Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ռուսական լրատվամիջոցները բոյկոտ են հայտարարել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող  պատգամավորին

Քսանից ավելի  ռուսական պարբերականներ բոյկոտ են հայտարարել Պետդումային ու պատգամավոր Լեոնիդ Սլուցկուն այն բանից հետո, երբ  մարտի 21-ին Դումայի էթիկայի հանձնաժողովը խախտումներ չի հայտնաբերել պատգամավորի  գործողություններում, ում մի քանի կին լրագրողներ մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի  ղեկավար, հինգ գումարումների պատգամավոր  Լեոնիդ Սլուցկու իրենց հանդեպ անպարկեշտ վարքի մասին էին հայտնել RTVI հեռուստաալիքի խմբագիր Եկատերինա Կոտրիկաձեն , «Դոժդ» հեռուստաընկերության պրոդյուսեր Դարյա Ժուկը եւ BBC–ի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովան։ Վերջին երկուսը դիմել էին Պետդումայի պատգամավորական էթիկայի հանձնաժողով, ընդ որում,   Ֆարիդա Ռուստամովան որպես ապացույց   ներկայացրել էր  իր և Սլուցկու խոսակցության ձայնագրությանը, որը տեղի էր ունեցել, երբ   լրագրողը ցանկացել է Մարին Լե Պենի Ռուսաստան կատարած այցի մասին մեկնաբանություն վերցնել։ Ձայնագրության մեջ, որն  ավելի վաղ հրապարակել էր ВВС–ն, Սլուցկին Ռուստամովային «зайчутка» անվանելով,  ասում է. «Դու ինձանից փախչում ես, չես ցանկանում համբուրվել, ես քեզանից նեղացել եմ»։ Երբ Ռուստամովան փորձում  է իր երիտասարդ ընկերոջ  մասին հիշատակել, ում հետ  ամուսնանալու  է, Սլուցկին ասում է. «Հրաշալի է, ուրեմն կլինես նրա կինը, իսկ իմ սիրուհին», այնուհետև ձեռքով  դիպչում է  լրագրողուհուն։ Ֆարիդայի  վրդովմունքին  պատասխանում է. «Ես ձեռքերիս ազատություն չեմ տալիս, գուցե միայն մի քիչ»…  Հատկանական է, որ   էթիկայի հանձնաժողովի  պատգամավորները չեն էլ  քննարկել ձայնագրությունը և խորհուրդ տվել լրագրողին դիմել իրավապահ մարմիններին։

Նմանատիպ դրվագի մասին է պատմել նաև  պրոդյուսեր Դարյա Ժուկը, ում Սլուցկին՝ գալով ստուդիա նկարահանման,   նույնպես փորձել է ձեռ գցել ու  նույնիսկ համբուրել: Իսկ Եկատերինա Կոտրիկաձեն՝ RTVI հեռուստատեսության գլխավոր խմբագրի տեղակալը, թեպետ  հանձնաժողով չէր դիմել , բայց առաջինն էր, ով պատմեց  սեռական ոտնձգության մասին  ոչ թե անանուն, այլ բացահայտ: Նրա պատմելով՝ յոթ տարի առաջ, երբ ինքն աշխատել է վրացական հեռուստատեսությունում, հարցազրույցի համար պայմանավորվել է պատգամավորի հետ, բայց երբ եկել է պետդումա, Սլուցկին նրան փակել է իր աշխատասենյակում, սեղմել պատին ու փորձել է համբուրել: Աղջիկը մի կերպ դուրս է փախել սենյակից: Կոտրիկաձեի խոսքով՝ ինքը դրա մասին չի հայտնել՝ վախենալով տհաճ հետևանքներից: 

 

 

Ինքը՝ Սլուցկին, ով Վլադիմիր Ժիրինովսկու կուսակիցն է,  մեղադրանքները զրպարտություն էր որակել եւ իրեն «ռուսական Հարվի Վայնշտեյնի» դարձնելու փորձերը ցածրակարգ սադրանքներ անվանել և նշել, որ դրանք դատապարտված են անհաջողության։ Սակայն մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, նա իր ֆեյսբուքյան էջում այնուամենայնիվ հրապարակավ ներողություն էր խնդրել: «Օգտվելով մարտի 8-ի ընձեռած առիթից, ես ուզում եմ ներողություն խնդրել նրանցից, ում կամա թե ակամա տհաճություն են պատճառել, հավատացեք, ես չար մտադրություններ չեմ ունեցել»,- գրել էր Սլուցկին Ֆեյսբուքում:

 

 

Մինչդեռ Էթիկայի հանձնաժողովի անդամներն ընդհանարապես հրաժարվել են տեսնել որևէ անպարկեշտություն պատագամավորի վարքի մեջ՝ ընգծելով, որ  նրա դեմ  առաջ քաշված մեղադրանքները նպատակաուղղված  և պլանավորված բնույթ են կրում:

 

 

Ռուսաստանի լրագրողների միությունը տարակուսանք է հայտնել Էթիկայի հանձնաժողովի եզրակացության շուրջ, որը ոչ մի դատապարտելի բան չի տեսել Սլուցկու վարքագծում։

 

Էթիկայի հանձնաժողովի արդարացնող  որոշումից հետո ՌԲԿ–ն, «Էխո Մոսկվի»–ն ու Znak–ը հայտարարել են իրենց լրագրողներին Պետդումայից հետ կանչելու մասին։ «Կոմերսանտ»-ը, Lenta-ն և «Դոժդ»-ը հայտարարել են , որ  բոյկոտելու են Պետդումայի աշխատանքը: Ավելի ուշ նրանց միացել են նաև այլ լրատվամիջոցներ:

 

Մասնավորապես,  «Կոմերսանտը», Pravo.ru–ն եւ Lenta.ru–ն  հայտնել են, որ այլեւս չեն օգտագործի Սլուցկու մասին լուրերը, ավելին կջնջեն բոլոր նյութերը, որոնք կապ չունեն սեքս–սկանդալի հետ։ «Կոմերսանտ»-ը գրել է, որ Դումայի համար կորպորատիվ էթիկան ավելի կարևոր է արդարությունից: «Հուսով ենք, որ այս պատմության մեջ դեռ վերջակետ դրված չէ: Բայց մեր կողմից վերջակետ ենք դնում Սլուցկու և էթիկայի հանձնաժողովի հետ համագործակցությանը, քանի որ էթիկայի այլ հայացքներ ունենք»,- նշել  է պարբերականը:

 

«Դոժդ»-ը հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը Պետդումայի հետ, քանի դեռ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարգ ու կանոն չեն հաստատել Պետդումայում: Բացի դրանից՝ «Дождь»-ը պնդում է վերանայել հանձնաժողովի որոշումը և իրական քննություն իրականացնել Սլուցկիի դեմ մեղադրանքները պարզելու համար»,- հաղորդում է  հեռուստաալիքը:

 

«Էխո Մոսկվի»–ն  հիասթափված է էթիկայի հանձնաժողովի որոշումից, և Պետդուման այժմ համարում է ոչ անվտանգ վայր իր երկու սեռի լրագրողների աշխատանքի համար (ով գիտի՝ ինչ հակումներ ունեն պատգամավորները), և համաձայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի՝ հետ ենք կանչում մեր լրագրողներին»,- գրել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

 

ՌԲԿ -ի լրագրողները մարտի 21-ից ևս դադարեցնում են իրենց աշխատանքը Պետդումայում: Խոսքը հոլդինգի բոլոր ներկայացուցչությունների մասին է՝ կայք, հեռուստաընկերություն, ամսագիր և թերթ: Այս որոշմամբ հանձնաժողովը չի բացառել սեռական ոտնձգությունների հնարավորությունը լրագրողների նկատմամբ: «Մենք համաձայն չենք նման մոտեցման հետ և հրաժարվում ենք նորմալ համարել այս որոշումը»,- ասել է խմբագրության համանախագահ Ելիզավետա Գոլիկովան:

 

 Դումայի հետ համագործակցությունը կասեցրել է RTVI ալիքն այնքան ժամանակ, քանի դեռ Սլուցկին Միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի  ղեկավարն է։ «Մեդուզա»–ն եւս հայտարարել է գործընկերներին սատարելու մասին։ «Նովայա գազետան» միացել է բոյկոտին եւ հետ կանչել Պետդումայում հավատարմագրված իր թղթակցին։ Լրատվամիջոցների ցանկն համալրվում է։

 

Պատգամավոր Լեոնիդ Սլուցկու գործի հետ կապված իրենց լրագրողներին Պետդումայից հետ կանչելու մի շարք լրատվամիջոցների որոշումը նշանակում է, որ նրանք հավատարմագրումից կզրկվեն: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

 

 

Ըստ ռուսական լրատվամիջոցների հրապարակումների

 

Դիտումների քանակը` 605

Վերադառնալ վերև