Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սվետլանա Ջաղացպանյան. «Հաջողությունը մեկ-մեկ այնպիսի տեղից է գալիս, որ չես էլ սպասում»

Մի քանի տարի է, ինչ վանաձորցի Սվետլանա Ջաղացպանյանը հայրիկի հետ մշակել է նոր տիպի այրման շարժիչի մոդելը: Այն  ծախսելու է 2.5 անգամ քիչ վառելիք, ինչի արդյունքում ոչ միայն վառելիքի խնայողություն է լինելու, այլև նույնքան անգամ նվազելու է շրջակա միջավայրի աղտոտվելու հավանականությունը:

 

Մասնագիտությամբ ծրագրավորող Սվետլանան  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերի համար ուրախ լինելով հանդերձ, վստահ է, Հայաստանում պետք է մեծացնել ուշադրությունը նաև ինժեներական ոլորտի նկատամամբ:  Սվետլանայի խոսքով նոր շարժիչ ստեղծելու գաղափարը վաղուց կար: Հայր ու դուստր գաղափարը թղթին հանձնելուց առաջ ուսումնասիրել են աշխարհի փորձն ու պարզել. այս կամ այն հատկանիշով նման գաղափարների առաջարկներ աշխարհի տարբեր անկուններում հնչել են, սակայն համապարփակ կոնցեպտի առաջարկ չի եղել:  «Մեքենաների 90 տոկոսը ներկայումս օգտագործում է ներքին այրման մխոցավոր շարժիչ,  10 տոկոսը՝ ռոտորային Վանկելի շարժիչը: Վանկելինը հզոր շարժիչ է ու ունի մի շատ առավելություններ ներքին այրման մխոցավոր շարժիչի նկատմամբ, բայց դրա հետ մեկտեղ ունի մի շարք թերություններ, որոնք մինչ այժմ չեն կարողացել ուղղել: Օրինակ՝ գերտաքացման խնդիրը»,-  պարզաբանում է Սվետլանան:

Ջաղացպանյանների ստեղծած շարժիչը ևս պատկանում է ռոտորային շարժիչների դասին: Հեղինակները վստահ են՝ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այն չի ունենալու ռոտորային Վանկելի շարժիչի մոտ առկա թերությունները.  2.5 անգամ քիչ վառելիք է ծախսելու , նաև նույնքան անգամ նվազելու է շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

 

Չնայած նրան, որ հայր ու դուստր վաղուց արդեն ունեն իրենց ստեղծած շարժիչի արդյունավետությունն ու էֆեկտիվությունը հաստատող բոլոր հաշվարկներն ու հիմնավորումները, ծրագիրը դեռևս կյանքի չի կոչվել: Պատճառն ըստ հեղինակների երկարաժամկետ ու մեծ ներդրումների անհրաժեշտությունն է:

 

«Անհրաժեշտ է մոտ 100.000 դոլար, որպեսզի շարժիչի առաջին երկու նախատիպը պատրաստվի, թեստատվորվի: Դա կարող է տևել մեկ տարի, որի ընթացքում որևէ եկամուտ  չի լինելու: Մեր կանխատեսումներով հաջորդող երկու տարիներն էլ  ծառայելու են բանակցությունների, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Հետո միայն հնարավոր կլինի մտածել  շահույթ ստանալու մասին: Մեր նախագիծը երկարաժամկետ ներդրում է պահանջում, իսկ Հայաստանում կողմ են արագ եկամտաբերություն ապահովող բիզնեսին»,- ասում է Սվետլանան:

 Ջաղացպանյանները  շարժիչի մոդելի հիմքի վրա մշակել են նաև կոմպրեսորի մոդելը: «Այն ավելի մատչելի է. դրա ստեղծման համար մոտ 10.000 դոլար է անհրաժեշտ: Ես տարբեր մրցույթների ու ծրագրերի մասնակցելիս նախ և առաջ հենց կոմպրեսորի գաղափարն եմ առաջ տանում, քանի որե թե փորձարկվի ու կոմպրեսորն աշխատի, ապա շարժիչն էլ կաշխատի:Կոմպրեսորներն օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում՝  կենցաղային տեխնիկայից մինչև գազալցակայաններ»,- նշում է Սվետլանան:

 

 Շարժիչի գյուտն արտոնագրվել է Հայաստանի մտավոր սեփականության գործակալության կողմից: Գյուտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել  պետական տարբեր ատյաններից: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն կատարած այցի ժամանակ նախագծին ծանոթացել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու խոստացել աջակցել: Գյուտին ծանոթ է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում Ջաղացպանյաններին ընդունել են, քննարկել նախագիծն ու որոշել շարունակել բանակցությունները ծրագրի բիզնես պլանը ներկայացնելուց հետո: Նախագահի ուշադրությունը բարձր գնահատելով հանդերձ, Սվետլանան ասում է. «Նախարարությունում հարցը քննարկվելուց հետո ամբողջ մենեջմենթի աշխատանքը, բիզնես պլան գրելը կրկին մնացել է միայն մեզ վրա: Դա շատ լուրջ, աշխատատար,  մեծ բիզնես պլան է… Ես ակնկալում էի, որ մենք բոլոր փաստաթղթերը կտրամադրենք նախարարությանը, որտեղ կաջակցեն, կկազմավորվի թիմ, որը կզբաղվի այդ ծրագրի մենեջմենթով»:

 

 

Չնայած ծրագրի կյանքի կոչման ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտներին, Սվետլանան վստահ է՝ վաղ թե ուշ հաջողելու են:  «Հաջողությունը մեկ-մեկ այնպիսի տեղից է  գալիս, որ չես էլ սպասում: Կարևորը՝ երբեք հույսդ չկտրես»:

 

Ի դեպ, 2016թ.-ին Ջաղացպանյանները հաղթող են ճանաչվել Հայաստանում անցկացվող կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված նորարարական մրցույթում, զբաղեցրել են երկրորդ մրցանակային տեղն ու ևս երկու թիմի հետ միասին նվաճել էստոնիայում անցկավելիք միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունքը:

 

 Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 946

Վերադառնալ վերև