Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ջոյ». պատմություն  նորարար կնոջ մասին

Ռեժիսոր  Դեվիդ Օ՛Ռասելի  2016-ին մեծ էկրան բարձրացած «Ջոյ» ֆիլմի հիմքում իրական պատմություն է Ջոյ Մանգանո անունով կնոջ մասին, ով  իր կյանքի ընթացքում  ավելի քան  100 տարբեր գյուտ է պատենտավորել: Նրա  հաջողությունը սկիզբ առավ 1990-ին՝  հատակը լվանալու ինքն իրեն քամվող սարքի (Miracle Mop) հայտնագործումից, որի շնորհիվ  նրան հաջողվեց միլիոնավոր դոլարներ աշխատել ու հիմնել  սեփական բիզնեսը՝ «Ingenious Designs» ընկերությունը:  Ջոյ Մանգանոն  այսօր էլ  շարունակում է զարմացնել  իր գյուտերով՝ գովազդելով դրանք ամերիկյան հեռուստատեսությունով:   

 

«Հաջողակ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք» – այսպիսին է «Ջոյ» ֆիլմի կարգախոսը:  Ֆիլմը ներծծված է ֆեմինիզմի հոգով, դերասանների ընտրությունը իրական աստղաբույլ է՝ Ջենիֆեր Լոուրենսը Ռոբերտ Դե Նիրո, Բրեդլի Կուպեր։ Ի դեպ Ջենիֆեր Լոուրենսը այս դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» պատվավոր մրցանակին եւ ներկայացվել «Օսկարի»՝ լավագույն դերասանուհի անվանակարգում։

 

…Փոքրիկ Ջոյը հնարամիտ եւ երազող աղջնակ է։ Նրան հաջողվում է շան այնպիսի վզակապ հորինել, որը կենդանուն չի խեղդի, միեւնույն ժամանակ կպաշտպանի լվերից։ Ջոյը իր հասակակակից շատ աղջիկների պես սիրահարվում է, ամուսնանում, ունենում երկու երեխա։ Կենցաղի, ամուսնական կյանքի ձախողման, ընտանեկան խնդիրների մեջ Ջոյը կորցնում է իր ներսում ապրուղ մտահացումներով լի ու երազկոտ աղջնակին եւ վերածվում հոգսաատ տնային տնտեսուհու։ Դժվար է նյարդերը ամուր պահել, երբ ամուսինը միայն քնում է եւ երգում, երբ մայրը սեփական խնդիրներից թաքնվելով փակվել է իր սենյակում եւ տարիներ շարունակ միայն հեռուստասերիալներ է նայում, երբ հայրը ձախողված բիզնեսմեն է։ Ու ոչ ոք չի հավատում քո ուժերին բացի միակ մարդուց՝ տատիկից։ Տատիկը միակ մարդն է ով ընտանիքում հավատում է Ջոյին, ներշնչում նրան։ Մանկության փոքրիկ աղջնակը երազների միջով հայտնվում է Ջոյին, սթափեցնում նրան..․ Եվ  ահա, Ջոյը հայտնաբերում է հատակը լվանալու այնպիսի մի հարմարավետ սարք, որ ինքն իրեն քամվում է, եւ որը կարող է լվացվել ու նորից եւ նորից օգտագործվել։ Միայն թե բիզնեսի եւ գովազդի աշխարհում պետք է հաջողացնել իրացնել այն եւ Ջոյը պատրաստ է մինչեւ վերջ գնալ իր երազանքի ետեւից եւ տնային տնտեսուհուց վերածվել պայքարող, անդրդվելի եւ հաջողակ բիզնես-լեդիի․․․

 

Աշխեն  Քեշիշյան

 

 

 

Դիտումների քանակը` 379

Վերադառնալ վերև