Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սոֆի Մեհրաբյան. «Ապահովիր քո աճը ամեն օր մեկ տոկոսով, ամեն օր նոր բան սովորիր»  

 

Սոֆի Մեհրաբյանը 30 տարուց ավելի է, ինչ աշխատում է ՏՏ ոլորտում՝ հավատարիմ մնալով  իր կրեդոյին. երբեք կանգ չառնել, չդադարել սովորել, միշտ շարժվել դեպի առաջ …  Իր աշխատանքային կարիերան սկսել էր որպես  ծրագրավորող Մաթեմատիակական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, սակայն  Խորհրդային Միության փլուզումից հետո գործազուրկ դարձավ, մեկնեց Միացյալ Նահանգներ: Այնտեղ 4 տարի ծրագրավորող աշխատելուց հետո, որոշեց վերադառնալ Հայաստան ու հայրենիքում փոփոխությնների հասնել:  Այսօր Սոֆի Մեհրաբյանը  «Մակադամիան Հայաստան» ընկերության գլխավոր տնօրենն է: Ընկերությունը ՏՏ ոլորտում հայտնի կանադական Macadamian Technologies ընկերության մասնաճյուղն է, հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է ծրագրային ապահովմամբ: Ընկերությունն այսօր շուրջ 70 աշխատատեղ է ապահովում Հայաստանում:

 

-Ձեր ղեկավարած ընկերությունը նորարար գաղափարներ է առաջ տանում, մի փոքր մանրամասնեք, ինչո՞վ  եք կոնկրետ զբաղվում:

 

-Մենք մասնագիտակցված ենք էլեկտրոնային առողջապահության ոլորտում: Պատրաստում ենք ծրագրային ապահովման գործիքներ, որոնք թեթևացնում են առողջապահության ոլորտի աշխատողների հոգսը, թույլ են տալիս կենտրոնանալ բուժման վրա: Մեր ծրագրերից մեկն, օրինակ, թույլ է տալիս ամբողջ թղթաբանությունն էլեկտրոնային համակարգով վարել` ընդունարանից մինչև հիվանդության պատմություն: Սա թվային առողջապահությունն է`  Digital Health-ը: Մեր մյուս ուղղությունը Conected Health-ն է` մի նոր ոլորտ, որը թույլ է տալիս  աշխատել մոնիթորինգային սարքերի հետ: Ստեղծում ենք սարքեր, որոնք, օրինակ, անկողնային հիվանդին հնարավորություն են տալիս տնից պահպանել բժշկի հետ կապը, բժիշկը սարքի միջոցով  հսկում է նրա վիճակը: Աշխատում ենք Ամազոն Ալեքսա կոչվող սարքի հետ, որը հիվանդին հնարավորություն է տալիս խոսել սարքի հետ: Ալեքսան հուշում է հիվանդին, թե ինչ անել այս  կամ այն խնդրի ժամանակ, օրինակ ճնշման տատանում և այլն: Դիաբետով հիվանդների համար մեր մշակած  Իմ դիաբետի մարզիչը ` My Diabetes Coach-ը,  վերջերս որպես ինովացիոն պրոդուկտ միջազգային մրցանակ  ստացավ: Սարքը Ալեքսայի միջոցով հիվանդին ցուցումներ է տալիս: Մեր շուկան ԱՄՆ-ում և Կանադայում է, իհարկե գործընկերներ ունենք նաև Եվրոպայում:

 

 

Ինչպիսին է Ձեր հիմնական առաքելությունը որպես ղեկավարի:

 

– Ղեկավարը պետք է անի ամեն ինչ, որ աշխատողն ավելի զարգանա, միշտ պետք է հարթի աշխատողի ճանապարհը, որ նա ավելի լավը դառնա ու աճի: Դա իհարկե, երկու կողմ ունի, որովհետև լավ աշխատողը բիզնեսի տեսնակյունից լավ ներդրում է, բայց միևնույն ժամանակ դա շատ ավելի կարևոր պետք է լինի հենց աշխատողի համար: Կարծում եմ, Հայաստանում գործող մյուս  ՏՏ   կազմակերպություններից մենք տարբերվում ենք ոչ միայն մեր մասնագիտացվածությամբ,  այլև մեր մշակույթով, քանի որ  կարևորում ենք մեր բոլոր աշխատակիցների աշխատանքը և կյանքը բալանսավորված պահելու անհրաժեշտությունը: Իմ կարծքիով կառավարման ամենակարևոր հանգամանքը հենց սա է, որովհետև երջանիկ աշխատողը շատ ավելի արդյունավետ է,քան  աշխատողը, որը դժգոհ է: Ես չեմ համարում ինձ կանոններից դուրս կամ բացառիկ, որովհետև կին ղեկավար եմ` ի՞նչ կապ ունի` տղամարդ ես, թե կին,  նախ և առաջ մասնագետ եմ:

 

 

-Այդուհանդերձ, ՏՏ ոլորտում կին ղեկավարներ շատ չեն հանդիպում:

 

Գիտեք, ինձ շատ են հարցնում, թե ինչ բարդություններ կան կին ղեկավարի համար: Այդ հարցին շատ դժվար է պատասխանել, որովհետև ես որևէ դժվարություն չեմ զգում: Իհարկե, կանայք և տղամարդիկ,  տարբեր են, բայց աշխատանաքում ես երբևէ սեռական խտրականություն չեմ զգացել, ընդհակառակը, միշտ զգացել եմ հարգանք բոլորի կողմից: Ի դեպ, հիմա Հայաստանում անգամ ՏՏ ոլորտում, որը  ավանդաբար տղամարդկային ոլորտ է համարվում,  կանայք և աղջիկները շատացել են: Իմ կազմակերպությունում աշխատողների շուրջ 40 տոկոսը կանայք են, ովքեր իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ունակություններով ոչ պակաս են, քան տղամարդիկ, եթե ոչ ավելին: Հատկապես աշխատասիրությունն ու նվիրվածությունը աշխատանքում բնորոշ է կանանց:

 

Կարո՞ղ ենք այսել, որ այսօր Հայաստանում կանայք ՏՏ ոլորտում հավասար մրցակցային պայմաններում են գտնվում: Գաղտնիք չէ, որ կանայք հաճախ ավելի ցածր են վարձատրվում:

 

-Մեր կազմակերպությունում կանայք և տղամարդիկ նույն աշխպատավարձն են ստանում, նույն հարցազրույցով ընդունվում են աշխատանքի: Մենք աշխատող ընտրելիս, երբեք չենք նայում` կին է, թե տղամարդ: Հիմա մեր ոլորտում աղջիկները ստանում են բարձր աշխատավարձ : ՏՏ ոլորտն այդ առումով շատ առաջադեմ ու դեմոկրատ է:

 

 

Իսկ ընհանրապես, ինչպիսի խոչընդոտներ եք տեսնում կանանց դեպքում մեր հասարակության մեջ:

 

-Ընդհանրապես,  կնոջ վիճակն ամբողջ աշխարհում ավելի բարդ է` չնայած 21-րդ դարում կին-տղամարդ սահմանը աստիճանաբար կորում է, բայց կանաք բացի աշխատանքից, կարիերայից, նաև տանը շատ հոգսեր ունեն, ավելի մտահոգ են երեխաների դաստիարակությամբ: Ես կարծում եմ, եթե կնոջ կողքին  ճիշտ տղամարդ է, որը օգնում է նրան, կիսում է ընտանիքի, տան բեռը կնոջ հետ, ապա կինը հաջողությամբ կարող է աշխատանքն ու ընտանիքը համատեղել: Մարդկանց  մտածելակերպն ու կյանքի նկատմամբ մոտեցումները պետք է շտկվեն.  կինը նրա համար չէ, որ ամբողջ օրը միայն լվացք անի կամ ճաշ եփի: Հիմա, իհարկե, ճահճացած վիճակից կանայք դուրս են գալիս, բայց, իդեալական կլինի, որ կանայք և տղամարդիկ նույն ներդրումն ունենան իրենց ընտանեկան կյանքում: Այդ բալանսն այժմ մի փոքր շեղված է, թեև դեպի դրան ենք գնում: Օրինակ, ես տեսնում եմ, որ մեր կազմակերպությունում աշխատող կանայք ունեն ամուսիններ, որոնք կիսում են ընտանիքի ու երեխայի հոգսերը: Գովելի է, որ նոր սերունդը բալանսավորում է այդ խնդիրը: 

 

 

Ինչպե՞ս ծրագրավորող դարձաք, չէ որ դա էլ որո չափով կարծրատիպերի հաղթահարում էր պահանջում: Ո՞րն է եղել Ձեր հաջողության գրավականը

 

-Ես մանկուց եմ հետաքրքրվել տեխնոլոգիաներով, ծնողներս մոտ էին այս մանսագիտությանը, երևի կանխորոշված էր: Ամեն մարդ ինքն է կերտում իր ուղին : Կարևորը` ունենալ նպատակ, եթե ունես նպատակ, պետք է քայլեր ձեռնարկես դրան հասնելու համար, ամեն օր ճանապարհը հարթես, ունենաս գործողությունների պլան, կարողանաս հստակ ժամկետներ դնել: Եթե ամեն օր աշխատում ես, անհնար է չհասնել նպատակիդ: Երևի բարձրաշունչ  հնչի, բայց անկումներ շատ չեմ ունեցել, որովհետև միշտ հավատացել եմ, որ իմ ապագան կախված է իմ գործողություններից: Արել եմ այն , ինչ պետք է անեի: Չես կարող հիասթափվել ինքդ քեզնից, եթե շարժվում ես առաջ, դա է իմ կյանքի կրեդոն: Այսօր կյանքը շատ է արագացել, մանավանդ ՏՏ ոլորտում, եթե մի փոքր թուլացար, այլևս չես հասնի: Ամերիկյան մի արտահայտություն կա` «long life learning», սովորել ամբողջ կյանքի ընթացքում, կարծում եմ, շատ կարևոր գաղափար է: Ամենաոգեշնչող բանն է, երբ դու ամեն օր ինչ-որ բան ես սովորում: Մեր կազմակերպությունում այսպիսի մի կարգախոս կա` ամեն օր՝ մեկ տոկոս, այսինքն, ապահովիր քո աճը ամեն օր մեկ տոկոսով, ամեն օր նոր բան սովորիր: Դա մի չքնաղ զգացողություն է.  ես մինչև հիմա փորձում եմ սովորել , ամեն ինչ` սկսած լեզուներից, երաժշտությունից, մինչև սպորտ: Հինգ  տարի առաջ լող եմ սովորել, ուզում եմ պարի գնալ, նվագել… Պետք է միշտ շարժման մեջ լինել, միշտ զարգանալ: Դա երջանկություն է, երջանկության հիմքում, կարծում եմ, սովորելն է: Երջանիկ լինելով կարող ես աշխարհը փոխել, իսկ դրա կարիքը մենք շատ ունենք:

 

 

Իսկ ի՞նչ կարողացաք փոխել Դուք և դեռ ի՞նչ կցանկանաք փոխել Հայաստանում:

 

-Կցանկանամ շատ բան փոխել, բայց դրա համար շատ տարիներ են հարկավոր և երևի մենակ չես կարող անել դա:  Իմ կարծքիով, ես իմ յուրահատուկ, փոքրիկ ներդումն արել եմ Հայաստանում: Երբ վերադարձա Միացյալ Նահանգներից, Հայաստանը շատ տխուր վիճակում էր: Որոշել էի, որ այստեղ ինչ-որ փոփոխություն պետք է անեմ: Ինձ համար ակնհայտ  էր, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկության ոլորտի նման, լինելու է առաջնահերթ և պահանջված, երբևէ չի կորցնելու իր արդիականությունը և բոլոր ոլորտները ՏՏ լուծումների կարիքն են ունենալու: Այսօր ես  ունեմ մի կազմակերպություն, որտեղ առաջնայինը վստահությունն է: Մենք ընտրում ենք մարդկանց ովքեր ոչ միայն մասնագիտական ներդրում կունենան, այլև հավատարիմ կլինեն մեր գաղափարներին: Կարծում եմ, որ ինձ հետ շփվող մարդիկ մի քիչ փոխվում են, համեմայն դեպս ես դրա մասին լսում եմ, երբ աշխատողներս հեռանում են այլ կազմակերպություն կամ այլ երկիր:

 

 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

Լուսանկարները ՝ News.uite.org

Դիտումների քանակը` 406

Վերադառնալ վերև