Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սելեկտիվ աբորտներ եւ չգրանցված ծնունդներ. ի՞նչ է առաջարկում օմբուդսմենը

 

«Հայաստանում սելեկտիվ աբորտների հետևանքով արձանագրված սեռերի համամասնության լուրջ շեղումների պատճառով, ըստ ոլորտի մասնագետների` արդեն շուրջ 15 տարի անց հայ տղաները կողակից գտնելու բարդ խնդրի առաջ կկանգնեն, քանի որ նրանց թիվը մի քանիսով կգերազանցի հայ աղջիկների թվին: Կատարված հետազոտությունները պարզել են, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի շուրջ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանցից մոտ 7200-ը կանխել են հատկապես  աղջիկ երեխաների ծնունդը` աբորտ անելով» : Այս մտահոգությունը , ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, ներկայացված  է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, որը օգոստոսի սկզբին Կարեն Անդրեասյանը տրամադրել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեին:

 

 

Զեկույցը, որում համապարփակ ներկայացված է Հայաստանում Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարմա ն վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև մտահոգություններ ոլորտում առկա խնդիրների շուրջ կոմիտեն կքննարկի 2013թ-ի հունվարին: Ընդ որում երկարամյա դադարից հետո, քանի որ վերջին նմանատիպ հաշվետվությունը ներկայացվել է դեռևս 2004թ-ին:

 

 

Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդրին Կ.Անդրեասյանը, մասնավորապես, մատնանշում է, որ հետազոտությունները պարզել են նաև, որ հարցվածների մեծ ամսը, ովքեր նախընտրում են տղա երեխա ունենալ, դա պատճառաբանում են «ցեղը շարունակելու, ազգանունը կրելու հանգամանքով: Իսկ ի՞նչ է առաջարկում այս իրավիճակի լուծման համար Հայաստանի օմբուդսմենը, որն էլ կքննարկվի բարձր ատյանում:

 

Նախ, Կ.Ադրեասյանի համոզմամբ, անհրաժեշտ է վերացնել կանանց նկատմամբ առկա խտրականությունը և քայլեր ձեռնարկել հասարակության մեջ կանանց դերի բարձրացման ու գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ: Բացի այդ, հասկանալի է, որ խնդիրը լուծում չի ստանա, եթե համապատասխան փաստաթղթային փոփոխություններ չկատարվեն, օրինակ, իրավական ակտերում:

 

Մասնավորապես, առաջարկվում է այդ փոփոխություններով արգելել երեխայի սեռի կանխորոշումը, եթե դա անհրաժեշտ չէ կանխելու սեռով պայմանավորված ժառանգական հիվանդությունները, կամ սեռը հայտնել հղիության այնպիսի շրաջանում, երբ առանց հատուկ բժշկական ցուցումի հղիության արհեստական ընդհատումը արգելվում է (հիշեցնենք, որ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված չէ, սակայն համաձայն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի այն թույլատրվում է միայն մինչև հղիության 12-րդ շաբաթը):

 

 

Զեկույցում առանձին ենթաբաժնով Հայաստանի օմբուդսմենը բարձրաձայնում է չգրանցվող ծնունդների խնդիրը.

 

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանում դեռևս հանդիպում են երեխայի ծնունդը չգրանցելու դեպքեր: Իհարկե, նախորդ տարիների համեմատ այն զգալիորեն նվազել է, սակայն դեռևս նման երևույթներ կան`  հատկապես հեռավոր շրջաններում: Ծննդի չգրանցման պատճառները տարբեր են՝ ծնողների մոտ անձը հաստատող փաստաթղթերի բացակայությունը և դրանք ձեռք բերելու դժվարություններ,, տնային ծննդաբերություններ, որոնք հետագայում չեն գրանցվում, ծնողների կողմից ծննդի գրանցման կարևորությունը չգիտակցելը և այլն: Ավելորդ է ասել, որ երեխայի ծնունդը չգրանցելը ոչ միայն անօրինական է, այլև զրկում է երեխային լիարժեք քաղաքացի լինելուց ու պետության կողմից պաշտպանված քաղաքացի մեծանալու հնարավորությունից, նաև  ազատ տեղաշարժվելու, քանի որ ծննդի չգրանցելը նպաստում է երեխային բռնի կերպով տեղափոխելուն, ինչի հետևանքով մեծ է ռիսկը, որ օրերից մի օր այդ երեխան կդառնա թրաֆիքինգի զոհ»:

 

 

Այս խնդրի լուծման ճանապարհին էլ ևս ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում  ՀՀ օրենսդրության մեջ որոշ հստակ մեխանիզմների ներդրում ու օրենսդրական փոփոխություններ, քանի որ որքան էլ աբսուրդ չհնչի, բայց  Հայաստանում բացակայում է ծննդյան վկայան չունեցող երեխաների վերաբերյալ հաշվառված միասնական վիճակագրական տվյալներ և այդ երեխաներով զբաղվում են միայն հասարակական կազմակերպությունները:

 

 

Ի դեպ, մատնանշվում է, որ չգրանցված ծնունդների ամենաբարձր ցուցանիշը Երևանում է և որքան էլ զարմանալի է, բայց մեծ մասամբ ծննդյան վկայական չունեն այն երեխաները, որոնք մեծանում են ընտանիքներում և ոչ թե խնամակալ հաստատություններում.

 

«Այդպես, հայտնաբերված երեխաների 86.8 տոկոսը բնակվում են ընտանիքներում և միայն 8.9 տոկոսն է, որ բնակվում է մանկատանը, իսկ 4.1 տոկոսը հաճախում է գիշերօթիկ կամ հատուկ տիպի հաստատություններ»,- զեկույցում, մեջբերելով 2009թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայ օգնության միութան (ՀՕՄ) ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի անմիջական ֆինանսական աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքները, որը հայտնաբերել էր այդպիսի 145 երեխա բարձրաձայնում է պաշտպանը:

 

 

Ի՞նչ է առաջարկվում այս իրավիճակը շտկելու համար: Նախ, հարկ է ՀՀ օրենսդրությամբ ամրագրել դրույթ այն մասին, որ ծննդաբերած կինը բժշկական հաստատությունից դուրս է գրվում միայն երեխայի ծննդականը ներկայացնելու դեպքում  ու սահմանել, որ համայնքի ղեկավարները միջոցներ են ձեռնարկում բժշկական հաստատությունից դուրս տեղի ունեցած ծնունդները, այսինքն տնային ծննդաբերությունները բացահայտելու և երեխայի ծնունդը գրանցելուն աջակցելու ուղղությամբ: Ինչպես նաև առանձնահատուկ դերակատարում վերապահել հասարակությանն ու հենց կանանց` բարձրացնելով հանրային իրազեկությունը երեխայի ծնունդը օրենքով սահմանված կարգով գրանցելու անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ:

 

 

Նշենք, որ այս և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ ներկայացված ՄԻ պաշտպանի զեկույցի դրույթները քննարկվելուց հետո կարժանանան կոմիտեի դիտողություններին ու առաջարկություններին (դրանում անդրադարձ կա նաև հաշմանդամ երեխաների իրավունքների օրենքով պաշտպանության անհրաժեշտությանն ու պատկան մարմինների թերացման խնդրին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրներին, երեխաների կրթություն ստանալու իրավունքի ոչ լիարժեք իրականացմանը և այլն): Քննարկմանը բացի ՄԻՊ Կարեն Անդրեասյանից ներկա է լինելու նաև Կառավարության ներկայացուցիչը. ի վերջո  դիտողությունները, առարկություններn ու առաջարկությունները, որ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն կմատնանշի, հասցեագրված են հենց մեր պետությանը:

 

   Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 2863

Վերադառնալ վերև