Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ջուլիետա Թադևոսյան. « Կարելի է շռայլություն թույլ տալ, բայց եթե դրա հնարավորությունն ունես»

 

 

«Օրինաց երկիր»» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների 105 հոգանոց ցուցակի 25%-ն են կանայք: ՕԵԿ-ի ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող  Ջուլիետա Թադևոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Նա Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանն է, դասախոսում է նաև ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում: WomenNet-ի հետ զրույցում խոստովանեց, որ քաղաքականությամբ սկսել է զբաղվել ճակատագրի բերումով:

 

 

 

-Քաղաքականությամբ զբաղվելու որոշումս պատահական եմ ընդունել: Երբ  ես դասավանդում էի Ֆրանսիական համալսարանում, ռեկտորը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր: Նա շնչում և ապրում էր համալսարանով: Տեսնելով նրա նվիրվածությունը` որոշեցի աջակցել : Այդպես էլ սկիզբ դրվեց կուսակցական գործունեությանը:  Քաղաքականությամբ զբաղվելու  ցանկությունս պայմանավորված է նաև իմ մտահոգություններով` որպես քաղաքացի, որպես մարդ, որպես կին:

 

– Ի՞նչ խնդիրներ են Ձեզ մտահոգում, մասնավորապես Երևանի հետ կապված:

Ապրում եմ ծայրամասում` Չարբախում և շահագրգիռ եմ տեղի խնդիրներով, որոնք ինձ շատ ավելի լավ են ծանոթ: Ծայրամասերը Կենտրոնից շատ են տարբերվում: Իսկ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները շատ-շատ են: Դրանք կապված են տրանսպորտի, աղբահանությունը և այլնի հետ: Ներքին Չարբախ հասնելու համար 3 հատ  տրանսպորտի   միջոց պետք է փոխես: Կան հարցեր, որոնց լուծելն այնքան էլ բարդ չէ, սովորական համատիրության անդամներն էլ կարող են դրանով զբաղվել: Եթե չեն լուծում, ուրեմն այստեղ առկա է անպատասխանատվության, կամ խնդիրը չգիտակցելու փաստ:             

 

-Իսկ որո՞նք են այն հարցրեը, որոնց լուծմամբ, հնարավորության դեպքում, առաջնահերթ կզբաղվեիք:

-Տրանսպորտի խնդիրը դե ասացի, որը շատ ցավալի է: Եթե ինձ հնարավորություն տրվեր` «Չարբախ» անունը կփոխեի (ժպտում է): Մի տեսակ բացասական զգացումներ է առաջացնում մարդկանց մոտ այդ անունը: Մինչդեռ այնտեղ հրաշալի, շատ կիրթ ժողովուրդ է ապրում: Սիրուն անուն չէ…

 

-Իսկ ի՞նչ է առաջարկում Ձեր կուսակցությունն երևանցիների վստահության քվեները ստանալու համար:

-Մեր առաջադրած քաղաքապետի թեկնածուի` Արմեն Երիցյանի, անցած ուղին վստահեցնում է, որ եթե նա ստանձնի այդ պաշտոնը, ապա իր գիտելիքով, աշխատասիրությամբ կշենացնի մեր քաղաքը: Ավագանու մեր  առաջադրած մնացած թեկնածուներն էլ են բանիմաց մարդիկ:

 

-Որպես տնտեսագետ,  քաղաքապետարանի կողմից տարվող տնտեսական քաղաքականությանն ի՞նչ գնահատական կտաք:

-Իհարկե, շատ հաճելի է, որ քաղաքում գեղեցիկ, աչք շոյող նստարաններ կան, կանաչապատ տարածքներ, քաղաքային տարբեր միջոցառումներ են անցկացվում… Սակայն պետք է ընտրել գերակայությունները և սուղ միջոցներն արդյունավետ ծախսել:  Ասենք` կարելի է կանաչապատել մի քիչ ավելի հասարակ ծաղիկներով, կամ էլ ոչ այդքան թանկ նստարաններ տեղադրել քաղաքում: Քաղաքն էլ ընտանիքի նման է` կարելի է շռայլություն թույլ տալ, բայց եթե դրա հնարավորությունն ունես:

 

-Քաղաքի ճարտարապետաշինարակական տեսքն ինչպիսի՞ն է ըստ Ձեզ: 

-Մենք արտասահմանցի հյուրեր ենք ունենում, ովքեր միանգամից այդ անհամաչափությունը, ոչ ճիշտ ճարտարապետական լուծումները նկատում են: Հատկապես , եթե հյուրը մասնագետ էլ է լինում, ապա տեղին դիտողություններ է անում, հատկապես,  բարձրահարկ, նորաոճ շենքերի առումով, որոնք խաթարում են մեր Երևանի տեսքը:

 

– «Փակ շուկա»-ի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք:

-Որքանով տեղեկացված եմ` պետք է որ ընդհանուր տեսքը պահպանվի: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ անդառնալի կորուստ կլինի, եթե չպահպանեն…

 

-Հիշո՞ւմ եք Հին Երևանը, շա՞տ է այն փոխվել:

-Արտաքնապես շատ է գեղեցկացել Երևանը, չի կարելի աչք փակել և չնկատել նորը, գեղեցիկը: Այս նստարանները, ծաղիկներն աչք են շոյում: Սակայն դեռ շատ անելիքներ կան, բավական է երթուղային տաքսի նստել-իջնել ու քաղաքից հիասթափվել:

 

-Իսկ ո՞րն է Ձեր երազած Երևանը:

-Այնքան հաճելի էր իմ ուսանողական տարիներին, երբ որ մենք Աբովյան փողոցով հանգիստ իջնում էինք, մի տեսակ վայելում էին այդ փողոցը: Հետո սրճարաններով փակեցին փողոցը, ուր անցորդների համար տարածք չկա: Իմ ցանկություններից է նաև  երևանցու քաղաքակիրթ կերպարի ձևավորումը: Իր քաղաքն իսկապես սիրող, օրենքը հարգող երևանցու կերպարի մասին է խոսքը: Մայրաքաղաքի բնակիչը պետք է իր կեցվածքով,  խոսքով, վարվելակերպով տարբերվի: Իսկ դրան հասնելու համար ժամանակ է պետք և դաստիարակություն` մանկապարտեզից սկսած:

 

– Որպես կին ի՞նչ կփոխեիք կամ կավելացնեիք Երևանում:

-Անհամաչափ զարգացման մասին արդեն խոսեցինք… Կանգառների, թերթի կրպակների թիվը կավելացնեի, բավականին լուրջ տարածության վրա մի թերթի կրպակ էլ չկա… Մեկ էլ կլուծեի ծայրամասերում ապրող մեծահասակների, երեխաների համար նախատեսված հանգստյան գոտիների հարցը…

 

-Ըստ Ձեզ` կանայք ի՞նչ մասնակցություն պետք է ունենան երկրի, մասնավորապես քաղաքի զարգացման գործում:

-Մենք գիտենք, որ կնոջն ի վերուստ բազում խնդիրներ լուծելու շնորհ է տրված: Բավական է միայն նշենք «մայր» կոչումը, ընտանիքի բարեկեցության պատասխանատվությունը: Գենդերային հարցը մեզանում հայավարի է ընկալվում:  Շատ հաճախ  կանայք էլ չեն կամենում լրացուցիչ  այդ ծանր և պատասխանատու բեռը վերցնել:

Կանանց ներուժը, կարողությունները այնքան էլ բավարար չեն օգտագործվում մեր երկրում:  Խելացի, շնորհալի,  գիտակ, կազմակերպական մեծ  ներուժ ունեցող շատ  կանայք կան, որ չեն կարողանում դրսևորվել : Հայ տղամարդն էլ կարծես  չի ուզում կնոջն իրեն հավասար տեսնել…

 

 -Իսկ ի՞նչ կտա կանանց առավել  ակտիվ դերակատարությունը:

-Ես կարծում եմ, որ երկրի, քաղաքի զարգացման հարցում պետք է բոլորը համագործակցեն և ամեն մեկն` թե տղամարդ, թե կին,  իր լուման ներդնի: Եթե տարվող գործընթացներին  համաձուլվի նաև  կնոջ հոգատարությունը, կարևոր մանրուքները նկատելու ունակությունը,  խաղաղության, ներդաշնակության կողմակից լինելու կեցվածքը,  ապա դրանից միայն կշահի մեր երկիրը, քաղաքը և քաղաքացին:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 3832

Վերադառնալ վերև