Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ստելլա Աղաջանյան. «Համոզված եմ՝ հաղթելու ենք»

Ստելլա Աղաջանյանը  «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու ցուցակի թերևս ամենակոլորիտային թեկնածուներից  է: Իր անձը ներկայացնելով նախևառաջ նշում է, որ երևանցի է, ծնվել է մի քանի սերունդներում լավ կթություն ստացած մտավորականների ընտանիքում, ստացել հայեցի դաստիարակություն:

 

-Ազատ մտածելու և ինքնուրույն գործելու ունակությունները դրված են իմ մեջ թե՛ գեների մակարդակում, թե՛ մեծերիս օրինակով: Ավարտել եմ Հայաստանի Գյուղատնտեսական ինստիտուտը, Սովետական Միության փլուզումից հետո՝ ԱՄՆ Հայգազյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը: Ունեմ տասնյակ տարիների աշխատանքային փորձ թե՛ որպես գինեգործ, թե՛ որպես սոցիալական ապահովագրության ոլորտի օրենսդրության առաջատար մասնագետ, թե՛ որպես գլխավոր հաշվապահ:

 

– Ինչո՞վ է  պայամանավորված  ընտրություններին  ձեր  մասնակցությունն՝  քաղաքականությամբ զբաղվելու մղումով, թե՞ Երևանի հանդեպ սիրով:

 

-Իհարկե Երևանի հանդեպ սերը, մանկությանս զվարթ հիշողությունները, Երևանը նորից ջերմ ու մարդկային դարձնելու ձգտումը գերակա են քաղաքականությամբ զբաղվելու մղումից: Բայց  լինելով ուժեղ, կամային, սկզբունքային մարդ, չեմ կարող այլևս անմասն մնալ քաղաքականությունից:

 

– Մինչ այդ երբևէ ներգրավված եղել ե՞ք քաղաքական գործընթացներին:

 

-Ոչ, երբեք և երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ: Մեծն ռահվիրա Նժդեհի խոսքերը առավել քան արդիական են. «Եղի՛ր ազատ… Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր…»: Ինձ համար իդեալ են Ժիրայր Սեֆիլյանն ու Սասնա Ծռերը, ինձ համար իդեալ են բոլոր քաղբանտարկյալները, ովքեր ազգի ու պետության շահերը վեր են դասել իրենց անձնականից ու հիմա ՀՀԿ բռնապետության բանտերում խոշտանգվում են: 2016 թվականի ապրիլյան, հուլիսյան դեպքերը, 2017 թվականի ԱԺ ընտրություն կոչված խայտառակությունը ինձ դրդեցին որպես քաղաքացի ավելի ակտիվանալ:

 

Ի՞նչն էր ոգեշնչող այս պայքարում Ձեզ համար:

 

-Ասուլիսներին ասել եմ, կրկնվեմ. վստահում եմ Զարուհի Փոստանջյանին, արդեն մեկ տասնամյակից ավելի, մենք տեսնում ենք նրա պայքարը այս հրեշավոր մախինայի դեմ, որն է  իշխող կուսակցությունը :  ՀՀԿ-ն  բոլոր բնագավառներում տապալել է ամեն-ամեն ինչ: Ասածներս լոկ մութ գույներով իրականությունը ներկայացնելու նկրտում չէ: Մենք ապրում ենք Հայաստանում, որն ուղղակի, խայտառակ ձևով՝ անկասելի արագացմամբ գահավիժում է: Տապալել են  արտաքին քաղաքականությունը, քայքայել ու ավիրել երկրի տնտեսությունը, այլանդակել արդարադատությունն ու դատական համակարգը, երկրի արտաքին պարտքը հասցրել վեց միլիարդի, այլանդակ բարքեր արմատացրել հասարակության բոլոր խավերում, բարոյալքել մարդուն և որ ամենաաններելին է՝ մարդու մեջ սպանել սեփական ուժերին հավատալու ձգտումը: Սակայն, ի հեճուկս ՀՀԿ-ի, Հայաստանում կան այնպիսի փառահեղ մարդիկ, անհատներ և ուժեր, ում մեջ չի մեռել արժանապատիվ հայը, երկրի տերն ու նրա պայծառ ապագային հավատացողը: Այդպիսի ուժ է «Երկիր ծիրանին»: Ես վստահ եմ մեր հաղթանակի մեջ, չեմ էլ կասկածում, որ մեր ժողովուրդն այն եզակին է, որը իր ողջ ներուժն օգտագործում է իր օրհասական պահերին: Համոզված եմ՝ հաղթելու ենք:

 

– «Երկիր ծիրանին» նոր կուսակցություն է, որը քաղաքական ասպարեզ բավականին շատ կին գործիչների է բերում: Ինչ կասեք  կանանց պակասը քաղաքականության մեջ  լրացնելու այդ փորձի մասին: 

-Դարեր շարունակ, մարդության պատմությունը մեզ ցույց է տալիս, որ ամենավճռական, ամենաօրհասական, ամենակարևոր պահերին կինը իր ողջ գիտակցական ու ենթագիտակցական ուժով կանգնել է տղամարդու կողքին: Կարծում եմ, հիմա այդ պահն է Հայաստանի համար և մեր կուսակցության մեջ կանանց մեծ ներգրավվածությունը վկայում է դրա մասին: Ի դեպ, ասեմ, որ բոլորս մեր ցանկությամբ ենք դիմել Զարուհի Փոստանջյանին՝ մեր պատրաստակամությունն արտահայտելով:

 

 Ինչո՞վ է կարևորվում  կանանց դերը քաղաքականության մեջ:

 

-Աշխարհը փոխվել է, կինն այսօր թե՛ գրագետ է, թե՛ բանիմաց, թե՛ ուժեղ, թե՛ սկզբունքային, թե՛ արարող: Շատ երկար կարելի է թվել: Աշխարհաքաղաքական գորընթացները տեսնելով էլ հասկանում ես, որ կինն այսօր հավակնում է որոշիչ դեր խաղալ քաղաքականության մեջ: Եվ դա ստացվում է: Ես կասեի՝ շատ ավելի լավ է ստացվում: Կինն ավելի ստեղծագործ, ջերմ ու մարդկային ելևէջներ կարող է մտցնել քաղաքականության մեջ, ինչն այսօր շա՜տ է պակասում:

 

 

Եթե Ձեզ հնարավորություն տրվի լինել ավագանիում, քաղաքականության մեջ, ապա ո՞ր կարծրատիպերը կփորձեք կոտրել:

 

– Ինձ համար եղկելի է  «գիտես ո՞վ է, ում ի՞նչն է» արտահայտությունը, ու ոչ միայն կոտրելու եմ, այլ ջարդուփշուր եմ անելու: Մարդը պիտի գնահատվի իր ունակություններով, կարողություններով, ոչ թե սրա, նրա բարեկամ, սանիկ, քավոր լինելով:

 

Ընտրապայքարը մոտեցավ իր ավարտին: Ո՞րն էր ընտրողների հետ հանդիպումներում Ձեր հիմնական ասելիքը:

 

-Երևանցին նոր ուժի, նորության կարիք ունի և արդեն վաղուց: Բազմիցս խաբված մեր ընտրողին կարող եմ ասել՝ նայեք Զարուհի Փոստանջյանի անցած ուղուն, նրա տարիների անբասիր պայքարին և հավատացեք, որ խցիկում դուք մեն մենակ եք, ոչ ոգ չի կարող ուղորդել: Դուք արժանի եք արժանապատիվ ապրելու մեր հայրենիքում:

 

Ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել Ձեզ համար, իբրև առաջնային լուծում պահանջող, որ կլինեն Ձեր օրակարգում կլինեն, եթե ընտրվեք Երևանի ավագանու անդամ:

 

– Դժվար է դրանց տարանջատումը, բայց կարևորում եմ՝ ա/բոլոր ոչ արդյունավետ ծախսերի կրճատումը, բ/ տրանսպորտի անմխիթար վիճակի վերացումը՝ էլեկտրատրասպորտի պարկի արդիականացումն ու վերազինումը, գ/ճարտարապետության, քաղաքաշինության, բնապահպանության հիմնահարցերը, որոնք խիստ անհետաձգելի են, այլևս:

 

սկ ինչո՞վ է կարևոր ավագանու դերը:

 

-Ավագանին քաղաքական մարմին է: Դա մեկընդմիշտ պիտի հիշել: Ավագանու նիստերը բազմիցս դիտել եմ, այն հիշեցնում է տխրահռչակ ՍՍՀՄ գերագույն խորհուրդը: Դրսից նայելիս էլ ակնհայտ է, որ մարդիկ այդտեղ կարծիք չեն էլ հայտնում: Խնդիրը համակարգային է: Համակարգը թաղված է կոռուպցիայի, թալանի, ստի, ուռճացրած ծախսերի, գնման գործընթացների, մեղմ ասած, խեղման, կադրերի բացարձակ հնազանդ, անհաղորդ, անտարբեր լինելու իրականության մեջ: Սրանք արձանագրված բացեր չեն միայն, սա համակարգային ֆիասկո է:

 

-Քանի որ նախընտրական քարոզչության վերջին ակորդներն են, ապա ինչպե՞ս կգնահատեք ձեր մրցակիցների  քարոզարշավային վարքագիծը Զարուհի Փոստանջյանի նկատմամբ:

 

– Տարոն Մարգարյանի կողմից վարչական ռեսուրսի տոտալ օգտագործումը, թաղային խուժանի ներգրավվածությունը, դպրոցների տնօրենների դեռ մինչև օրս շարունակվող նողկալի քարոզը, պալատամերձ պսևդոմտավորականների մերթ ընդ մերթ ելույթները՝ ի պաշտպանություն իշխողի և ոչ ի շահ ժողովրդի, թաղապետարանների ու համայնատիրությունների աշխատակիցներին ի շահ ՀՀկ-ի աշխատանքի պարտադրելը: Հեռուստաալիքներից, սոցկայքերից, ամեն սպասելի ու անսպասելի անկյուններից, ծակ ու ծուկից Տարոն Մարգարյանի դեմքը տեսնելը վկայում է համակարգի փտած, նեխած լինելու, նրա ներքին կազմաքանդող գործընթացների անկասելիության մասին: Ուղիղ եթերի մեր հրավերը չընդունելը խոսում է Տարոն Մարգարյանի անվիճելի անմրցունակության մասին, որն ակնհայտ ու ակնառու կդառնա հասարակության ավելի լայն շերտերին:

 

Նիկոլ Փաշինյանի մասին խոսել եմ ասուլիսների ընթացքում: Նա ունի քաղաքական անցյալ, որը ոչ ոք մոռանալ չի կարող, նա արդեն մուտք ուներ Ազգային Ժողով, նրա կողմնակից Ալեն Սիմոնյանը հայտարել է, որ ԱԺ ընտրությունները, իր ասածով՝ լեգիտիմ են: Պրն Փաշինյանի ավագանու ընտրություններում թեկնածություն դնելու փաստը ես դիտարկում եմ որպես ընտրապայքարի ելած երկու ակնհայտ բևեռների՝ Տարոնի և Զարուհու միջև եղած պրկվածության մեղմում, կամ գործընթացը նախապես Բ26-ի սցենարով չընթանալու դեպքում, հնարավորինս կառավարելի դարձնելու և իշխանության ուղղած ուղղությամբ տանելու աջակցություն: Ի հավելումն այս բոլորի, օրեր առաջ պրն Փաշինյանի կողմից արված 15 հազար դրամի մասին հայտարարություն-խայծը, որը գալիս է փլուզելու արդեն իսկ գոյություն չունեցող ընտրական համակարգը, մեծացնելու քաոսն ու կեղծիքը, ի նպաստ գործող իշխանության դիրքերի ամրապնդման: Ամենավտանգավորն այս ամենի մեջ ընտրողին մեկ անգամ ևս նվաստացնելն ու իրենից ոչինչ կախված չլինելու մեջ մարդու մտայնությունը խորացնելն է: Դա ազգադավ, աններելի վարք է:

 

-Ավանդական հարցը՝ ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը: Երևանը Ձեզ համար դա….

 

-Ուզում եմ վերականգնել Երևանը՝ ջերմ, մարդկային, մաքուր, անտառածածկ, ապահով ու այնքան հայկական… Երևանն ինձ համար իմ տունն է, իմ պապերինն է, իմ մանկությունն ու երիտասարդությունն է, իմ որդու քաղաքն է: Ես պայքարելու եմ Հայաստանի համար, Երևանի համար: Իմ զինակիցը կռվում, դա ես եմ, ես՝ ամենից առաջ:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 756

Վերադառնալ վերև