Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սաթիկ Սեյրանյան. «Ասեմ ամենապարզ, մայրական բառերով` ուզում եմ, որ իմ երեխան նորմալ երկրում ապրի»

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ինքնառաջադրվել է մայրաքաղաքի թիվ 4 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու: Մեր զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե ինչու է սիրած աշխատանք և ընտանիք ունեցող կինը ցանկանում դառնալ Ազգային ժողովի պատգամավոր և հավելյալ պատասխանատվություն ստանձնել:

 

 

–         Շուրջ երկու տասնամյակ աշխատում եմ մամուլում, վերջին 8 տարիներին` որպես «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր: Այսինքն` ակամայից քաղաքականության մեջ եմ և զբաղվում եմ քաղաքականությամբ, ըստ էության` ամենօրյա ռեժիմով: Եվ այդ առումով խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը իրականում ընդամենը քաղաքականության ձևաչափի փոփոխություն է, իսկ պատգամավորի մանդատը` քաղաքականության գործիքի փոփոխություն: Հավատացե´ք` թեկնածությունս առաջադրելու որոշումը հեշտությամբ չեմ կայացրել և ինքս իմ ներսում բազմաթիվ հարցեր պարզելուց հետո  միայն որոշեցի առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում` Արաբկիրում, որտեղ ես ծնվել, մեծացել եմ և ապրում եմ մինչ օրս: Որոշմանս պատճառն այն է, որ ես ուզում եմ ապրել այս երկրում: Անտարբեր քաղաքացի երբևէ չեմ եղել, որպես լրագրող և խմբագիր մշտապես եղել եմ հասարակության կողքին, և «168 ժամ» թերթի ընթերցողները կարող են դա հաստատել: Եթե մինչ օրս որպես լրագրող, որպես խմբագիր մասնագիտական առումով հասարակության խնդիրների, երկրի կարևորագույն հարցերի նկատմամբ մարդկանց ուշադրությունն ենք հրավիրել, ապա պատգամավոր ընտրվելուց հետո, կարծում եմ` անմիջական մասնակցություն կունենամ այդ խնդիրների լուծման գործում:

 

 

–         Պատգամավոր դառնալու դեպքում Դուք մեկ մանդատ եք ունենալու խորհրդարանում և, համենայնդեպս այս պահին, թիմ չունեք, ինչպե՞ս է Ձեզ հաջողվելու մեկ մանդատով ազդել որոշումների կայացման գործընթացի վրա:

 

 

–         Դժբախտաբար, ձեր հարցի տրամաբանությամբ է գործում այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը, որտեղ կարևորվում է ոչ թե անձը, անհատը, այլ մանր խմբերը, այդ խմբերի շահերը: Իմ առաջադրմամբ ես առաջին հերթին պայքարում եմ այդ մտածողության դեմ, և, հավատացեք, կոտրելու եմ այդ կարծրատիպը: Հիշո՞ւմ եք` իշխանություններն ինչպես էին փաստարկում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության առաջարկի մերժումը: Հիմնական փաստարկն այն էր, որ այդպիսով կսահմանափակվի մարդու, անձի իրավունքը, քանի որ եթե մարդը չի ցանկանում կուսակցական դառնալ, ապա այդպիսով կզրկվի քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից: Հիմա թող իշխանություններն ապացուցեն, թե որքանով էին այդ հայտարարությունները իրական: Ինչ վերաբերում է որոշումների կայացմանը, ապա վստահեցնում եմ` նույնիսկ մեկ անձը կարող է շատ բան փոխել, առավել ևս` Հայաստանի պես փոքր երկրում: Ավելին, որպես մեծամասնականով  ընտրված անկուսակցական պատգամավոր` ես հետագայում Ազգային ժողովում կաշկանդված չեմ լինի` ցանկացած առողջ նախաձեռնության միանալու կամ քննադատելու հարցում:

 

 

–         Ընտրվելու դեպքում շարունակելո՞ւ եք որպես խմբագիր աշխատել:

 

–         Թեև ես մեծամասնական ընտրակարգով եմ առաջադրվել, անկուսակցական եմ, սակայն կարծում եմ, որ միաժամանակ լինել քաղաքական գործիչ և մնալ լրագրող` կոռեկտ չէ: Ընթերցողն այլևս չի կարող ինձ ընկալել անաչառ որպես լրագրողի, խմբագրի: Այսինքն` այդ պարագայում  պրոֆեսիոնալ սկզբունքների և ընթերցողի հանդեպ ազնիվ չեմ լինի: Հետևաբար, ընտրվելու դեպքում թերթի խմբագիրը այլևս ես չեմ լինի:

 

 

–         Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո կուսակցություններում կարծես կանանց դեֆիցիտ սկսվեց, բոլորը պատրաստված կանանց էին փնտրում, որպեսզի ներգրավեին իրենց նախընտրական ցուցակում: Համամասնական ցուցակով Դուք շատ ավելի հեշտ կհայտնվեիք խորհրդարանում: Ինչո՞ւ եք ընտրել ավելի բարդ ճանապարհը:

 

 

–         Իհարկե, ավելի հեշտ կլիներ ընդգրկվել որևէ կուսակցության համամասնական ցուցակում, ու, ինչպես դուք ասացիք` հայտնվել Ազգային ժողովում: Սակայն նախ` ես չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որին կարող էի անդամակցել: Ես անկուսակցական եմ, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել և ուզում եմ ինքնուրույն փորձել իմ ուժերը: Բացի այդ, ես ուզում եմ ոչ թե հայտնվել ԱԺ-ում, այլ ընտրվել ԱԺ պատգամավոր: Դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են: Ես ուզում եմ խոսել մարդկանց հետ, ևս մեկ անգամ լսել իրենց հուզող խնդիրների մասին: Հայաստանում, իհարկե, այլ ավանդույթներ են ձևավորվել. մարդիկ շատ հաճախ նույնիսկ իրենց «պատգամավորի» դեմքը տեսած չեն լինում, պատգամավորության շատ քիչ թեկնածուներ են նրանց հետ հանդիպումներ ունենում: Եվ սա վերաբերում է թե´ համամասնական, թե´ մեծամասնական ընտրակարգով «ընտրված» պատգամավորներին: Թիվ 4 ընտրատարածքում շատ հետաքրքիր պայքար կարող է ձևավորվել, քանի որ մրցակիցներից մեկն արդեն (պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ) քարոզարշավը սկսել է: Մարտիության նվերներ է բաժանում, մատնահարդարման և վարսահարդարման գումարներ է տալիս, լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ բուլղարական օծանելիքներ և փտած-ժամկետանց կոնֆետներ է բաժանում… Այսինքն` արդեն իսկ ակնհայտ է, որ մայիսի 6-ին ես պայքարելու եմ փողի դեմ, ոչ թե անձի, կուսակցության, առավել ևս` գաղափարախոսության դեմ: Այդ ճանապարհով «ընտրված» պատգամավորները, բոլորիս է հայտնի, հետագա 5 տարիների ընթացքում, որպես կանոն, մոռանում են իրենց ընտրողներին: Նրանք համարում են, որ գործարք է կատարվել`վճարել են, ձայները գնել են և այլևս պարտք ու պահանջ չունեն միմյանց նկատմամբ: Հինգ տարի հետո կրկին նույն մարդիկ գալիս և «ձայն» են գնում: Ընտրողը պետք է սա այլևս հասկանա և հրաժարվի այսպիսի գործարքներից: Հուսով եմ, որ արաբկիրցիները թույլ չեն տա, որ մեկ օրվա սննդի կամ մի քանի կիլոգրամ երշիկի գումարով, այն էլ` ժամկետանց երշիկի, գնեն իրենց ձայները` հինգ տարի ժամկետով:

 

 

–         Հայաստանում կանանց նկատմամբ դեռևս խտրական վերաբերմունք է նկատվում:

 

 

–         Հայաստանում, ինչպեսև շատ այլ երկրներում նման կարծրատիպ կար, որ կինը պետք է լինի խոհանոցում և զբաղվի միայն տան հոգսերով: Աշխարհը փոխվել է, փոխվում է ամեն օր: Հայաստանում ևս հետզհետե սկսում են այլ կերպ մտածել. այդ մոտեցումը բավականաչափ նահանջել է: Կանայք ընդգրկված են և´ բիզնեսում, և´ քաղաքականության մեջ, և հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում: Պարզապես կանանց համերաշխությունն է պակասում. Հայաստանում տղամարդիկ ավելի համերաշխ են միմյանց նկատմամբ: Լավ կլինի, որ կանայք էլ համերաշխ լինեն և միմյանց աջակցեն: Կանայք կարող են կարևոր դերակատարում ունենալ քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրների լուծման գործում:

 

 

–         Քաղաքացիները ծանոթ են Սաթիկ Սեյրանյան խմբագրին, իսկ ինչպիսի՞ն է լինելու Սաթիկ Սեյրանյան քաղաքական գործիչը:

 

–         Լինելու է այնպիսին, ինչպիսին եղել է և կա որպես լրագրող, խմբագիր և որպես քաղաքացի:

 

–         Վերջերս երեխա եք լույս աշխարհ բերել, կարծես թե այդ հանգամանքը դժվար է կապվում  քաղաքական ակտիվության հետ…

 

 

–         Մեր տղան` Արամը, մեր կյանքի ամենալուսավոր կետն է: Երեխայի ծնունդն իսկական հրաշք է, սակայն միաժամանակ քեզ դարձնում է անհամեմատ ավելի պատասխանատու` ամեն ինչի, ցանկացած քայլի հանդեպ: Սկսում ես վերանայել ամեն ինչ: Երեխայի ծնունդը նաև տարբեր վախեր է առաջացնում: Ասեմ ամենապարզ, մարդկային, մայրական բառերով` ուզում եմ, որ իմ երեխան նորմալ երկրում ապրի: Ուզում եմ, որ լավ դպրոցում սովորի, առողջ հասարակության մեջ ապրի, լավ մարդկանցով շրջապատված լինի… Երբ այս ամենի մասին մտածում ես` ակամայից հարց է ծագում. իսկ էլ ի՞նչ կարող եմ անել այդպիսի Հայաստան ունենալու համար: Արդյոք պե՞տք է թույլ տամ, որ այս վիճակը շարունակվի, որ գրեթե ոչ տառաճանաչ մարդիկ գան իշխանության և օրենքներ գրեն, որոշեն մի ամբողջ հասարակության ճակատագիրը: Երեխայի ծնունդով ես նոր ուժ ստացա, հասկացա, որ որպես այս երկրի նկատմամբ ոչ անտարբեր մարդ` ես պետք է քայլ կատարեմ: Եվ ակամայից նպաստավոր բոլոր պայմանները ստեղծվում են` դրա իրականացման համար: Ինչ վերաբերում է երեխայի խնամքին, ապա ավագ քույրս ինձ օգնում է. մենք 4 երեխա ենք ընտանիքում, և բոլորս միմյանց միշտ օգնում ենք, թև-թիկունք ենք լինում: Մեծ քույրս Արամի ծննդյան առաջին իսկ օրից իմ կողքին է: Ես կարողանում եմ համատեղել թերթի հետ կապված որոշակի աշխատանքներ ու երեխայի խնամքը, խոհանոցը: Առաջին հերթին որպես մայր ես երեխայիս համար ուզում եմ անել ավելին, քան միայն մայրական խնամքն ու հոգատարությունը: Քանի որ գիտեմ` Հայաստանում այսօր կան հազարավոր երեխաներ, որ նույնիսկ տարրական խնամքի հնարավորությունից են զրկված:

 

Զրուցեց ՝Արման Ղարիբյանը

 

 

 

P.S. Մեր զրույցը տեղի էր ունեցել մինչ այն պահը, երբ հայտնի դարձավ, որ թիվ 4 ընտրատարածքում վեց թեկնածու է առաջադրվել: Այնպես որ, Արաբկիրում թեժ պայքար է սպասվում, այդ թվում կին թեկնածուների  միջև՝ այստեղ է առաջադրվել նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:  

 

 

Դիտումների քանակը` 8445

Վերադառնալ վերև