Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիրիահայ փախստականները Հայաստանում. հետազոտություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հետազոտություն է անցկացրել այս տարվա օգոստոսին   Սիրիայից տեղահանված  եւ Հայաստանում ապաստան գտած  սիրիահայերի խնդիրների վերաբերյալ:

 

Հետազոտությունը նպատակ ունի վերհանել խնդիրները, գնահատել կարիքներն ու բացթողումները, ներկայացնել սիրիահայերի բնակեցման, ինտեգրման համար առկա ներուժը, բացահայտել արտաքին ու ներքին մարտահրավերների հնարավոր ազդեցություններն այդ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ սիրիահայերի տնտեսական ինտեգրման համար: Զեկույցի առաջնային նպատակը տնտեսական ինտեգրումն է,  սիրիահայերի զբաղվածության հիմնախնդրի լուծմանը ու նրանց  բարեկեցությանը նպաստելն է:

 

Զեկույցի հեղինակներն անդրադառնում են մի շարք գործոններին, որոնք բնութգրում են  Սիրայաից տեղահանվածներին. ապրուստի միջոցները, առողջական վիճակը,  ճամփորդության դժվարությունները …

 

Հարցումների արդյունքում եկել են եզրակացության, որ Սիրիայից նոր եկածներն ամենևին լավատես չեն այդ երկիր վերադառնալու հարցում, ավելի կարիքավոր են ու թույլ առողջություն ունեն: Հետազոտության հեղինակները մտահոգություն են հայտնում, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական անկումը կարող է բացասաբար անդրադառնալ ռեսուրսների ու ծառայությունների մատչելիության ու հասանելիության վրա այն ժամանակ, երբ դրանց կարիքն առավել շատ է զգացվում:

 

ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալներով, մինչ Սիրիայում պատերազմ սկսելը 100 հազար հայ է ապրել, որից 60 հազարը Հալեպում, մյուսները՝ Քեսաբում, Դամասկոսում, Ղամիշլիում և այլ բնակավայրերում:

 

Ըստ զեկույցի,  Հալեպի 60 հազարանոց հայ համայնքից 15 հազարից էլ քիչ մարդ է այնտեղ մնացել: Ակնկալվում է, որ նրանք էլ առաջիկայում կլքեն Հալեպը: Նրանք այնտեղ մնում են մի քանի պատճառներով՝  աշխատանքը, ընտանեկան ունեցվածքը, տարեց են կամ էլ շատ հիվանդ:  Սիրիայում պատերազմ սկսելուց հետո առաջին երկու տարիներին Սիրիայում մնացածները գումար էին ուղարկում Հայաստան մեկնած ընտանիքի անդամներին, հիմա հակառակն է, Հայաստանում ապրողները Սիրիայում մնացածներին են օգնություն ուղարկում:

 

ՄԱԿ-ի ՓԳՀ-ի տվյալներով  2015թ. հուլիս դրությամբ 13.000 սիրիահայ մնացել և պաշտպանություն է գտել Հայաստանում: Կառավարությունը նրանց տրամադրում է պարզեցված կարգով քաղաքացիության ձեռքբերման հնարավորություններ (15.000 անձինք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն), ապաստանի դիմումների արագացված քննում և արագացված կարգով մուտքի վիզաներ, միջին և երկարատև կացության կարգավիճակ:

 

Արտաքին գործերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն,  հակամարտության սկզբից ի վեր 17.000 Սիրիայի քաղաքացի է ժամանել Հայաստան, որոնք մեծամասամբ էթնիկ հայեր են:

 

ԱԳՆ տվյալներով, Երևանի միջազգային օդանավակայաններն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Մերձավոր Արևելիքց եկած ավելի քան 1000 սիրիահայ են ընդունել: Սիրիայից Երևան ուղիղ չվերթների արժեքը կրկնապատկվել է, մեծ պահանջարկն ազդեց գնագոյացման վրա, գների բարձրացման միտումը պահպանվում է: Բացի այդ երկու ընկերություններ դադարեցրեցին դեպի Հայաստան թռիչքները:  Օդային ճանապարհով Երևան հասնելը հեշտ էր մինչև 2013 թվականը: Թուրքիայի սահման հատելուց հետո նրանք խնդիրների առաջ էին կանգնում, հիմա նախընտրում են Հալեպից Լիբանան մեկնել:

 

Զեկույցի հեղիկնակներն անդրադառնում են առնվազն 35 միջզգային եւ տեղկան կազմակերպությունների ործունեությանը, որոնք օգնություն են ցուցաբերում  Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին:  Դրանցից շատերը ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր կազմակերպություններն են:

 

Մասնավորոպես, նշվում է, որ 2014թ-ից սկսած մինչև 2015թ. հուլիսը «Սիրիա՝ տարածաշրջանային հրատապ օգնության պլան»-ի կողմից հատկացված ֆինանսական միջոցների շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն գործընկերների հետ մի շարք ծրագրեր է իրականցրել.

 

1.         բնակարանների վարձակալման ծախսերի փոխհատուցում (730 ընտանիք)

2.         հրատապ ֆինանսական աջակցություն (840 ընտանիք)

3.         սննդամթերքի բաշխում և ինտեգրացիոն ճաշարան (շուրջ 600 կարիքավոր ընտանիք)

4.         մարդասիրական աջակցություն (1000 ընտանիք)

5.         հոգեբանական աջակցություն, դեղորայք և բուժօգնություն (2100 անձ)

6.         իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն (4100 անձ)

7.         իրազեկվածության բարձրացման, միջմշակութային, սպորտի և արվեստի, երեխաների և երիտասարդների համար նախատեսված կրթության ոլորտի ծրագրեր, ցուցահանդես-վաճառքներ և բարեգործական տոնավաճառներ  (մոտ 4150 անձ) և այլն:

 

Հետազոտության մեջ նշվում է նաեւ, թե Հայաստանի որ պետական մարմինը ինչ գործառույթներ է իրականացնում սիրիահայերի խնդիրների կարգավորման առումով:

 

Եզրակացության մեջ նշվում է, որ պարբերաբար պետք է վերանայվի ինտեգրման ծրագիրը, քանի որ աշխարհում  փոփոխություններն արագ են տեղի ունենում:

 

Հայաստանում նոր ապագա կառուցելու ակնկալիքներն իրականացնելու համար զեկույցի հեղինակները առաջարկում են հաճախակի՝ ամենամսյա պարբերականությամբ հանդիպումներ անցկացնել՝ քննարկելու գործընթացի շարունակման ուղիները:

 

Զեկույցում առաջարկվում է մեծացնել համայնքի դերը և դերակատարների  թիվը, հատկապես ծառայությունների պլանավորման ընթացքում, որպեսզի նրանք կարողանան կառուցել սեփականության իրավունքի ամուր հարթակ, կարողանան գործուն մասնակցություն ունենալ տնտեսական կյանքում՝ դրանով իսկ ինտեգրվելով հայ հասարակության մեջ:

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3822

Վերադառնալ վերև