Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական դիմանկարը

Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը` Ռիտա Սարգսյանը պատմում է ամուսնու, իրենց ընտանիքի ու այն ամենի մասին, ինչի վերաբերյալ սովորաբասր լռում է պաշտոնական լրահոսը…

 

 

 

Աղբյուրը`

 http://rutv.ru/brand/show/episode/240963/viewtype/picture#

 

 

P.S. Քանի որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Ռիտա Սարգսյանը , իր իսկ խոսքերով, ընդամենը  մի քանի հարցազրույց է տվել,  WomenNet.am-ը  փորձեց լրացնել  նրա դիմանկարը ըստ այդ հրապարակումների.

 

 

Պատերազմի մասին

 

…”Ամբողջ պատերազմի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները մնացին Արցախում: Վտանգավոր էր, բայց մենք հասկանում էինք, որ օրինակ ենք ծառայում բոլորի համար:  Պատահում էր` մարդկանց մեջ կասկած էր մտնում եւ այն ցրելու համար ուղղակի վտանգը գլխներիս, երեխաներին վերցնում, քայլում էինք փողոցում, որ մարդիկ տեսնեն, համոզվեն եւ չմտածեն պարտվելու մասին: Իհարկե, ահավոր էր դա, թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել, բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք”…

 

Ծնողների մասին.

 

– Հայրս դասական զինվորականի կերպար էր` կարգուկանոն, շիտակություն սիրող: Հիմա, երբ հետահայաց նրա անցած ճանապարհը քննում եմ, հասկանում եմ` որքան բան է փոխանցել ինձ: Իսկ ամենակարեւոր պատգամը, թե` «չարությունը, չարակամությունը բարությամբ է հարկավոր բուժել», առաջնորդում է ինձ ցանկացած իրավիճակում:

 

Մայրիկս, որ բազմավաստակ մանկավարժ է, բոլոր ժամանակներում շարունակում է մնալ իմ խղճի ձայնը, դեռ խորհրդային անաստվածության պայմաններում էր ինձ ցույց տալիս Ղեւոնդի մատուռի ճանապարհը, իսկ հիմա անթաքույց ուրախանում է, երբ փեսան եւ դուստրը ազատորեն արտահայտում են իրենց հավատն առ Աստված:

 

Մարդկային հատկանիշների մասին

 

–  Մարդու մեջ գնահատում եմ առաքինությունը, կարգուկանոնը, նաեւ բարյացակամությունը: Ներքին, բնատուր ինտելիգենտ մարդուն անմիջապես զգում եմ: Եվ բնավ կարեւոր չէ` մարդը քանի դիպլոմ ունի, ունի թե չունի: Հայկական հոգեկերտվածքի կարեւոր գիծը իմաստնությունն է:  Անտարբեր մարդկանց չեմ հասկանում: Չեմ սիրում չկամ, վրեժխնդիր եւ հիշաչար մարդկանց: Եթե պատժել, ապա նախընտրում եմ` բարությամբ…

 


Ընտանիքի մասին 

 

-Ես ընտանիքի մարդ եմ, այն ինձ համար ամենակարեւորն է կյանքում` մայր եմ, կին, տատիկ, ապա նոր` երկրի ղեկավարի կին:
Ամուսնուս ծնողներն ինձ միշտ համարել են իրենց հարազատ աղջիկը, եւ հարգանքն ու սերը փոխադարձ է, ինչը հայկական դասական ընտանիքի լավագույն ավանդույթներից մեկն է: Ես էլ, ինչպես ցանկացած հայ տատիկ, թոռնիկներիս երես եմ տալիս (նրանք երեքն են, մեկը՝ աղջիկ, երկուսը` տղա.- Ա. Ե.), ամեն ինչ թույլ տալով եւ սիրաշահելով, իսկ որպես մայր շատ խիստ եմ եղել, երբեք չեմ գերագնահատել աղջիկներիս արժանիքները: Ուրախ եմ, որ այսօր ուրիշներն են նրանց գովում: Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, Սաթենիկը` տնտեսագետ, բայց երկուսն էլ հիմա «մայրիկ են աշխատում»…   Ի դեպ,  մեր դուստրերի անունները հայրիկն է դրել:

 

 

Առաջին տիկնոջ կարգավիճակի մասին

 

…Իրարամերժ զգացումներ եմ ունենում. մի կողմից` շատ դժվար է  լինել հասարակության   սևեռուն ուշադրության կենտրոնում, այդ ամենը շատ է լարում, էլ չեմ ասում բազմաթիվ սահմանափակումների մասին, որոնց բախվում ես ամենուր:

 

Մյուս կողմից` հաճելի է գիտակցել, որ քո կարգավիճակը հնարավորություն է տալիս  օգնելու մարդկանց: Ամեն օր առաջին տիկնոջ անունով քիչ նամակներ չեն ուղարկվում, որոնց մեջ քիչ չէ օգնելու խնդրանքը: Եվ եթե ես ուժերիս ներածին չափով կարողանում եմ օգնել, հավատացեք, անսահման  ուրախություն եմ զգում:

 

 

Իշխանական կառույցներում կանանց փոքր ներկայացվածության մասին.

–         Հիմնական խնդիրն այն է, որ, ինչպես ճիշտ նկատեցիք, “ոչ արևելյան” հայուհիների  ամուսինները, հայրերն ու եղբայրներն  են  հաճախ բավական արևելյան տղամարդիկ…

 

 

Իր գործունեության ոլորտների մասին.

 

–  Անձամբ  մասնակցում եմ մի քանի բարեգործական հիմնադրամների, որոնք  միտված են լուրջ խնդիրներ լուծելու:  Ասենք` «Կյանք պարգևիր» հիմնադրամը, որն օգնում է  ուռուցքային հիվանդություն ունեցող երեխաներին: Պարզվում է` վաղ ախտորոշված մանկական քաղցկեղը այսօր 90 տոկոսով բուժելի է: Ցավոք, մեկ հիվանդի բուժման առավելագույն արժեքը 15 000 ԱՄՆ դոլար է, բայց, կարծում ենք, ավելի ճիշտ է այսօր երեխաների բուժման համար հայթայթել այդ գումարը, քան վաղը 200 000 եվրո տրամադրել ոսկրածուծի փոխպատվաստման մեկ վիրահատության համար, ընդ որում, արտերկրում:

«Հպա՛րտ քայլիր» հիմնադրամը,  որը հոգում է  չքավոր ընտանիքների երեխաների օրթոպեդիկ վիրահատությունների ծախսերը:  Վերջինիս շնորհիվ, ի դեպ, հնարավոր դարձան հենաշարժական համակարգի տարբեր խնդիրներ ունեցող երեխաների վիրահատությունները` ընձեռելով նրանց լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն:

 

«Արագիլ» հիմնադրամը` երեխազուրկ ընտանիքներին օգնելու նպատակով…  Այսօր Հայաստանում այդպիսի 9 հազար ընտանիք կա: Անպտղությունը հաճախ դառնում է  բաժանությունների պատճառ,  և  եթե նույնիսկ չեն  բաժանվում, ապա դառնության զգացումն ուղեկցում է մինչև կյանքի վերջ:  Բժշկության  վերարտադրողական ժամանակակից մեթոդները հնարավորություն են  ընձեռում նմանատիպ զույգերին երեխա  ունենալու, սակայն բժշկական միջամտության բարձր արժեքը դժվարացնում է հայ միջին ընտանիքի գործը: Ցանկանում եմ, որ շատ ընտանիքներ զգան մայրության  բերկրանքը:

 

Ինչ վերաբերում է մշակույթին, ապա կարող եմ առանց կեղծ համեստության ասել, որ կարողացել եմ աջակցել բոլոր  թատերական կոլեկտիվներին, արտիստներին ու երգիչներին, ովքեր դիմել են ինձ զանազան նախագծեր իրականացնելու  օգնության խնդրանքով…

 

 

Ըստ հայկական  մամուլի հրապարակումների

Դիտումների քանակը` 10830

Վերադառնալ վերև