսություն , քանի որ, պարզաբանեց Ջեմմա Հասրաթյանը, օրենքի մեջ չկա ոչ մի միտք, որը վերաբերում է սեռական կողմնորոշմանը կամ սեռի փոփոխությանը, ինչպես դա  նրանք փորձում  են մեկնաբանել ՝ մոլորեցնելով հասարակությանը:  Փոխարենը օրենքի հենց սկզբում սևով սպիտակին գրված է, որ օրենքը   «սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները»:  Երկրրոդ կետով պարզաբանվում են   օրենքի խնդիրներն ու  նպատակները, այն է .  «հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը»:

 

«Նրանք վերցրել են օրենքի երրորդ կետը, որում պարզաբանվում  է «գենդեր» եզրույթը  և անընդհատ շահարկում են այն, թե իբր  «ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք»  տերմինը նշանակում է սեռի փոփոխություն:  Այնինչ խոսքը  անձի սոցիալականացումը բնորոշող  մասնագիտական ձեւակերպման մասին է»,- տեղեկացրեց բանախոսը:

 

Նա  հիշեցրեց, որ օրենքը մշակվել է  մասնագիտական  խմբի կողմից, որը  կառավարությունն էր ձեւավորել եւ  որի  կազմում ընդգրվել էին  ԱԺ պատգամավորներ, Արդարադատության և այլ նախարարությունների իրավաբաններ, փորձագետներ: Օրենքի մշակման ընթացքում  իհարկե ուսումնասիրվել է բազմաթիվ երկրների իրավական փորձն  ու օրենսդրությունը այդ ուղղությամբ, բայց դա չի նշանակում, թե իբր որոշ երկրների օրենքներն են  պատճենահանվել: Բանախոսը  նաև կարծիք հայտնեց, որ  երբ այս աղմուկը սկսվեց , ճիշտ կլիներ, որ Ազգային Ժողովը պաշտոնապես հանդես գար մասնագիտական մեկնաբանությամբ, թե ի՞նչ է իրականում հասկացվում  նշված տերմինների  տակ, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ օրենքը  և ինչու՞ է այն  կարևոր մեր երկրի համար.

 

«Ուշադրություն դարձրեք, որ «ծնողական կոմիտե» ինքնահռչակված խումբը չի խոսում բոլորովին, թե իրականում  ինչ  վիճակում են հայտնվել հայ ընտանիքները, ինչ խնդիրների առաջ են նրանք կանգնած.  միգրացիա, որի հետեւանքով հայրը այնտեղ է, մայրն՝ այստեղ, աղքատությունը, որի պատճառով աճում է  սոցիալապես անապահով  ընտանիքների թիվը,  ծնելիությունն է  կրճատվում  և այլն: Իրականում նրանց բացարձակապես չի հետաքրքրում ընտանիքների վիճակը, նրանք   խոսում են հայ ընտանիքի մասին միայն մի նպատակով,  որպեսզի օրենքը վարկաբեկվի  ու բեկանվի: Իսկ դրա հնարավորությունը նրանք ստացան միայն  այն պատՃառով, որ հանրությունը բավարար չափով  ծանոթ չէր այս օրենքի բովանդակությանը»,- հավելեց նա:

 

Ըստ Ջ.Հասրաթյանի, տարածվող ապատեղեկատվությունը  ուղղված է  ոչ միայն օրենքի, այլ քաղաքացիական հասարակության դեմ: Ավելին, իրավիճակը իրականում մի օրենքի քննարկման շրջանակից դուրս է եկել և բավականին վտանգավոր է ողջ հասարակական սեկտորի համար, քանի որ սեկտորի վրա հարձակումները նսեմացնում են հկ-ների  հնարավորությունները, կանխում  նրանց  ինքնուրույնությունն ու համարձակությունը, ինչն այսօր շատ կարևոր է:

 

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից, որի կազմում ընդգրկված են 6-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Էնզելա Մակարյան

 
Կարդացեք այս քննարկման մասին ավելին  մեր կայքում.

 
Գոհար Շախնազարյան. «Հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը վտանգավոր են»…

 
«Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…
 

Քննարկում. իրավապաշտպանները Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնությունների

 

 

Դիտումների քանակը` 5011

Վերադառնալ վերև